կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 22:55
Առանց Կատեգորիա

Հայացք՝ խոսքից խոսուն

Հայացք՝ խոսքից խոսուն
Լիանա Պապինյան-Քերոբյան

Մորս օգնականն այդ օրը ես էի: Ամառ էր, խոտհունձ, արձակուրդներ: Բուհեր ընդունված ընկերուհիներս վայելում էին իրենց արձակուրդը ՝գյուղի միակ, լայն ճանապարհով զբոսնելով, երկչոտ ցուցադրելով քաղաքներում ձեռք բերած վարսահարդարման, դիմահարդարման որոշ գիտելիքներ, իսկ ինձ համար երջանկություն էր մորս հետ խոտատեղ գնալը, մերոնց մատից «մի փուշ հանելը»: Խոտը ճիշտ ժամանակին պիտի հավաքես, որ շատ չչորանա, չկորցնի երեքնուկի ծաղիկների, ուրցի բույրը, կամ չընկնի անձրևի տակ, չփչանա:

Լուսաբացին ճամփա ընկանք՝ փոցխ ու եղան ուսած. ուտելու բան էլ էինք վերցրել: Խոտատեղը հեռու էր, և արդեն հոգնած էինք, երբ տեղ հասանք: Առաջին գործս մոտիկ անտառի սառն աղբյուրից խաշամաբույր, խաշամահամ ջուր բերելն էր: Զովացանք ու գործի անցանք: Մորս հետ ամենադժվար գործ անելն անգամ հեշտ էր ու հետաքրքիր: Ես՝ապագա բանասերս, միշտ բացբերան էի լսում նրա պատմությունները: Կողք կողքի դեռևս սիրուն կանաչ գույնը պահած խոտի լասերն ենք վալ անում (շարքերը մեծ լավաշների նման փաթաթել փոցխով ու հավասար շարել) ու զրուցում:
Գործը շատ է, բարձրացող արևը՝ սպառնացող. շոգ է լինելու: Խոտի տակ պահած ջրամանն արագ է դատարկվում. շուտ-շուտ ջրի եմ վազում, բայց սով չենք զգում. խոտը փրկել, թափուլ (փոքրիկ բլուլ) անել է պետք: Վաղվա օրն էլ է զբաղված. հայրս ուրիշ հանդամասում է հունձ անում: Գյուղացին պիտի որսա օրն ու ժամը, թե չէ կտուժի, հարևանին վրան ծիծաղել կտա, եթե խոտհնձին որակով խոտ տուն չտանի՝ կամ սայլը բարձած, կամ բեռնատար մեքենան: Այդ դառը փորձը մենք ունեինք: Մի անգամ հայրս հեռու սարալանջին հնձած, հավաքած, մեծ բլուրեր արած խոտիը լուցկի էր տվել, որովհետև անկանխատեսելի անձրևները որակազրկել էին խոտը և քարուքանդ արել սայլի ճանապարհը: Սարից իջնելուց հետո ուղիղ գյուղի նախաճաշարան էր գնացել ու մի լավ խմել:
Հիմա, հոգնածություն չզգալով, հավաքում ենք ծաղկաբույր խոտն ու զգում, որ մայրամուտին կավարտենք գործը:
-Դու մի կտոր հաց կեր,- մորս ձայնը հրաման է հիշեցնում:
Ի՜նչ հաց, ի՜նչ բան. խոտ հավաքելիս կարելի է անգամ մորը չլսել: Ո՛չ նա՝45-ամյա մայրս, ո՛չ ես հոգնածության նշաններ ցույց չենք տալիս, զրբում ենք ճակատներիս քրտինքը, նայում մեր արած գործին ու ավելի եռանդով շարժում փոցխերը:
Արևը մի թոկաչափ է մնացել, վերջին գործողություններն ենք կատարում. փայտե երկու երկար ձողերը պատգարակ դարձրած՝խոտը հավաքում ենք իրար գլխի ու բլուրներ սարքում: Ջահել մորս սպիտակ գլխաշորը խոտի մղեղով է ծածկված, և ես պատկերացնում եմ, թե իմ անկանոն գանգուրներն ինչ օրի են:
Վերջ. խոստովանում ենք, որ հաց ուտելու ուժ, նաև ժամանակ չկա. երկար ենք գնալու:
Գործիքներն ու հացը շալակած տուն ենք դառնում՝մեզնից գոհ:Մի քանի կիլոմետր անցնելուց հետո հայացքներս գամվում ձորալանջի հնձած , արդեն շատ չորացող խոտին:
-Տեսնես ու՞մն է,- հոգնած մորս ձայնի մեջ անհանգստություն կա,- եթե գիշերն էլ քամին միջին խաղ անի, էլ էս խոտը պիտանի չի լինի:

Երկուսիս հայացքն էլ մայր մտնող արևի վերջին շողերի հետ է: Ապա մորս հայացքն իմ աչքերի մեջ է, խոսքից խոսուն հայացքը: Ես վայր եմ դնում ջրամանը, մայրս՝ հացի տոպրակը: Փոցխերն առած՝ խոտի լասերի մեջ ենք: Մութը վրա է հասնում, բայց խոտը խշշում է մեր փոցխերի ատամների տակ:
Խոտը փրկվեց, չնայած չհասցրինք բլուրներ սարքել:
Հայրս շատ ուշ տուն եկավ, գյուղամիջով էր եկել: Ես թախտին ննջում էի:
-Եվգին, ուստա Համոն ձիով ուշ ժամի գնացել է իր խոտատեղը. անհանվիստ է եղել: Տեսել է՝ խոտը հավաքած: Օրհնում էր իր խոտը հավաքողներին և զարմացած էր: Ես էլ ասի, որ կինս ու ա ջիկս այդ կողմերով են անցել: Դուք եք եղել, չէ՞…
-Հա, էրեխիս տանջեցի,-կարճ պատասխանեց ինձնից ոչ պակաս հոգնած մայրս: