Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադարձավ գազի գնի բարձրացման մասին պայմանագրին, որն արդեն վեց ամիս է` փորձում է ստանալ կառավարությունից: ՀԱԿ պատգամավորը դիմեց լրագրողներին. «Փորձեք գլուխ հանել, օգնեք: Ես չգիտեմ իրականությունը, չգիտեմ` ինչ է կատարվել, ինչ է կատարվելու, ինչ է կատարվում»: Նա հիշեցրեց, որ արդեն չորս անգամ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձում է ստանալ իր հարցի պատասխանը, բայց ապարդյուն:
Վերջին քառօրյայի ժամանակ վարչապետի պատասխանը շփոթեցրեց բոլորին: Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ գազի գնի վերաբերյալ պայմանագիր չկա:
«Շփոթվեցինք, մտածեցինք գուցե վարչապետը շփոթել է հարցը, բայց` ոչ: Չորս անգամ մինչ դա հնչեցրել էի: Եվ, մինչեւ վերջին պատասխանը, բոլոր պատասխանները խուսափողական էին, մերժողական: Չեմ հիշում, չգիտեմ, գուցե, երեւի... Սրանք Արմեն Մովսիսյանի պատասխաններն էին»,- նշեց պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ խոսել է ԱԺ նախագահի հետ: Վերջինս ասել է, որ տեղյակ չէ: ԱԺ նախագահն անբացատրելի է համարել, թե ինչպես կարող է մի երկիր գազ մատակարել մեկ այլ երկրից, բայց պայմանագիր չլինի:
Պարզվում է` հարցը ԱԺ-ում հնչեցնելուց հետո վարչապետն Արամ Մանուկյանին խնդրել է նիստից հետո մնալ. 10 րոպե զրուցել են:
«Վարչապետը համոզում էր, որ այդպես է եղել. գազի գինը ձեւավորվել է առանց պայմանագրի: Նա լուրջ էր, սթափ: Աբրահամյանն էլ ասաց` ո՞նց կարա գազի գինն առանց պայմանագրի թանկանա»,- զրույցի մանրամասները պատմեց Արամ Մանուկյանը:
Ըստ ՀԱԿ պատգամավորի` հանձնաժողովն էլ է ասում, որ առանց թղթերի հնարավոր չէ: Ռոբերտ Նազարյանն էլ, ըստ Մանուկյանի, այն մարդը չէ, որ գին բարձրացնի:
Պարզվում է` վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան զանգահարել է Արամ Մանուկյանին: Սակայն ՀԱԿ պատգամավորը, մինչեւ վերջ այդպես էլ չի հասկացել, թե ինչ էր ուզում ասել վարչապետը: Երեկ երեկոյան վարչապետը, Մանուկյանի կարծիքով, եւս սթափ էր, քանի որ ՀՀԿ ԳՄ նիստի էր` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«Ինձ հարցնում է, թե ես գրավոր հարցում արե՞լ եմ: Ես էլ ասացի` Տիգրա'ն, ես վեց ամիս պատռվում եմ, գազի գնի պայմանագիրն եմ ձեզանից ուզում, ի՞նչ գրավոր հարցում: Ասում է` պետական պայմանագրի մասին ես հարցնում: Ես էլ ասացի` երկու սուբյեկտ ստորագրել են, չէ՞ որ մի կողմը կառավարությունն է, ո՞ւր է պայմանագիրը: Վեց ամիս պայմանագիրը չեք տալիս, ո՞րն է պատճառը: Ասաց` նախարարից ճշտեմ, կզանգեմ»,- պատմեց Արամ Մանուկյանը:
Դրանից հետո վարչապետը ՀԱԿ պատգամավորին չի զանգել: Մանուկյանն էլ ստիպված է երկու եզրակացություն անել` կա'մ պայմանագիր կա, ստորագրված է, եւ թաքցնում են, կա'մ կա պայմանագիր, բայց որում այնպիսի բաներ կան, որ հրապարակման ենթակա չեն, այնպիսի բաների առջեւ է նախագահը խեղճացել, որ չի կարող հրապարակել:
Արամ Մանուկյանը պահանջում է, որ հրապարակեն փաստաթուղթը, փակ նիստ անեն, կամ էլ կեզրակացնի, որ հայկական կողմը գին է բարձացրել առանց պայմանագրի: «Ո'չ սուբսիդիայի հարցն է լուծված, ո'չ պայմանագրի, ո'չ էլ ապագայի հարցը»,- նշեց պատգամավորը եւ հայտարարեց, որ երկու Սարգսյանն էլ` նախագահը եւ վարչապետը, անլուրջ մարդիկ են, անլուրջ վերաբերմունք ունեն հայ ժողովրդի նկատմամբ:
Ուշագրավ մի փաստ եւս. երբ Արամ Մանուկյանը վարչապետին ասել է, որ ՌԴ Պետդումայից կստանա փաստաթուղթը, վարչապետն ասել է` չես կարող: