Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ նախորդ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացակայում էր: «Նախորդ նիստի ժամանակ ահագին խոսել ենք ձեր մասին»,- դիմելով վարչապետին` ասաց նա, հետո հավելեց, որ ինքը հարց է բարձրացրել Փակ շուկայի մասին, մինչդեռ նիստին ներկա քաղաքաշինության նախարարն անգամ չի փորձել անդրադառնալ հարցին: Ըստ Փաշինյանի` կառավարությունը նման դիրքորոշում է որդեգրել` ցույց տալու համար, որ օրենսդրական բացն է պատճառը, որ կառավարությունը չի կարողացել միջոցներ ձեռնարկել Փակ շուկայի պահպանման համար: ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը կարճ էր: Նա տեղեկացրեց, որ մշակույթի նախարարը զեկուցել է, քննարկել են հարցերը, նաեւ իրեն ասել են, որ բանակցություններ են ունեցել քաղաքապետարանի հետ:
«Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան Ձեր պատասխանը»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վարչապետը հերթական անգամ պատասխան չունի. ամբիոն է բարձրանում` ժամանակ մեռցնելու համար: «Գոնե մի երեք րոպե խոսեիք»,- նշեց պատգամավորը եւ հայտարարեց, որ կառավարության անդամները եւ վարչապետը աշխատում են օլիգարխների մոտ:
Փաշինյանի պատասխանը բարկացրեց վարչապետին: Նա էլ, իր հերթին, հայտարարեց, որ ՀԱԿ պատգամավորին բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում: «Ձանձրացել ենք Ձեր գնահատականներից, որոնք միշտ նույնն են: Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքրիր, պարբերաբար կրկնվում եք»,- ասաց վարչապետը: Նաեւ կարծիք հայտնեց, որ Փաշինյանին չեն հետաքրքրում շուկայի, մարդկանց կենսամակարդակի խնդիրները, նա ընդամենը ցանկանում է բավարարել իր ամբիցիաները` որքան գեղեցիկ կխոսի կամ որքան վիրավորական խոսքեր կասի: