կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-11 12:07
Մշակույթ

Երիտասարդական ուխտերթ` սիրո, հավատքի եւ հավատարմության

Երիտասարդական ուխտերթ` սիրո, հավատքի եւ հավատարմության

Հոկտեմբերի 20-ին Հայաստանում եւ սփյուռքում գործող մի շարք երիտասարական կառույցներ, ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու Մայր Աթոռի աջակցությունը, նախաձեռնել են համահայկական ուխտերթ` իբրեւ սիրո, հավատքի եւ հավատարմության արտահայտություն ազգային հոգեւոր արժեքների, Սուրբ Էջմիածնի, Հայոց Հովվապետի հանդեպ:

 

Այդ օրն առավոտյան ժամը 13.00 -ին ուխտավորները Ազատության հրապարակից քայլերթով կշարժվեն Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով նրանց կտեղափոխեն Էջմիածին` Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտ: Այնտեղից հատուկ կարգախոսներով`խաչերով, խաչվառներով, թմբուկներով ու հոգեւոր երգասացությամբ` թափորը կշարժվի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի կունենա համայնական աղոթք, որից հետո ուխտավորները կստանան Հայոց Հայրապետի օրհնությունն ու հայրապետական պատգամը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ուխտերթի քարոզչական հանձնախմբի անդամ Նշան Աբասյանը նշեց, որ ուխտերթի նպատակը հիշեցումն է, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր պիտի գնանք: Ըստ նրա` մեր հասարակությունն այսօր ուղղորդված դիվերսիայի է ենթարկվում «ազատական արժեհամակարգ» հորջորջվող հրեշավոր մեքենայի կողմից, եւ հիմա, ավելի քան երբեւէ, պետք է հասկանանք, որ մեր հոգեւոր անվտանգության ամենամեծ հենասյունը Հայ Եկեղեցին է` իր կենդանի զորությամբ, իր աղոթող զինվորներով ու դարավոր ժառանգությամբ:

 

Ըստ նրա, ուխտերթին մասնակցելու համար բազում արձագանքներ են եղել. արձագանքել են բոլոր թեմերի երիտասարդական միությունները, «Մանանա» երիտասարդական ծրագրի բոլոր անդամները, բազմաթիվ այլ երիտասարդական կառույցներ:

 

«Մայր Եկեղեցու պատերից ներս է, որ հայ մարդը կարող է պաշտպանություն գտնել աղմկող աշխարհի մագիլներից, եւ սրանք պաթետիկ խոսքեր չեն, այլ գոնե ինձ համար` ապրված իրողություն: Մեկ ուխտերթով, իհարկե, համազգային նոր դարձ չենք ապրելու: Սակայն մենք հավատում ենք, որ մի փոքրիկ թթխմորը կարող է ամբողջ հացը խմորել: Ինչ-որ բանից պե՞տք է սկսել, թե՞ ոչ»,-ասում է Աբասյանն ու հավելում, որ վերջին տարիներին մեր եկեղեցիներն ավելի ու ավելի շատ են լցվում երիտասարդներով:

 

Աբասյանի հավաստմամբ, եթե մի քանի տարի առաջ Պատարագին հիմնականում տարեցներ ու կանայք էին մասնակցում, ապա այսօր առատ է երիտասարդության հոսքը:

 

«Մայր Աթոռի եւ բազմաթիվ այլ եկեղեցական կամ եկեղեցասեր կառույցների տարբեր նախաձեռնությունների ու ծրագրերի շնորհիվ Հայ Եկեղեցին այսօր երիտասարդ հետեւորդների մի մեծ բանակ ունի, որ գնալով ավելի ու ավելի է մեծանում»,-ասաց Աբասյանը:

 

Սիրո, հավատքի եւ հավատարմության ուխտերթին կմասնակցեն ոչ միայն Հայաստանի բոլոր ծխական համայնքները, այլեւ` հայորդիներ Արցախից եւ Սփյուռքից, զանազան ՀԿ-ների անդամներ, ուսանողներ` մայրաքաղաքի բոլոր բուհերից: