կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 13:44
Առանց Կատեգորիա

Խոսուն թվեր

Խոսուն թվեր

2013-ի նախագահի ընտրությունների արդյունքները կեղծվել են: Կա մի վիճակագրական տվյալ, որն այդ փաստը անտարակուսելի է դարձնում: Հայտնի է, որ վերջին 5 տարում Հայաստանից հեռացել է 225 հազար մարդ: Այսինքն, այդքան մարդ վերջին 5 տարում դժգոհ է եղել իշխանությունների քաղաքականությունից: Նշանակում է, որ իշխանություններ 225 հազար դարդից, այսինքն, իրենց դեմ քվեարկողներից ազատվել են:

 

2008-ի փետրվարին ԿԸՀ տվյալներով` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 862 հազար մարդ, նրա օգտին չի քվեարկել ընտրություններին մասնակցած 770 հազարը: Այս տարվա փետրվարի 18-ի ընտրություններին դարձյալ ԿԸՀ տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 539 հազար 693 մարդ: Սերժ Սարգսյանի օգտին՝ 861 հազար 371 մարդ: Այսինքն, դատելով զուտ պաշտոնական տվյալներից, նախ գործող նախագահի քվեներից ջրվել են Արթուր Բաղդասարյանի քվեները, այսինքն, այդ մարդն այսօր զրո վարկանիշ ունի, քանի որ 2008-ի համեմատությամբ Սերժ Սարգսյանի քվեները գոնե մեկով չեն ավելացել, ավելին՝ պակասել են: Երկրորդ, 2008-ին քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 667 հազար 955 մարդ: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 328 հազար եւ այլն: Այս տարվա ընտրություններում ընտրողների թիվն ավելացել է ուղիղ երկու հարյուր հազարով, այն դեպքում, երբ 2011-ի մարդահամարի տվյալներով երկրի բնակչության թիվը 2 միլիոն 871 հազար է:

 

Ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել: Հինգ տարվա ընթացքում երկրից պաշտոնական տվյալներով արտագաղթում է 225 հազար մարդ, որոնք բնականաբար իշխանությունների հանդեպ լավագույն զգացումները չեն ունեցել: Այս թիվը հանում ենք 2008-ի 770 հազարից: Ուշադիր եղեք, իշխանությունները փորձել են արտագաղթի թվերը հարմարեցնել քվեարկության արդյունքներին: Նշանակում է, Սերժ Սարգսյանի ամբողջ էլեկտորատը մնացել է երկրում, իսկ ընդդիմության էլեկտորատի 225 հազարը հեռացել է: 770 հազարից հանում ենք 225 հազար, ստանում ենք 545 հազար: Հիմա հասկացա՞ք: 5 տարվա ընթացքում քվեարկողների սերունդ է մեծացել: Ինչպիսի համամասնություն: Բոլոր նրանք, ովքեր այդ չափահաս դարձածներից համակրել են Սերժ Սարգսյանին, մնացել են երկրում, իսկ ովքեր չեն համակրել նրան, գերադասել են հեռանալ: Այդ հեռացողները հենց չափահաս դառնալուն են սպասել: Կամ:

 

Փորձենք հանգուցյալների թվերով դատել: 225 հազարը վերցնենք որպես բացարձակ թիվ: Այսինքն, այդքան ընդդիմադիր ընտրող ոչ թե հեռացել է, այլ՝ մահացել: Բայց մահացել են ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ, կարծում եմ, Սերժ Սարգսյանի համակիրները: Պարզապես խնդիրն այն է, որ 5 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի համակիրները մահացել են այն համամասնությամբ, որ համակիր նոր երիտասարդները եկել եւ լրացրել են նրանց տեղը: Իսկ ահա ընդդիմության համակիրները միայն մահացել են եւ 5 տարվա ընթացքում չափահաս դարձած ոչ մի ընտրող այդպես էլ ընդդիմությանը համակրելու պատճառ չի գտել: Այսինքն, 225 հազար մեռնող ամենայն հավանականությամբ ապրողներին պատգամ է թողել՝ չհամակրեք ընդդիմադիրներին, կմեռնեք մուրազներդ փորներումդ: Եվ չափահաս դարձած ընտրողները Սերժ Սարգսյանին համակրելուց առաջ ընտրել են կյանքի եւ ապահովության լավագույն ուղին՝ պարզապես մերժել են ընդդիմությանը: Այսինքն, մինչ ընդդիմադիր լինելը ոչ մի պատգամ չի կրում այն աշխարհ գնալու ճանապարհին, իշխանամետ հնարավոր հանգուցյալը միայն Սերժ Սարգսյանին համակրելու պատգամներով է լեցուն: Եվ պետք է ասել, որ մահից առաջ շատ արդյունավետ է իրականացնում ապրողներին իր համակրանքի մեջ ներքաշելու գործը: տագնապեցնող է, թերեւս, այն, որ նա, այնուամենայնիվ, մեռնում է: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ չափահաս դառնալու ընթացքում մարդը նախ եւ առաջ նկատում է Սերժ Սարգսյանի տքնաջան երկրաշինությունը: Հետո նոր զբաղվում է մնացած գործերով: Եվ ստացվում է, որ նրանցից ոչ մեկը ընտրակաշառքով, սպառնալիքով կամ խաթրով քվեարկելու պատճառ չի ունեցել, քանի որ եթե դրանցով քվեարկած լիներ, ինչքան ապարդյուն համակիր հանգուցյալներ կունենայինք գերեզմանատներում, որոնցից ոչ մեկի անկեղծ սերը, փաստորեն, համոզիչ չի եղել:

 

Սեյրան Հանոյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: