Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 5 կոմպոզիտոր /ներկայացնելով մնացած`42-ի շահերը նույնպես/ դիմել են դատարան, որպեսզի պարտավորեցնեն միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին օրենքով սահմանված ժամկետում անցկացնել արտահերթ համագումար:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Մանուչարյանը նշեց, որ խախտված են օրենքի մի քանի կետեր, որոնք պետք է քննվեն արտահերթ համագումարում: Ըստ փաստաբանի` առաջին հերթին խախտվել է Քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածը, այսինքն` Ամիրխանյանը տվյալ հասարակական կազմակերպության կողմից ընտրված նախագահ չէ, որպեսզի առանց լիազորագրի ներկայացնի ՀԿ-ի շահերը պետական եւ ոչ պետական մարմիններում:
«Նա միության նախագահ է ընտրվել 2009թ. մայիսի 23-ին` երկու տարի ժամկետով եւ 2011-ին սպառվել են իր լիազորությունները` ըստ օրենքի եւ ըստ կանոնադրության, սակայն նա 2011-ի մայիսի 23-ից ոչ լեգիտիմ կերպով, ինքնահոսի թողած, ղեկավարում է միությունը»,- ասաց Մանուչարյանը:
Փաստաբանի հավաստմամբ` խախտվել է նաեւ ՀԿ-ի մասին օրենսդրությունը. ՀԿ-ն այսօր, Մանուչարյանի հավաստմամբ, չգիտես` ինչ-ինչ պատճառներով չունի ՀՀ օրենսդրությամբ եւ կանոնադրությամբ նախատեսված եւ սահմանված կարգով ընտրված այլ ղեկավար մամիններ, այսինքն՝ վարչություն եւ նախագահություն (նախագահական խորհուրդ եւ վերստուգիչ հանձնաժողով):
Սա դեռ ամենը չէ. խախտված է եւս մեկ օրենք, ըստ որի` ՀԿ կանոնադրության համաձայն` որոշված պարբերականությամբ, այն է` ոչ ուշ, քան տարին մեկ անգամ համագումար անցկացնել:
«Իսկ թե այս ընթացքում, ոչ լեգիտիմ լինելով, ինչ գործարքներ է կնքել, պարզ չէ: Խնդիրներ կան, որ կոլեգիալ են ընդունվում, օրինակ` ինչպե՞ս տնօրինել գույքը տարիների ընթացքում, չի արվել: Ամիրխանյանն ուղղակի չի հրավիրել ժողովներ եւ հաշվետու չի եղել համագումարի առջեւ: Համագումարը չի հաստատել որեւէ հաշվետվություն, որեւէ մեկը տեղեկություն չունի, թե ինչ կերպով է տնօրինվել միավորման գույքը»,- ասաց Մանուչարյանը:
Ըստ նրա` Ամիրխանյանը չի կատարել նաեւ օրենքի վերջին պահանջը` միավորման մեկ երրորդի պահանջով /կանոնադրության համաձայն/` 14 օրվա ընթացքում արտահերթ համագումար հրավիրել: Փաստաբանի հավաստմամբ` հաշվի առնելով այս ամենը` կարելի է վստահ ասել` կոմպոզիտորների պահանջն օրինաչափ է, եւ մնում է միայն դատարանը օր նշանակի եւ քննի նրանց պահանջը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ yerkir.am-ի հետ զրույցում Ամիրխանյանն ասել էր, որ հոկտեմբերի 26-ին միությունում համագումար է անցկացվելու: