Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ լույս է տեսել Վարդուհի Գասպարյանի «Խոսուն լռություն» գիրքը` ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի մասին պատմող: Գիրքը բաղկացած է երկու մասից, առաջին մասում Ամալյանի մասին պատմող հուշեր են` Ամալյանի ընտանիքի, ընկերների, մարտընկերների, ուսուցիչների, հայտնի ու սիրված մարդկանց, իսկ երկրորդում Ամալյանի երգերի նոտագրումներն ու բառերն են: Ամալյանը, բնականաբար, գրքի գոյության մասին լուրը վրդովմունքով է ընդունել` իր համեստության պատճառով:
-Ամալյանը տեղյա՞կ է եղել գրքի ստեղծման մասին, մասնակցե՞լ է աշխատանքներին, քանի որ, որքան ճանաչում եմ նրան, մի քիչ դժվար է պատկերացնել այդ պրոցեսը:
-Դավիթը չի իմացել գրքի ստեղծման մասին: Երբ գիրքն ավարտուն տեսք ուներ, և ես պետք է դիմեի ինչ-որ մեկին` հովանավորության համար, արդեն ստիպված էի նրան տեղյակ պահել: Մեղմ ասած` շատ վատ արձագանքեց, լուռ ու ջղային, իսկ շնորհանդեսի օրն անընդհատ դռան մոտ կամ դրսում էր կանգնած: Զայրացել էր, թե ինքն ո՞վ է, որ իր մասին պետք է գիրք գրվի: Ամալյանի արվեստին հետևել եմ դեռ վաղուց. ամեն ինչ սկսվեց «Հոգու հնչյուն» երգից: Շատ գնահատել եւ սիրել եմ նրա արվեստը, ու ինձ համար միշտ հետաքրքիր է եղել, թե այդքան նուրբ ու քնքուշ երգերի ներքո ո՞վ է թաքնված: Չէի պատկերացնում` ազատամարտիկ ու այդ աստիճան նուրբ հոգի: Իսկ երգերը շատ խորիմաստ են, իսկ հիմա Հայաստանում փուչիկի արագությամբ փչվող երգերն են հիթ դառնում ու նույն արագությամբ էլ կորչում:
-Ամալյանի կնոջ` տիկին Արմինեի հե՞տ էլ համագործակցություն չի եղել: Գրքում կան նկարներ, որ անձնական արխիվից են:
-Չէ, ի սկզբանե ոչ ոք էլ չի իմացել այդ մասին: Արմինեին էլ վերջում եմ տեղյակ պահել և խնդրել նկարներ ինձ տրամադրել: Դավիթին ցույց տվեցի նմուշը, որ երկու բառ կարդար ու հասկանար, որ ես չեմ գրել այն, ինչ իրականում չկա, դեռ մի բան էլ քիչ եմ գրել: Գիրքն ամբողջականորեն ներկայացնում է Դավիթ Ամալյանին, «Ընտանիք և սեր» բաժնում անգամ ներկայացրել եմ նաև Դավիթի անցած ճանապարհը. դպրոցական պատմություններ կան, որոնք պատմում է նրա ուսուցչուհին: Ինձ թվում է, որ ես այդ ընտանիքում եմ մեծացել, մարտում տեսել տղաների կռիվը: Դավիթի շնորհիվ ես «Ազգային լեգեոն» ջոկատը բացահայտեցի:
-Մի տեսակ տարօրինակ չէ՞ր առհասարակ շրջապատի արձագանքը, քանի որ մեզ մոտ ընդունված է մարդու մասին գիրք գրել, նրան մեծարել միայն մահից հետո:
-Գիտե՞ք, Դավիթին բոլորն են սիրում, անգամ նրանք, ովքեր նորմալ չեն էլ ճանաչում նրան: Այո, մեզ մոտ այդպես է, բայց դա շատ սխալ է, մարդը պետք է հասկանա, որ իրեն սիրում են, ինքը գնահատված է նաև կենդանության օրոք: Ամալյանը մարդ է, ով չի սիրում… չէ, չեմ կարող ասել, թե չի սիրում, որովհետև յուրաքանչյուրին էլ հաճելի է, երբ իրեն սիրում են, քանի որ այդ սերն ինքն է տալիս:Ուզում եմ, որ այսուհետ ողջերի մեջ էլ հերոսներ փնտրենք:
-Ամալյանի ականջից հեռու` Ամալյանի ֆենոմենը ո՞րն է:
-Մենք սովոր ենք դժվարությունների ժամանակ դիմացինին մեղադրել, իսկ Ամալյանն ինձ «սովորեցրեց» ինձնից սկսել, նրա միջոցով մեղքն ինքս իմ մեջ փնտրելու գաղափարն եմ բացահայտել: Ամենակարևորը ճիշտ ապրելն է, գիրքը գրելիս հասկացա, որ ես հպարտ պետք է լինեմ, որ իմ երկու եղբայրներն էլ, Հայաստանում չապրելով, եկել-ծառայել են այստեղ: Ամալյանն ինչ գրում-երգում է, այնպես էլ ապրում է: Ամալյանն, ամեն ինչ թողած, արել է հնարավորը` զինվորների կողքին լինելու համար, իսկ մյուսները, ասենք, Ամանորը կամ մյուս տոնական օրերն անցկացրել են ռեստորանում, հեռուստաընկերություններում:
-Ամալյանի տեսակը մի տեսակ շատ չի՞ պակասում մեր հասարակության մեջ:
-Ամալյանի նմանների կարիքը շատ, շատ ունենք: նա փոքրի հետ փոքր է, մեծի հետ` մեծ: Ինքը եթե սովորեցնող կերպար չլիներ, չէի ներկայացնի: Նրա մասին գիրք գրելով` միգուցե կորցրել եմ ընկերոջս, բայց գոհ եմ իմ աշխատանքից: Ձևական ոչ մի կողմ չկա նրա մոտ, միշտ պատրաստ է օգնել յուրաքանչյուրին: Ես գրել եմ մի գիրք, որի միջոցով շատերը կճանաչեն նրան, գիրք, որն այսօրվա զինվորին շատ կօգնի, քանզի զինվորը կհասկանա, որ խաղաղ ժամանակ պետք չէ խուսափել ծառայությունից:
Կարինե Հարությունյան