կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 16:35
Մշակույթ

Համալիրի «բախտը»` վաճառք, խաղատուն, հյուրանոց, այս ֆոնին` մշակույթի նախարարության խոսուն լռությունը

Համալիրի «բախտը»` վաճառք, խաղատուն, հյուրանոց, այս ֆոնին` մշակույթի նախարարության խոսուն լռությունը

Համալիր. անցյալն ու ներկան

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 13-ի նիստում որոշում կայացրեց պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող /2014թ. օգոստոսի 21-ի` կառավարության նիստում արձանագրված որոշման համաձայն/ և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ին։ Այն վաճառվեց 30 մլն ԱՄՆ դոլարով:

Ուշագրավ է, որ կառավարությունը հավանություն է տվել կազմակերպության ներդրումային ծրագրին: Մեջբերում ենք կառավարության կայքում առկա տեքստից. «Ընկերությունը նպատակ ունի` Համալիրի զբաղեցրած հողամասին հարող 8.547 հա տարածքում իրականացնել կառուցապատում` հյուրանոցային համալիրներ կառուցելու նպատակավ, որոնք կներառեն` ռեստորաններ, խանութներ, խաղատներ և ժամանցի այլ վայրեր, ինչպես նաև փակ ջրային ատրակցիոն»:

Պարզ է, որ կառավարությունը վաճառել է Համալիրին հարող տարածքը գնորդին` նրան շահագրգռելու համար, սակայն, թե ի՞նչ են մտածել, երբ ներդրումային ծրագրին որոշել են հավանություն տալ, հասկանալի չէ, քանի որ դժվար է պատկերացնել խաղատան գոյությունը Ծիծեռնակաբերդին հարող տարածքում:

Համալիրը կյանքի կոչելու համար 1960-ական թվականների վերջին հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «Հայպետնախագիծ» ինստիտուտը: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նախագիծը երկար տարիներ այդպես էլ կյանքի չկոչվեց: Ավելի ուշ` 1975-ին, Հայաստանի կառավարությունը դիմում է Մոսկվային՝ Մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունը ստանալուն պես սկսվում են շինարարական աշխատանքները, որոնց ղեկավարությունն իր վրա է վերցնում ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը:  Մարզահամերգայինի առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման հանձնվեց 1983-ին,  իսկ երկրորդ դահլիճը` 1984-ի հոկտեմբերի 13-ին՝ Համալիրի հանդիսավոր բացմամբ:

2005-ին պարզվեց, որ պետությունն այլևս ի վիճակի չէ պահպանել Համալիրը /տարիներ շարունակ այն ուղղակի չէր օգտագործվում, և տեսքը բավական անմխիթար էր/, և այն վաճառվեց «ԲԱՄՕ»-ին: Համալիրի երջանիկ օրերը երկար չտևեցին. 2012-ին արդեն լուրեր էին պտտվում, որ «ԲԱՄՕ»-ի գործերը լավ չեն, իսկ 2013-ին հաստատվեց, որ ընկերությունը պարտքեր ունի ՀՀ-ին /2008-ին` 3 մլն դրամ, իսկ սոցվճարների մասով՝ գրեթե 27 մլն/: Ավելին` 2009-ին Հայաստանին հատկացված 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար էր տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին: 2014-ի  օգոստոսի 21-ին վարկը չմարելու պատճառով ՀՀ կառավարությունը «ԲԱՄՕ»-ից վերցրեց Մարզահամերգային համալիրը և հանձնեց ՀՀ ՊՆ-ին…

«ԲԱՄՕ»-ին վաճառելուց տասը տարի անց շենքը կրկին վաճառվեց, այս անգամ` բոլորովին անհայտ մի կազմակերպության:

Ի դեպ, երբ Համալիրը վաճառեցին «ԲԱՄՕ»-ին, ժողովուրդը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր կազմակերպել:

 

Համալիրի համահեղինակ ճարտարապետները` կառույցի վաճառել-չվաճառելու մասին

Երջանկահիշատակ Արթուր Թարխանյանի /ՄՀՀ-իի գլխավոր ճարտարապետ/ դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը վաճառքն իրականացնելու ժամանակ պետք է անպայման հստակ մշակված ծրագիր ունենա, որը կանխավ հաստատված կլինի, հանրային քննարկման դրված: Շենքը հանրային նշանակության է, և, ըստ Թարխանյանի, մեկ մարդու որոշումը կամ կարծիքը չի կարող դիրքորոշիչ լինել:

«Անպայման պետք է հաշվի առնեն նաև հանրային կարծիքը, թե մարդիկ ինչպիսին են ուզում այդ շենքը տեսնել, ինչ նպատակների ծառայի այն: Չէ՞ որ այդ շենքը մեծ դեր է խաղում, այն կապված է թե՛ սպորտի, թե՛ զվարճանքի, թե՛ հանգստի հետ: Ըստ օրենքի էլ` գրված է, որ այդ մասշտաբի շենքերի վաճառքը պետք է անպայման հանրային քննարկման դրվի, մինչև կառավարությունը վերջնական ծրագիր մշակի ու վաճառի»,- ասում է Անահիտ Թարխանյանը:

Նա, այնուամենայնիվ, որևէ վատ բան չի տեսնում, որ վաճառում են Համալիրը, բայց, միևնույն ժամանակ համոզված է` մինչև շենքի վաճառքը հանրությունը պետք է իր կարծիքը հայտնի, որից հետո էլ պետք է մարդկանց մի խումբ ձևավորվի, որոնք կհետևեն, թե ինչպես է իրացվում կառավարության որոշումը:

Ըստ Թարխանյանի` կարևոր է նաև մշակույթի նախարարության կեցվածքը: «Նախարարներն ու նախարարությունները պետք է ունենան ակտիվ և կողմնորոշիչ դիրքորոշում»,- ասում է նա:

Համալիրի համահեղինակ ճարտարապետներից Գուրգեն Մուշեղյանի կարծիքով` ամենևին էլ կարևոր չէ` ում են վաճառել շենքը, կարևորը` ՄՀՀ-ն պահպանվի իր ֆունկցիաներով, իր դիրքով ու միջավայրով: Ըստ Մուշեղյանի` տարածքում ոչինչ չի կարելի կառուցել, քանի որ Համալիրը հանրային տարածք է, իսկ Երևանում հանրային տարածքները շատ քիչ են:

«Այն ընդհանուր օգտագործման տարածք է, և ենթակա չէ առևտրային օբյեկտներ հիմնելուն, թեկուզ` հյուրանոց: Ի՞նչ կապ ունի հյուրանոցը Ծիծեռնակաբերդի հետ: Եթե ուզում են այդ մարդուն լավություն անել, թող անեն, ես ոչ մի առարկություն չունեմ, բայց ամեն ինչ պետք է իր տեղում գտնվի, ոչ թե` որտեղ ուզեն: Ի՞նչ պարտադիր է, որ նրա բիզնեսը հենց իր կողքին լինի: Ոչ միայն Համալիրից, այլ նաև Ծիծեռնակաբերդի տարածքից հեռու պետք է լինի ցանկացած կառույց: Ինչ վերաբերում է` ով է տերը, գնորդը` կարևոր չէ, կարևորը ճիշտ շահագործվի այն, լավ մենեջմենթ լինի, որ կառույցն ապրի»,- ասում է Մուշեղյանը:

Նրա հավաստմամբ` ըստ գլխավոր հատակագծի և Ծիծեռնակաբերդի զբոսայգու նախագծի` այնտեղ ուրիշ օբյեկտներ տեղադրել չի կարելի, և եթե կառավարությունն ուզում է, որ այդ մարդու բիզնեսը զարգանա, նա ներդրումներ կատարի Հայաստանում, թող ուրիշ տարածք տրամադրեն:

Համալիրի համահեղինակներից ճարտարապետ Գրիգոր Ազիզյանը հիշեց, որ երբ այն առաջին անգամ վաճառվեց ԲԱՄՕ-ին, մոտավորապես 40 մլն-ի ներդրում կատարեցին գնորդները և ահռելի աշխատանք կատարեցին` ամբողջությամբ փոխելով լուսավորությունը, ակուստիկան, ջեռուցման և օդափոխման համակարգը, մի խոսքով` շենքը տեսքի բերեցին:

«Այդ ժամանակ բոլորը գոհ էին, քանի որ Համալիրի կերպարը չփոխվեց, ավելի արդիականացավ, այսինքն` նրանք նոր շունչ տվեցին կառույցին: Չեմ ուզում մեկնաբանել` ինչ կատարվեց դրանից հետո, բայց մի բան պարզ էր` պետությունը վաճառեց այն, որովհետև չէր կարող ապահովել դրա սպասարկումը: Պետությունը, միանշանակ, հիմա էլ չի կարող դա անել: Հետո պետությունը ոչ թե ՊՆ-ին հանձնեց Համալիրը, այլ տվեց պահպանման, որպեսզի այնտեղ թալան չլինի: Սակայն պահպանել` չի նշանակում պահակակետեր դնել և միջոցառումներ չիրականացնել: Վաճառելը միայն ճանապարհն է, որի միջոցով կարելի է այդ շենքը պահպանել, հակառակ պարագայում` այն կվերածվի այն վիճակին, որում կար առաջին վաճառքից առաջ»,- ասում է Ազիզյանը:

Նա նշում է, որ զարհուրելի չի համարում, եթե այնտեղ հյուրանոց կառուցվի, բայց այն պետք է այնպիսին լինի, որ չխաթարի բուն կառույցի կերպարը: Ինչ վերաբերում է տեղում խաղատուն և փակ ջրաշխարհ կառուցելուն, ապա, Ազիզյանի կարծիքով, Դալմայի այգիների շրջանում լուրջ տարածքներ կան` չմշակվող, դատարկ, և ջրաշխարհը կարելի է կառուցել հենց այդ տարածքում, որտեղ նաև բավական խոր փոսորակ կա` 15-16 մ խորությամբ: «Խաղատուն կառուցելը վերադարձ է նրան, որ մենք Երևանում նորից խաղատներ կունենանք, որին ես կտրականապես դեմ եմ: Երևանում պարզապես չի կարելի թույլ տալ որևէ խաղատան գոյություն, ուզում է` միլիարդների ներդրում կատարվի, էլ չեմ խոսում այդ տարածքի մասին: Մարդը, ով այնտեղ ինչ-որ բան է անում, հույսը չպետք է դնի նրա վրա, որ ինքը խաղատնից ստացած եկամուտով պետք է պահպանի Համալիրը: Ես կոչ կանեմ մեր պատգամավորներին` այդտեղից սկսել և հանել այդ կետն օրենքից»,- ասում է ճարտարպետը:

Համալիրի համահեղինակ-ճարտարապետներից ևս մեկը` Հրաչ Պողոսյանը, նշում է, որ ինքը կողմնակից է Համալիրի փրկվելուն` ուզում է` վաճառվի, ուզում է` չվաճառվի, բայց այն պետք է փրկվի: Ըստ նրա` եթե կառավարությունն ու պետությունն այն կարող են փրկել առանց վաճառքի, թող այդպես էլ անեն, իսկ եթե չեն կարող, ուրեմն պետք է վաճառեն: «Եթե սեփականատերը հայտնվի, կուզեի խոսել նրա հետ: Ես գիտեմ` որտեղ է հարկավոր կառուցել հյուրանոց կամ խաղատուն. կողքի թաղամասում տարածք կա, թող այնտեղ անեն, ինչ ուզում են, բայց ոչ` այդ տարածքում: Ի դեպ, մեր օրենքը թույլ է տալիս խաղատուն կառուցել Երևանում: Կարծում եմ` եթե վաճառել են, նշանակում է` միակ ելքն էր: Համալիրը պետք է աշխատի, ծառայի ժողովրդին, եթե պետք է կողպեք դնեն դռան վրա և այդպես պահպանեն, ո՞ւմ է պետք, դա պահպանել չէ»,- համոզված է ճարտարապետը:

Պողոսյանն ուզում է, որ Համալիրը Երիտասարդական պալատի նման «գետնի տակ չանցնի», այլ Կասկադի բախտին արժանանա: «Գաֆեսճյանը որ գնեց Կասկադը` լա՞վ, թե՞ վատ էր: Չգիտեմ, կարող է` լավ լինի, կարող է` վատ, բայց, անկեղծ ասած, ոչ մի հույս էլ չունեմ: Հույսը, երաշխիքը պետք է կառավարությունն ունենա, ոչ թե ես»,- ասում է նա:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ փորձում է օրենքի տեսանկյունից դիտարկել. ըստ այդմ` շենքի տերը պետք է, օրենքով սահմանված կարգով, նախապես պայմանագիր կնքի շենքի պահպանման հարցով: Ըստ նրա` Համալիրի հետ կապված երկու հարց կա` հուշարձանի պահպանում և տարածքի օգտագործում:

«Այդ ամբողջ տարածքը հատուկ պահպանման գոտի է` Երևանի հատակագծով հաստատված, այսինքն` այն հանրային օգտագործման տարածք է` կառուցապատման ոչ ենթակա: Ծիծեռնակաբերդի տարածքը 120 հա է, 120-ից 20-ն ամրագրած է Համալիրին: 20 հեկտարից 7-ը շենքն է զբաղեցնում, 10 հա էլ դրան ամրակցված` կողքի այգին է: Քաղաքապետարանն ինչպե՞ս է հավանություն տվել` այն սեփականաշնորհել և այգին էլ տալ նոր գնորդին, եթե հարցը հանրային քննարկման չի դրվել: Սա օրենքի կոպիտ խախտում է»,-ասում է  Քալաշյանն ու հավելում, որ մեզ մնում է բողոքարկել, որ որոշումը չեղարկեն:

Ըստ նրա սակայն, սա միակ խախտումը չէ. օրենքով արգելված է պետական գույքը վաճառել կոնկրետ մեկին, վաճառքը պետք է աճուրդով կայանար: «Ի՞նչ է, ուրիշ գնորդ չկա՞ր, օրինակ` Էռնեկյանը գուցե երկու անգամ ավելի գումար կտար: Նշանակում է` սրա տակ ինչ-որ մութ գործարք կա»,- ասում է ճարտարապետը:

 

Մշակույթի նախարարության «խոստումնալից» լռությունը

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին` կառավարության նիստի ժամանակ էլ որոշվեց վաճառել Համալիրը: Դրանից գրեթե 3 շաբաթ հետո, երբ լրագրողները փորձեցինք ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանից կարծիք իմանալ, թե ինչպիսին է մշակույթի նախարարության տեսակետը` ՄՀՀ-ի վաճառքի հետ կապված,  Սամուելյանը պատասխանել էր. «Երբ նախագիծը լինի, նկատի ունեմ` գծագիր-նախագիծը, հնարավոր կլինի դրա մասին խոսել»: Հաջորդ հարցին, թե` ձեզ համար նորմա՞լ է, որ այնտեղ խաղատուն է լինելու, պատասխանել էր.«Ես երբևիցե նման նախագիծ չեմ տեսել, երբ տեսնեմ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ»:

Հիշեցնենք տիկին Սամուելյանին իրենց որոշ իրավունքների և պարտականությունների մասին` բնականաբար, հիմք ընդունելով միայն օրենքներն ու օրենսդրական ակտերը:

Փոխնախարարն ասում է` երբևէ որևէ նախագիծ չի տեսել, զարմանալի է` ինչպե՞ս են տվյալ դեպքում վաճառքն իրականացրել, քանի որ, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի» հոդված 37-ի. «Հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին: Հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը»: Հոդվածում բոլորին մատչելի ձևով գրված է` եթե օրինական առք ու վաճառք է եղել, և լիազորված մարմինը, այս դեպքում` մշակույթի նախարարությունը, գրանցել է հուշարձանի օտարման գործարքները, նշանակում է` պետք է  որ տեղյակ լինի բոլոր մանրամասներին:   

Բացի այդ` հուշարձանի նոր գնորդը պարտավոր է հուշարձանի սեփականատիրոջ /այս դեպքում` ՀՀ մշակույթի նախարարության/ հետ կնքել պահպանական պարտավորագիր` համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության  438 որոշման VI-րդ գլխի / «Սեփականությունը հուշարձանների նկատմամբ»/  99-րդ կետի. «Հուշարձանը օտարվելու կամ գրավ դրվելու դեպքում չեղյալ է համարվում սեփականատիրոջ հետ կնքված պահպանական պարտավորագիրը, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքը նոր սեփականատիրոջն անցնելուց հետո նրա հետ կնքվում է համապատասխան պարտավորագիր»:

Այսինքն` եթե Համալիրի առք ու վաճառքի ժամանակ կնքվել է պահպանական պարտավորագիրը, ապա մշակույթի փոխնախարարը չէր կարող ասել, թե նախագիծ չի տեսել և միայն այն տեսնելուց հետո կարող է հարցերին պատասխանել: Իսկ եթե չի կնքվել պահպանական պարտովորագիր, ապա դա արդեն ուրիշ խնդիր է`  օրենքի կոպիտ խախտում: Այսինքն` հարգելի\' փոխնախարար, երկու դեպքում էլ արդարանալու փորձերը չեն անցնում, քանի որ եթե Դուք` ոչ, մենք գոնե օրենքին ծանոթ ենք:

Մյուս կողմից` այն, որ մշակույթի նախարարությունը պաշտոնապես կարծիք չի հայտնում, զարմանալի չէ /ոչ մի կերպ չեմ հիշում որևէ հայտարարություն, ասենք, Երիտասարդական պալատի, Փակ շուկայի վերաբերյալ/, զարմանալի կլիներ, եթե հայտներ և հանդես գար քննադատական հայտարարությամբ, թե` հուշարձանի տարածքում խաղատան գոյությունն աններելի է, ի վերջո, տարածքը, կառույցը պատմամշակութային արժեքներ են:

Հուսանք` Համալիրի ճակատագիրը որոշելիս հաշվի կառնեն հեղինակ-ճարտարապետների կարծիք-առաջարկությունները, կզրուցեն նրանց հետ, և եթե լավատես լինենք, գուցե նաև հանրային քննարկման դրվի հարցը, ու վերջնական որոշումն ընդունելիս մշակույթի նախարարությունն էլ արդեն տեղյակ կլինի նախագծի գոյության մասին ու գոնե խաղատան հետ կապված հստակ դիրքորոշում կհայտնիի, չէ՞ որ խաղատունը մշակութային արժեք չէ ու, առհասարակ, արժեք չէ:

 

Կարինե Հարությունյան