կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 17:10
Առանց Կատեգորիա

Մտածեք ձեր մասին

Մտածեք ձեր մասին

Չգիտեմ` որքանով է անկեղծ ՀՀԿ-ական հորդող զայրույթը Զարուհի Փոստանջյանի` Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին տված դավադիր հարցի համար, ինչ հերոսական ճիգով է զսպում իրեն ՀՀԿ-ի ծերացող ասպետը, որ յոթհարկանի հայհոյանքով չնախշի Փոստանջյանին: Գիտեմ միայն, որ ՀՀԿ-ական շողոքորթների հսկա մի բանակ թաքուն երախտապարտ է վերոնշյալ տիկնոջը սերժսարգսյանական իրենց նվիրական զեղումներին հորդումի ևս մի պատեհ առիթ պարգևելու համար: Փառք աստծո, այնպիսի ժամանակներ են և այնպիսի տեխնոլոգիաներ, որ կարելի է տնից դուրս չգալ և, սեփական պատին հարմար թիկնած, սրտի քնքուշ խոսք ասել սիրելի նախագահին` հուսալով, որ եթե նա դրանք չկարդա էլ, ապա գոնե անունների հսկա մի տրցակով նրան կզեկուցեն: Հասկացաք, անշուշտ, որ խոսքը ֆեյսբուքյան պատի մասին է, որոնք զարմանալի մի դիմացկունությամբ փուլ չեն գալիս հորդող քծնանքի, օրավուր վարարող շողոքորթության անզուսպ սելավից: Սա` ի դեպ: Բայց խոսքն այդ մասին չէ:

 

Դավաճան տիրուհուն… ներողություն` Զարուհուն տեղը դնելու հայրենանվեր գործում, «Ֆեյսբուք»-ից բացի, ուրիշ հարթակներ էլ կան: Հանրապետական Ա. Աշոտյանն, ահա, օգտագործել է լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալու «հարթակը» և, հանրապետականորեն չկարողանալով զսպել հիացմունքը Ս. Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի կապակցությամբ, նաև փորձել է մեկնաբանել վերոհիշյալ ընդդիմադիր պատգամավորի պահվածքի պատճառը: Իսկ պատճառը, ինչպես որ ակնկալվում էր համակարգայնորեն մտածելու սովոր սույն պաշտոնյայից, դարձյալ համակարգային է. ըստ նրա`  «Զարուհու կեցվածքն ավելի շատ այսօր Հայաստանում ընդդիմադիր մտքի, դաշտի համակարգային ճգնաժամի հայելի էր»: Ուրեմն, համաձայն ՀՀԿ-ականի, հայոց ընդդիմադիր միտքը սպառվել է մինչև Զարուհու բերանով սեփական երկիրն ու նրա խորհրդանիշ նախագահին օտարների առջև նսեմացնելու, մինչև զազրախոսելու աստիճան, և այդ սպառումը համակարգային բնույթ ունի: Ա. Աշոտյանի համար հայոց ընդդիմությունը, փաստորեն, Զարուհու «մակարդակին» է և, քանի որ այդ մակարդակին է, ուրեմն անմիտ բարբաջանքների տրված` համակարգային ճգնաժամի մեջ է:

 

Հայ քաղաքական մտքին հետևողներն, անշուշտ, նկատած կլինեն, թե ինչպիսի հետևողականությամբ ու հաճույքով են իշխանական գաղափարախոսները թաղում ընդդիմությանը, ցավակցության ու ափսոսանքի ինչ կեղծ խոսքեր են հնչում աջ ու ահյակից ընդդիմության «չգոյության», նրա «ոչնչացվածության» վերաբերյալ: Ձեռի հետ աննկատ խեղաթյուրում են նաև ընդդիմություն հասկացությունը. վերջինս կերպավորվում է բացառապես իբրև որևէ կառույց, հիմնականում` որպես կուսակցություն: Եվ եթե այդ կառույցներն ինչ-ինչ պատճառներով այլափոխվում են, այլակերպվում, մղվում լուսանցք, ուրեմն, վերջ, ընդդիմությունը մեռած է: Մինչդեռ ընդդիմությունը կուսակցական «տեսքից» առավել հանդես է գալիս իբրև հակաիշխանական մտածողություն և դրա տասնյակհազարավոր կրողներ, իբրև անարդարություն չհանդուրժող ազատամիտներ, ովքեր հաստատ կնեղվեին կուսակցականության կաղապարներից, իբրև երկիրը հուսահատությունից լքող զանգվածներ են: Եվ եթե աշոտյանական միտքը չի զորում տեսնել հենց այստեսակ ընդդիմությունը, ուրեմն անհուսալի կերպով հնացել է: Կամ` դիտավորյալ աղավաղում է:

 

Մինչդեռ նույնիսկ տգետի համար պարզ է, որ եթե այսքան ջղաձիգ է ՀՀԿ գաղափարախոս Աշոտյանը, եթե այսքան չնչին առիթով (Զարուհու) գաղափարական առաջին գիծ է հանվել Կարեն Ավագյանի նման փուչ/իկ/ տեսաբանը, ուրեմն, պարոնա'յք իշխանավորներ և հարակիցներ, ամենևին ժամանակը չէ թաղելու ընդդիմությանը և մանավանդ դամբանական կարդալու, ինչպես անում է կրթության նախարարը. դուք շփոթել եք «հանգուցյալին», ուրեմն ավելի լավ է` մտածեք ձեր մասին:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ