կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 22:54
Հասարակություն

Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Ադրբեջանը ստուգումներ է իրականացնելու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար. Տ. Աբրահամյան

Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Ադրբեջանը ստուգումներ է իրականացնելու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար. Տ. Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պարզաբանում է Գորիս-Կապան ճանապարհային ադրբեջանական մաքսակետի տեղադրման մասին Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը

«ԱԽ քարտուղարի խոսքից ստացվում է, որ Գորիսից Կապան Որոտանով և Շուռնուխով երթևեկելու պարագայում, Ադրբեջանը համապատասխան ընթացակարգերով անվտանգային և մաքսային ստուգումներ է իրականացնելու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար։

Այս իշխանությունները մինչև վերջերս պնդում էին, որ իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունեն այդ ճանապարհով հայկական մեքենաների անխափան երթևեկության համար, սակայն պարզվեց, որ իրականում այդ պայմանավորվածությունը գործելու էր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։

Այսպիսի ռեժիմի սահմանման մասին Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել մինչև Ադրբեջանի իրազեկումը, որովհետև իր խոսքում ԱԽ քարտուղարը նշում է, որ իրենք նախապես քայլեր են ձեռնարկել և նույնանման սահմանային ռեժիմ իրականացվելու է նաև հայկական կողմից։

Դե ինչ ասեմ՝ իշխանական քաղաքական, քարոզչական հերթական փուչիկի պայթեցումից բացի, Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում»։

Նշենք, որ քիչ առաջ Հանրայինի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: