կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 18:20
Առանց Կատեգորիա

Ինչու է Բաքուն ''հարձակվում'' Ռուսաստանի վրա

Ինչու է Բաքուն ''հարձակվում'' Ռուսաստանի վրա

 

Մոսկվայում, հոկտեմբերի 10-ին Եգոր Շչերբակովի սպանությունից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում իսկական ցնցումներ են սկսվել: Այդ սպանությունը ռուս ազգայնական խմբավորումների կողմից Մոսկվայի Բիրյուլևո շրջանում միգրանտների և ոչ սլավոնական արտաքին ունեցողների դեմ ռասիստական բնույթի մասշտաբային անկարգությունների առիթ հանդիսացավ, որի ժամանակ մոտ 400 մարդ ձերբակալվեց:

 

Ոստիկանությունը սպանությունը կատարելու մեջ մեղադրեց  31-ամյա էթնիկ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, ով օրեր անց կալանավորվեց: Չնայած ադրբեջանցին խոստովանել էր, որ ինքն է կատարել հանցագործությունը, սակայն ավելի ուշ հրաժարվեց իր ցուցմունքներից: Զեյնալովի ձերբակալությունը հարուցել է Ադրբեջանի հասարակության և իշխանությունների զայրույթը: Այդ երկրի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, որով ռուս իրավապահներին մեղադրում է իր քաղաքացու հանդեպ բռնություններ կիրառելու, անձի արժանապատվությունը նսեմացնելու, անմեղության կանխավարկածը խախտելով` նրան հանցագործ պիտակավորելու մեջ, և պահանջում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն տալ:

 

Հասարակական մակարդակով Բաքվից նույնիսկ սպառնալիքներ են հնչում` Ադրբեջանում ապրող ռուսներից վրեժխնդիր լինելու և ողջ աշխարհում հակառուսական արշավ սկսելու վերաբերյալ: Ադրբեջանցիներին, իհարկե, կարելի է հասկանալ: Ռուսաստանի հասարակության մի ստվար մասի ակնհայտ աջակցությունը վայելող ֆաշիստական խմբավորումների կողմից Մոսկվայի գյուղմթերքների շուկաների ավերումից, ինչպես նաև անօրինական միգրանտերի դեմ պետական մակարդակով սկսված գործողություններից ամենշատը տուժում են հենց նրանք, թեև գործնականում այդ հեղեղի զոհ են դառնում  բոլոր կովկասյան արտաքին ունեցողները: Ռուսաստանում ազգայնականությունը հասել է վտանգավոր այնպիսի նշաձողի, երբ պետությունը կանգնել է իրավիճակի և այդ ուժերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի առջև: Սակայն դրա մեղավորը այդ երկրի կառավարությունն ինքն է, որը, դատական համակարգի հետ միասին, հենց սկզբից այդ շարժումների, սկինհեդական խմբավորումների կողմից լկտի ու առանձնակի դաժանությամբ կատարվող հանցագործությունների հանդեպ ընդգծված բարեհաճ վերաբերմունք է դրսևորում:

 

Երեք տարի առաջ` 2010թ. դեկտեմբերին, «Սպարտակ» թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությանը` Մոսկվայի Մանեժի հրապարակում, ևս գրեթե նույն սցենարով հաջորդել էին ազգայնականների կատաղի անկարգությունները: Այնպիսի տպավորություն է, թե Ռուսաստանն արհեստականորեն ժամանակային որոշակի ինտերվալներով փորձում է նման միջադեպերի օգնությամբ ոչ յուրայիններից ներքին «մաքրման» աշխատաքներ տանել` դրանք երբեմն օգտագործելով նաև քաղաքական նպատակներով: Ընդամենը երեք ամիս առաջ ռուս ազգայնամոլության թիրախում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն էր, ում ծաղկավոր խալաթով հիվանդանոցից բերել էին դատարան և ռուսական հեռուստաեթերում դարձրել ծաղրուծանակի առարկա: Ռուսներն այդ ցինիկությունն իրենց թույլ տվեցին թե' ռուսաստանաբնակ հայերի, և թե' Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար` ցույց տալով, թե ինչ կարող է արժենալ իր վասալի կարգավիճակից դուրս փախչելու Երևանի ցանկացած փորձ: Արդյունքը եղավ այն, որ նախագահը շրջադարձ կատարեց դեպի Մաքսային միությունը և նախագահի մակարդակով շնորհավորեց Մոսկվայի նորընտիր քաղաքապետին:

 

Հիմա նույնը տեղի է ունենում ադրբեջանիցների հետ: Սակայն ի տարբերություն Հայաստանի պետական իշխանությունների, որոնք հեռվից լուռ անտարբերությամբ, ճորտի հոգեբանությամբ պարզապես հետևում էին, թե ինչպես է ռուսական շովինիզմը խժռում իր քաղաքացուն, Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով Զեյնալովին առավ իր պաշտպանության տակ` անտեսելով անգամ այն իրողությունը, որ վերջինս ինքն էր խոստովանել կանխամտածված հանցագործություն կատարելու փաստը: Դրանով Բաքուն միայն Զեյնալովի մարդկային ու քաղաքացիական արժանապատվությունը չէ, որ պաշտպանում էր: Այն առաջին հերթին պաշտպանում էր սեփական դեմքը` դաս տալով, թե ինչպես կարելի է Մոսկվայի հետ երբեմն խոսել իրեն հասկանալի լեզվով: Բայց որքան էլ հասկանալի է նման կոշտ արձագանքը, Բաքվի բողոքն ավելի շատ հիստերիայի էր նման, ինչը մատնում է դրա արհեստականությունն ու չափազնացվածությունը: Բաքուն, ըստ էության, ինքն է բորբոքում հարաբերությունների լարումը Ռուսաստանի հետ` շատ լավ հասկանալով, թե ինչ ռեզոնանս դա կարող է առաջացնել միջազգային հանրության մոտ: Զեյնալովի ձերբակալության շուրջ կրքերի բորբոքումը Բաքվին անհրաժեշտ է երկու պատճառով. մեկը` ներքին սպառման, մյուսը` արտաքին: Նախ` սա ներքին հասարակական ուշադրությունը հետընտրական պրոցեսներից շեղելու չափազանց նպաստավոր առիթ է հատկապես ընդդիմության կողմից` բողոքի ակցիաներ ծավալելու նախաձեռնությունների քաղաքական ու հասարակական արժեքը գցելու համար: Համընդհանուր ուշադրության շեղումը դեպի մոսկովյան իրադարձություններ և հայրենակցին պաշտպանելու իշխանությունների սկզբունքային կեցվածքն ուղղված է ընտրությունների թեման քաղաքական ու հասարակական օրակարգից հանելուն:

 

Եվ այս իմաստով հենց այս շրջափուլում Մոսկվայում Զեյնալովի ձերբակալությունն իսկական նվեր էր Ալիևին: Մյուս ` գուցե շատ ավելի կարևոր պատճառը, սակայն, Ալիևի ընտրության և նրա նոր իշխանության լեգիտիմության խնդիրը միջազգային օրակարգից հանելն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդգծել ու Արևմուտքին ցույց տալ, թե ինչպես է Ալիևի վարչակազմը հերոսաբար մաքառում Ռուսաստանի իմպերիալիստական նկրտումների դեմ: Շեշտը տեղափոխելով Մոսկվայում իր հպատակների դեմ սկսված միգրացիոն արշավի, մարդու իրավունքները խախտելու դեպքերի վրա` Բաքուն փորձում է ցույց տալ, որ չի տրվում եվրասիական ինտեգրացիոն նախագծերում իրեն ներքաշելուն ուղղված Ռուսաստանի շանտաժային քաղաքականությանը և չի վախենում անգամ դրանով պայմանավորված ռուսաստանաբնակ ադրբեջանիցների նկատմամբ հնարավոր ռեպրեսիաների վտանգից: Այլ կերպ ասած` Ադրբեջանի իշխանություններն այս միջադեպը փորձում են օգտագործել Արևմուտքի համար անփոխարինելի դառնալու, այդպիսով ընտրությունների անօրինականության գործոնը չեզոքացնելու նպատակով: Բայց այս խնդիրը լուծելու համար Բաքվին անհրաժեշտ է վստահ լինել, որ չի դառնալու իր իսկ ծավալած խաղի զոհը` Ռուսաստանի հետ հարաբերություններում:

 

Գևորգ Աղաբաբյան