Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով, ի դեպ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ծառուկյան-Բաղդասարյան միջադեպից տեղյակ է այնքանով, որքանով գրել են լրատվամիջոցները: Միջադեպին Գեւորգյանը բացասական է վերաբերվում:
«Ցանկացած նորմալ մարդու վերաբերմունքն այդ միջադեպին պետք է լինի բացասական, որովհետեւ հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյաներին փողոցային խոսակցություն վարելը, թեկուզ` տղամարդկային վեճը»,-ասաց Գեւորգյանը:
Նա կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի փոխարինումը Արթուր Բաղդասարյանով` Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, դրական արդյունք կտա:
«Տեղյա՞կ ենք վոլեյբոլի մասին ինչ որ դրական շարժի կամ որպես մարզաձեւ Հայաստանում. ես կասեմ` ոչ: Այդ դեպքում նշանակում է` ցանկացած փոփոխություն գոնե միտված է փոփոխության, որը կարող է ունենալ եւ դրական շարժ: Եթե մինչեւ հիմա լավ չի եղել, ապա համբերություն է պետք եւ ժամանակ, որպեսզի տեսնենք` տվյալ փոփոխությունը որոշակի արդյունք տվե՞ց»,-հայտարարեց Գեւորգյանը եւ հավելեց, որ ֆեդերացիայի նախագահի փոփոխության հետ աղմուկ բարձրացնելը տեղին չէ:
Մեր այն դիտարկմանը, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կապ չունի վոլեյբոլի հետ, պատգամավորը նկատեց, որ շատ մարդիկ առհասարակ կապ չունեն սպորտի հետ, ֆեդերացիայի նախագահն ավելի շատ կազմակերպիչ է, բայց, իհարկե, ցանկալի է, որ մասնագետ լինի, իմանա խնդիրն ինչումն է կայանում:
Դիտարկմանը, որ քաղաքական գործիչների համար կարծես թե «պրիստիժ» է դարձել այս կամ այն ֆեդերացիա ղեկավարելը, Գեւորգյանը նկատեց. «Եկանք հասանք այն կետին, որ սպորտը չի կարելի քաղաքականացնել եւ օգտագործել իր քաղաքական նկատառումներով, հենց այդտեղից է գալիս մեր սպորտի անկումը»:
Նախկին մարզիկ, այժմ` պատգամավոր Գեւորգյանը ասաց նաեւ, որ ՀԱՕԿ-ը իրավասություններ չունի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցում, ավելին` ֆեդերացիային հավասարազոր կառույց է: «Երկուսն էլ հավասարազոր հասարական կառույցներ են, երկուսն էլ ընտրովի են: Որքանո՞վ է ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ենթակա ՀԱՕԿ-ին: Ինչի՞ մասին է խոսքը»,-նկատեց պատգամավորը:
Գեւորգյանը կարծում է, որ սպորտում մենք շատ բացթողումներ ունեք, եւ լուծելու շատ խնդիրներ կան: «Ինչ որ մեկը պետք է ինչ որ մի ժամանակ սկսի լուծել այդ խնդիրները, թեկուզեւ առանձին ֆեդերացիաներով»,-ասաց պատգամավորը:
Հարցին էլ, որ որոշ տեղեկությունների համաձայն` ոստիկանապետն է միջադեպի կրքերը հանդարտեցրել, Գեւորգյանը հայտարարեց. «Ոստիկանապետի աշխատանքն է, առհասարակ բոլորի տիպի կրքերը հանդարտեցնել երկրում»:
Դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է` կողմերին «բարիշացնի» հենց ոստիկանապետը, Գեւորգյանը նկատեց. «Իհարկե, կողմերի ցանկությամբ, եւ կարծում եմ` դա ճիշտ տարբերակը կլինի: Կխնդրեի, որ սպորտը կռվախնձոր չդարձնեին, սպորտը ոչ մեկի մենաշնորհը չի, որ խանդի տեսարան առաջանա, երբ ինչ -որ մեկը ցանկանում է ինչ -որ մարզաձեւի կողքին կանգնել»:
Վերջում պատգամավորը նկատեց. «Շատ վշտանալ պետք չէ, կարծում եմ` նույն քաշային կարգում են երկուսն էլ գտնվում»: