կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 18:39
Քաղաքական

Այս փուլում Մ. Լազարյանի անազատության մեջ գտնվելն անթույլատրելի է. փաստաբան

Այս փուլում Մ. Լազարյանի անազատության մեջ գտնվելն անթույլատրելի է. փաստաբան

Փաստաբան Արկադյա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր պաշտպանյալի՝ ՌԴ քաղաքացի, այս օրերին ՀՀ-ում կալանավորված Միսակ Լազարյանի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքները։  Փաստաբանն այդ առիթով ցիտել է նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը։ Գրառումը՝ ստորև.

«Եվրոպական դատարանը Էմինբեյլին ընդդեմ ՌԴ-ի 26.02.2009թ. թիվ 42443/02 բողոքի քննությամբ նշել է, որ ի կատարումն ՄԻԵ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «Զ» կետի, անձին անազատության մեջ պահելը արդարացված կհամարվի, եթե դա կատարվել է հենց անմիջական հանձնման հարցի քննարկման ժամանակ, այլապես անազատության մեջ պահելը կհամարվի նշված նորմի խախտում: Սա նշանակում է, որ հանձնման համար կալանավորումը կարող է արդարացված և իրավաչափ համարվել բացառապես միայն այն դեպքում, երբ առկա չէ հանձնումը բացառող որևէ գործոն: Այս պարագայում, երբ ՀՀ Միգրացիոն ծառայությունում քննվում է Միսակ Լազարյանին ապաստան տրամադրելու հարցը, ինչը հանդիսանում է հանձնման կատարումը բացառող հանգամանք, ապա ՀՀ Գլխավոր դատախազությունը որպես լիազոր մարմին չի կարող քննարկել նրան հանձնելու հարցը, հետևաբար Մ.Լազարյանի անազատության մեջ գտնվելն անթույլատրելի է և հակասում է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի «Զ» կետին: Ավելին, այս դեպքում պետք է կիրառվի խափանման այլ միջոց, մինչև ապաստանի հարցի վերջնական որոշումը»։

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին Yerkir.am-ն անդրադարձել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելու մտադրությանն ու Լազարյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին դատախազությունը դիմում է դատարան՝ երկու ամսով կալանավորելու համար։ Միսակ Լազարյանը մոտ 17 օր գտնվում էր հացադուլի մեջ։

Yerkir.am-ի անդրադարձից և այդ առթիվ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի ներկայացրած պարզաբանումներից հետո, Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը։

Փաստաբան Գևորգյանը և ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ ապրիլի 4-ին դիմել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրաձայնելով Լազարյանի չհանձնման և ՀՀ-ում ապաստան տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերը։ Թաթոյանը նշել էր, որ վարույթ կնախաձեռնվի, պարզաբանումներ ստանալու համար գրություններ կուղարկվեն, իսկ հացադուլի հարցը կգտնվի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում։

Ապրիլի 6-ի առավոտյան Արկադյա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Միսակ Լազարյանը դադարեցրել է հացադուլը։ Նույն օրը փաստաբանը Yerkir.am-ին տված հարցազրույցում խոսել էր Միսակ Լազարյանի արտահանձնման գործընթացը կասեցնելու, ՀՀ-ում կիրառված խափանման միջոցը փոխելու և ապաստանի տրամադրման ուղղություններով իրականացվող քայլերի մասին։

Մեկ այլ գրառմամբ  Արկադյա Գևորգյանն իր անդրադարձել էր Միսակ Լազարյանի հնարավոր արտահանձնումը բացառող հանգամանքների և օրենսդրական երաշխիքների մասին։ Փաստաբանն այդ առիթով ցիտել էր նաև միջազգային որոշ հանրագրեր՝ միաժամանակ հիմնավորելով, որ ստեղծված իրադրության պահմաններում պետք է փոխվի նաև նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը: