Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է վերափոխված Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն իր ելույթում հայտարարեց, որ քննարկվող փաստաթուղթը կենսական նշանակություն ունի և լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: «Սա մի փաստաթուղթ է, որի քաղաքական պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է: Խոսուն է այն, որ այս փաստաթղթի մասին ելույթ ունեցող պատգամավորներներից և ոչ մեկը քաղաքական մեծամասնության անդամ չէ: Դուք չե՞ք ուզում պաշտպանել ձեր օրենսգիրքը, ելույթներ ունենալ ու հանրությանը բացատրել, որ կարևոր բան եք անում»,- ասաց Արսենյանը՝ հավելելով. «Սա խոսում է այն մասին, որ կա\'մ չեք ուզում ելույթ ունենալ, որովհետև խուսափում եք կողմնակալ կարծիք ունենալ այս փաստաթղթի վերաբերյալ, կա\'մ էլ շատ վստահ եք, որ ելույթ ունենալու կարիք չկա: Բայց ելույթ ունենալու կարիք կա, որովհետև սա վերաբերում է Հայաստանին և Հայաստանի ապագային, որն ինձ շատ մշուշոտ է թվում»:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Հարկային օրենսգրքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ սուր քննարդատության է ենթարկել այդ փաստաթուղթը: «Առաջին ընթերցման ժամանակ բավականին էմոցիոնալ ու վրդովված ելույթ ունեցա և տվեցի մի ձևակերպում, թե այս փաստաթուղթը դիվերսիա է Հայաստանի նկատմամբ: Ասեմ, որ հիմա էլ եմ անհանգստացած ու մտահոգված երկրի տնտեսական վիճակով: Հայաստանի տնտեսությունը գտնվում է ողբերգական վիճակում, և այդպիսի տնտեսության վերակենդանացման համար պետք են այլ մոտեցումներ, այլ գործիքներ»,- ասաց նա:
Արսենյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը նման է մի ճանապարհի, որն անցնում է ուղտը` ծանր բեռով: «Հիմա այդ ուղտի վրա բարձել են Հայաստանի տնտեսությունը և ամեն րոպե այդ ուղտի մեջքը կարող է կոտրվել: Եվ եթե այդ ուղտի մեջքը կոտրվի, կկոտրվի կառավարիչների ձեռքով, բայց բոլորս ենք լինելու պատասխանատու, և բոլորս ենք կրելու դրա պատասխանատվությունը»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:
«Ինձ հետաքրքրում էր, թե այս Հարկային օրենսգրքի հիմնական շահառուներն ովքեր են լինելու, և ինձ համար պարզություն մտցրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սանչեսի հարցազրույցը «Ազատությանը»»,- ասաց նա և նշեց, թե տիկինն ասել էր, որ եթե ՀՀ-ն ընդունի այս Հարկային օրենսգիրքը, Հայաստանը կօգտվի, Հայաստանին պետք են լավ ճանապարհներ, լավ կառավարում»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով մեջբերել Սանչեսի «տարօրինակ հայտարարությունը»:
«ՀՀ-ն միջազգային աջակցության կարիք ունի, ներդրումների կարիք, միջազգային շատ հայտնի կազմակերպություններ ՀՀ-ն դիտում են որպես ներդրումներ անելու վայր, սա կարևոր ազդանշան է, Հարկային օրենսգիրքը փոխելով՝ ՀՀ-ն ցույց կտա, որ լուրջ է մոտենում խնդրին, մեծ գումարներ կգան: Եթե դա տեղի չունենա, հասկանո՞ւմ եք, թե ինչ կարժենա երկրի համար»,- հայտարարեց, թե ինքն այս հայտարարությունը համարում է «երկրի ներքին գործերին միջամտություն»:
Արձագանքելով Արսենյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փաստաթղթի առաջին ընթերցման ժամանակ ՀՀԿ-ն է ամենաշատը քննարկումներ ունեցել՝ տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, և իշխող կուսակցության 14 պատգամավոր ներկայացրել է իր առաջարկները: