Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խնդիրն այն է, որ ինքը քաղաքական քուրա է…»:
Բնաբանի խոսքերի հեղինակը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է, որը դրանք ասել է հենց Ազգային ժողովի մասին: Վերանանք, սակայն, ասվածի արտառոց ինքնատիպությունից, ավելի կարևոր է այն առիթը, որի շուրջ ԱԺ նախագահն իմաստախոսել է: Եվ այսպես` հայոց խորհրդարանում հասունանում է հերթական անհեթեթ որոշումը` այնտեղ լրջորեն մտածում են ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը փոխելու մասին՝ մասնավորապես, դրա համար ստաժ սահմանելով:
ԱԺ նախագահը համոզված է, որ ԱԺ-ում լրագրողական գործունեություն իրականացնելու համար լրագրողն առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ պետք է ունենա: Բան չունենք ասելու` Մհեր Սեդրակյանի կամ Առաքել Մովսիսյանի հետ անվտանգ շփման համար լրագրողական ստաժն ակնհայտորեն չէր խանգարի, սակայն նույնիսկ այդ պարագայում անհեթեթությունը չի դադարում այդպիսին լինելուց:
Լրագրողի հավատարմագրման համար աշխատանքային ստաժ սահմանելով՝ օրենսդիրը միանգամից երկու սուբյեկտի իրավունք է խախտում` նախ՝ լրագրողի, ապա նաև՝ լրատվամիջոցի, որտեղ լրագրողն աշխատում է: Լրատվամիջոցի անօտարելի իրավունքն է՝ որևէ տեղ կամ կառույց ուղարկել իր նախընտրած լրագրողին, դա արդարև նրա՛ իրավունքն է, ոչ թե Գալուստ Սահակյանի կամ ԱԺ որեւէ պատգամավորի:
Լրատվամիջոցի իրավունքն է իր լրագրողին համարել կամ չհամարել այնքան կոմպետենտ, որ կարողանա ինքնուրույն որոշել՝ նրան օրենսդիր «սրբավայր» գործուղի՞, թե՞ ոչ: Եվ լրագրողի անօտարելի իրավունքն է Աստծո շնորհով արարված լինել այնքան օժտված, որ 5 տարվա փոխարեն 2 ամսում կարողանա հաղթահարել Գալուստի սահմանած փորձառություն-ժամկետը՝ անհամեմատ ավելի վաղ արժանանալով նրան սեփական աչքերով հենց խորհրդարանու՛մ տեսնելու երջանկությանը:
Էլի մեկ-երկու խոսք ստաժի մասին, որից, ակնհայտորեն, սովետական նեխահոտ է փչում: Հարց ԱԺ խոսնակին` մեծարգո՛ պարոն, եթե Ձեր երևելի կուսակիցներից, զորօրինակ` Ձեր տեղակալ Էդ. Շարմազանովը, առանց հայոց բանակում մեկ օր իսկ ծառայության ստաժի, հաջողում է իբրև վետերան մուտք գործել Հայոց բանակի պատմություն՝ որպես «Զորավար Անդրանիկ» և «Գարեգին Նժդեհ» մեդալների ասպետ, ապա ինչո՞ւ չի կարող որևէ նորավարտ լրագրող՝ առանց անհրաժեշտ ստաժի, մուտք գործել գոնե ԱԺ շենք ու արժանանալ նույն Էդ. Շարմազանովի տեսությանը: Անհեթեթությու՛ն է, պարոնա՛յք աներդում պատգամավորներ: Նաև՝ ամոթ:
Հ.Գ.: Լրատվակայքերից մեկին տված հարցազրույցում ԱԺ խոսնակը խոսում է նաև հայ լրագրության մակարդակը բարձրացնելու մասին, համեմատություններ է անցկացնում այլ երկրների հետ: Հարկ է սփոփել հարգարժան խոսնակին` մի՛ մտահոգվեք հայ լրագրության մակարդակով, այն առնվազն այնքան բարձր է, որ ամենօրյա ռեժիմով տեսնում ու արձանագրում է Ձեր «հայերենը», Ձեր անհեթեթ շարադրանքները, Ձեր «քուրա մը խոսքը», որ Դուք սփռում եք մամուլի ասուլիսներում և Ազգային ժողովի պատերից ներս: Ավելի լավ է՝ ձե՛ր մասին մտածեք:
Բ. Գասպարյան
5-ամյա ստաժ չունեցող լրագրող