կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-05 13:23
Քաղաքական

Ես իրականացնելու եմ ինձ տրված լիազորությունները. Հովիկ Աբրահամյան

Ես իրականացնելու եմ ինձ տրված  լիազորությունները. Հովիկ Աբրահամյան

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայաստանյան պատվիրակությունից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով: Ըստ Փոստանջյանի՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայաստանյան պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությանը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։

 

Այսօր ԱԺ-ում, երբ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է վերոհիշյալի վերաբերյալ պարզաբանում ստանալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, նա նախ նշել է, որ այդ առնչությամբ տեղեկություններ դեռ չունի, հետո հավելել է. «Ես հայտնել եմ իմ մտադրության մասին եւ անպայման այդ հարցին անդրադառնալու եմ: Ես կանոնակարգ օրենքով եւ,  ընդհանրապես, Սահմանադրությամբ ինձ տրված լիազորություններն իրականացնելու եմ»:

 

ԱԺ նախագահը հերքեց տեղեկություններն այն մասին, թե ՀՀԿ երիտթեւն այսօր Փոստանջյանին ձվերով եւ պոմիդորներով է դիմավորելու: «Չկա նման բան: Համոզված եմ` երիտթեւը նման քայլի չի գնա»,- ասաց նա:

 

Մեր դիտարկմանը, որ այս օրերին որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ Փոստանջյանին «թուրք» են անվանում, մի՞թե դա թույլատրելի է, Աբրահամյանը պատասխանեց, թե տեղյակ չէ, հետո նշեց, որ ճիշտ չի համարում:

 

Ի դեպ, դիտարկմանն էլ, թե ասում են` Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել, Աբրահամյանը կատակով հակադարձեց. «Արդեն սկսվե՞լ է»: