Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների խնդրանքով պատասխանեց նախօրեին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ խմբակցությանն ուղղված քննադատությանը, որով վերջինս, ըստ էության, կասկածի տակ է առնում ՀՅԴ-ի` ընդդիմություն լինելը:
Աղվան Վարդանյանն անընդունելի է համարում, որ ինչ-որ մեկը` լինի Նիկոլ Փաշինյանը, թե` այլ ոք, քննադատում է ՀՅԴ-ի ընդդիմություն լինել կամ չլինելը: «Թող իրենք իրենց նայեն, թե ինչ է կատարվում իրենց խմբակցությունում»,- նշեց Վարդանյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը բացատրեց, թե ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այդ քննադատությունը. ՀՅԴ-ն հայտարարել էր, որ ով դեմ է «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծին, նա պոպուլիզմով է զբաղվում, ահա` ինչու Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում:
Ըստ Աղվան Վարդանյանի` աշխատավարձերի հաշվարկման ոլորտում վերջին տարիներին եղել է խառնաշփոթ վիճակ, երբ դատական համակարգն այլ կերպ էր վարձատրվում, նախագահը` այլ կերպ, մնացածները` այլ կերպ: Վերջին վեց տարում պետական ծառայության ոլորտում քաղծառայողների համար ոչ մի լումայով աշխատավարձ չի բարձրացել: «Կողքից նայելը շատ հեշտ է, դուք խոսեք քաղծառայողների հետ, նրանց աշխատավարձերը ոչ մի կոպեկ չեն բարձրացել վերջին տարիներին: Այս օրենքը չի տարածվում մի քանի հարյուր մարդու վրա, այլ հարյուր վաթսուն հազար մարդու վրա: Ընդամենը հստակեցվել են խաղի կանոնները և հստակեցվել է վարձատրման դաշտը»,- բացատրեց պատգամավորը:
Նա նշեց, որ Դաշնակցությունը շարունակում է զբաղվել իր գործով, և երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել որևէ մեկին, նա կարող է չարաչար սխալվել: Աղվան Վարդանյանը ընկերական խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին` զբաղվել նրանով, ինչով զբաղվում է, իսկ որ Դաշնակցությունը սկզբունքային ու փաստարկված ընդդիմություն է, դրանում խորհուրդ տվեց չկասկածել: