Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինքս ինձ ստիպելով կարդացի Զորի Բալայանի նամակը։ Թեև անդրադարձերից իսկ պարզ էր, բայց փորձում էի այնուամենայնիվ հասկանալ, չհավատալ…
Մի կողմ թողնելով Մեծ ութնյակի անդամ երկրի՝ Ռուսաստանի նախագահին (նաև որևէ երկրի նախագահի) այդքան երկարաշունչ, տաղտկալի, խոհափիլիսոփայական, գիտահանրամատչելի ու ճանաչողախրատական նամակ գրելու պատեհություն-կոռեկտությունը, անդրադառնամ խնդրի բարոյաքաղաքական ասպեկտին։
Միանշանակ է, որ այդպիսի «ուղերձները» հենց այնպես չեն ծնվում, և այն ակնհայտորեն տեղավորվում է տարածաշրջանում ուրվագծվող աշխարհաքաղաքական բախումների, հնարավոր սցենարների, ՄՄ անդամակցության գործընթացների, ինչպես նաև հանրապետության ներսում խմորվող տրամադրությունների մեջ. արտաքին քաղաքականության մեջ ՀՀ պաշտոնական տեսակետների վերամտածում, վերաձևակերպում, ռուսաց լեզվի դիրքերի ընդլայնում, Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացման հեռանկար, ռուսականի նկատմամբ ինքնամոռաց ու անարժանապատիվ քծնանքի շքահանդես և այլն։
Եվ, այնուամենայնիվ, շատ, շատ եմ ուզում հավատալ, որ ՀՀ իշխանությունների ուղղորդումով չի ծնվել և հղացվել այդ քաղաքական «մերկապար- ինքնաոչնչացումը»։
Զորի Բալայնի ռուսամետությունը նորություն չէ, բայց երբ այն այլևս ազգային արժանապատվության ու նվաստացման սահմանն է անցնում, չես կարող չպոռթկալ ու չպահանջել, թե այդ ու՞մ անունից է հանդես գալիս ղարաբաղյան շարժման վետերանը, ի՞նչ բարոյական իրավունքով։
Այս էլ 22 և ավելի տարիներ արցախահայության ինքնորոշման իրավունքը, Արցախի հանրապետության գոյությունն ու նրա ընտրված, նվաճված ինքնիշխանությունն այդ ի՞նչ համոզումով է Զորի Բալայանը Ռուսաստանի խնդիր համարում և պահանջում «տեր կանգնել» Գյուլիստանի պայմանագրին, որով «Ռուսական կայսրության սեփականությանն է անցնում» Ղարաբաղի խանությունը։
Արդյոք չի գիտակցում նամակի հեղինակը, թե ինչ հարված, հուսահատության ու հուսալքության է փոխանցում Արցախի ժողովրդին, և արդյոք չի գիտակցում նամակի հեղինակը, որ այս տեսակետը նախևառաջ ուղիղ և ցավոտ հարված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որոնք ամենաբարձր մակարդակով, միջազգային ամենաբարձր քաղաքական ամբիոններից հայտարարել են Արցախի ինքնիշխանության, միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքի անկասելիության, ինչպես նաև Արցախին ուղղված ռազմական միջամտության պարագայում, անվտանգության երաշխավորի դերակատարության մասին։
Մեր քանի-քանի պատվիրակություններ միջազգային տարբեր ատյաններում կենաց մահու կռիվ են տվել մեծ ու փոքր տրամաչափի բանաձևերում “ինքնորոշման իրավունք” բառակապակցությունը զետեղելու համար։ ԼՂՀ -ի վարկին, արժանապատվությանն ու բանակցային գործընթացներին հարվածելուց անդին, այս նամակը հարված է նախ Հայաստանին։ Եթե Զորի Գ(Հ)այկովիչը համոզված է կամ տարակասում է, թե Հայաստանի իշխանությունների քաղաքական վարկանիշը, կարողականությունն ու բարոյական լեգիտիմությունը թույլ չեն տալիս տեր կանգնել մեր համազգային հաղթանակին ու Արցախի ինքնիշխանությանը, ապա լավ կաներ նամակագիրը ներքին օգտագործման նամակ գրեր կամ պարզապես իր մտերմիկ զրույցներում ու հանդիպումներում խորհուրդ տար հայրենի իշխանություններին, թե ինչ խնդիրներում են նրանք սայթաքել կամ ձախողվել, կամ ի՞նչու է այդքան անստույգ է մեր երթը, կամ ինչու՞ է այնքան դատարկվել Հայաստանն ու անհեռանկար դարձել, որ Արցախին տեր կանգնելը օրեցօր ծանրանում ու անտնար է դառնում ներքին համախոհությամբ ու ռեսուրսներով։
Այնուամենայնիվ, Վլադիմիրր Վլադիմիրովիչին պատմությունից դասերից քաղելու խորհուրդն հիշեցնելուց առաջ, լավ կլիներ, որ ինքը` Զորի Բալայնը, մտածեր, թե ինչու այս էլ «տասը տարի, հարյուր տասը տերի, հազար տասը տարի», մեր քաղաքական միտքն ու պատմական դիսկուրսը Տիզբոնից մարզպան բերելուց կամ ռուսաց թագավորին նամակ գրելուց անդին չի անցնում, ու մեր իրականության համար մեղավոր են բոլորը և ոչ՝ մենք։
Եվ, այնուամենայնիվ, ուզում եմ մխիթարել ինձ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը նամակը կարդալու ժամանակ չի գտնի, ինչն, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը չի հայտնվի հարևանների ու առհասարակ վերլուծաբանների ու քաղտեխնոլոգների չարախնդացող քննարկումների թիրախում։
Իսկ, եթե նամակագիրն, այնուամենաայնիվ, այդ չէր ուզում ասել, այդ դեպքում տարբեր փիլիսոփաներից ու ժամանակներից մեջբերումներ անելուց և դրանցով Պուտինի գլուխը տանելուց առաջ լավ կաներ հիշեր յոթ անգամ չափելու ու հետո կտրելու մասին մեր համեստ իմաստնությունը։
Լիլիթ Գալստյան