կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-09 14:30
Հասարակություն

Հայաստանում հաշվառվել է ավելի քան 100 տեսակի 15.032 թռչուն

Հայաստանում հաշվառվել է ավելի քան 100 տեսակի 15.032 թռչուն

Հոկտեմբերի 5-ին և 6-ին ավելի քան 19.000 մեծահասակներ և երեխաներ մասնակցեցին ավելի քան 900 միջոցառումների՝ կազմակերպված 30 եվրոպական երկրներում և Կենտրոնական Ասիայում, որի նպատակն էր դիտարկել 2.4 մլն թռչունների աշնանային միգրացիան դեպի հարավ. հայտնում է Հայաստանի թռչունների պահպանման միությունը:

 

Արդեն 20-րդ անգամ BirdLife International-ի ազգային գործընկերները հրավիրում են մարդկանց մասնակցել բնության այս զարմանահրաշ երևույթին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Birdlife International-ի ազգային գործընկերները եվրաթռչնադիտարկման միջոցով նպատակ ունեին բարձրացնել տեղեկացվածությունը թռչունների միգրացիայի վերաբերյալ և նպաստել վտանգված թռչնատեսակների և դրանց բնակավայրերի պահպանմանը:

 

Կազմակերպված միջոցառումների միջոցով բնապահպանական կազմակերպությունները խրախուսում էին տարբեր տարիքի մարդկանց` դուրս գալ տանից, դիտել, բացահայտել և ուղղակի հաճույք ստանալ թռչուններից: Նրանց ուշադրության կենտրոնում հիմնականում կենսաբազմազանությունն էր և այն պահպանելու կարիքները: Թռչնադիտարկման արդյունքները հավաքագրվում են յուրաքանչյուր մասնակից երկրում, որից հետո ուղարկվում Եվրոպայի կենտրոնական գրասենյակ, որն այս տարի BirdLife Սլովակիան էր: Հայաստանում «Եվրաթռչնադիտարկում 2013» միջոցառումը իրականացրեց Հայաստանի թռչունների պահպանության միությունը՝ BirdLife-ի հայաստանյան գործընկերը:

 

Թռչնադիտարկումները իրականացվեցին գլոբալ նշանակության 2 կարևոր թռչնաբանական տարածքներում (ԿԹՏ)՝ Հայաստանի հարավ-արևմուտքում տեղակայված Արմաշի ձկնաբուծական լճակներում և Սևանա լճի հարավարևմտյան և հարավային հատվածներում: Թռչունների մեծաքանակ միգրացիա գրանցվեց ամբողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Չեխիայում և Հունգարիայում դիտարկվել են հազարավոր սարյակներ, Ֆինլյանդիայում՝ սպիտակայտ սագեր, ինչպես նաև ամուրիկների, Անտառային աղավնիների և կռունկների երամներ` ամբողջ մայրցամաքով:

 

Հայաստանում թռչնադիտարկման մասնակիցները հաշվառել են ավելի քան 100 տեսակի 15.032 թռչուն: Նշված երկու ԿԹՏ-ներում հետևյալ թռչնատեսակները համարվել են առավել հետաքրքիր՝ կռվակտցար (4), մեծ իլիկակտցար (45), ծովային աղավնաորոր (1), պտավոր կտցար (40), սև անգղ (1), կանաչ մեղվակեր (10): Սևանա լճում թռչնադիտարկումն իրականցվել է Սևանա լճի ԿԹՏ խնամակալի և տեղական աջակցող խմբի կողմից, իսկ Արմաշի ձկնաբուծական լճակներում` մի խումբ միջազգային թռչնաբանների կողմից, ովքեր ժամանել էին Հայաստան հատուկ առաքելությամբ, բայց մեծ ցանկություն հայտնեցին մասնակցել և իրենց ներդրումը ունենալ Հայաստանի չվող թռչունների հաշվառման գործում: Թռչնադիտարկման մասնակիցները ներկայացնում էին Բելգիան, Շվեդիան, Կատալոնիան, Մեծ Բրիտանիան և Իրանը: