Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի՝ ապրիլի 17-ի ուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքը Հանրային հեռուստաընկերությունը ժամ առաջ շտապեց «գցել» իր վրայից՝ հայտարարելով, որ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Շանթ», «Արմենիա ԹիՎի», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։ Իշխանություններին սատարող կեղծ ու իրական օգտատերերն էլ, բնականաբար, սկսեցին արագորեն այդ ամենի մեղավորներին փնտրել Հանրային հեռուստատեսության շրջանակներից դուրս։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը՝ ճիշտ հակառակը, ավելի ուշ տարածած իր հաղորդագրությամբ ծանրագույն մեղադրանքներ ներկայացրեց Հանրային Հեռուստաընկերությանը՝ նշելով, որ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ։
Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։
Եվ չնայած այդ կադրերում որևէ ամոթալի բան չկար, փոխարենն առկա էր սովորական, աշխատանքային իրավիճակ, այդուհանդերձ, այս ամենը հիմք ծառայեց, որ իշխանական «ֆեյքերն» ու նիկոլապաշտ օգտատերերը, ավանդույթի համաձայն, տարվեն «դավադրությունների տեսությամբ» և Հանրային հեռուստաընկերության ներսում սկսեն փնտրել «հակահեղափոխական» սաբոտաժ։ Այնինչ, այս ամենն ունի հստակ պատճառ և հստակ մեղավոր։ Պարզորոշ է՝ գործ ունենք հերթական պետական հիմնարկի աշխատանքի ձախողման խայտառակ իրողության հետ, և այդ խայտառակությունն ու անգրագիտությունն այն աստիճան խորն է, որ անգամ չաշխատեցին նախկինում հաջողությամբ կիրառված «փրկչական օպերացիաները», այն է՝ ամեն ինչ բարդել «հակահեղափոխականների», «հների» կամ «սևերի» վրա։ Համոզված ենք, որ սա տարրական անգրագիտություն ու փնթիություն է, որի հեղինակը հենց իշխանությունն է` իր ապաշնորհ կադրային քաղաքականությամբ, կադրային ջարդով և յուրայիններին ամեն տեղ խցկելու ցանկությամբ։
Վստահ ենք, որ հեռուստատեսությունում՝ տարիներով, գուցե՝ տասնամյակներով, տարբեր իշխանությունների օրոք աշխատող ոչ մի պրոֆեսիոնալ թույլ չէր տա իրեն՝ ծաղրել պետության ղեկավարին կամ դառնալ տեղեկատվության արտահոսքի հեղինակ։ Այդ մարդիկ չափից շատ լուրջ ճանապարհ են անցել և չափից շատ հարգում են իրենց, որպեսզի թույլ տային նման բան։ Այս ամենի մասին հարկավոր էր մտածել, երբ պրոիշխանալան կայքերի «լայվերի» մասնագետներին ու իշխանությանը գովաբանող նյութերն «anxna taracox»-ներին բերում լցնում էին Հանրային հեռուստաընկերություն՝ հեշտությամբ վռնդելով փորձառու մասնագետներին։
Պարզորոշ է՝ այս ամենն արդյունք է այն խայտառակ իրողության, որ իշխանության և Հանրային ՀԸ-ն վարած քաղաքականության արդյունքում այնտեղից դուրս եկան լավագույն մասնագետներն ու տեղը ներխուժեցին «քայլողներն» ու նրանց «քայլքը» լուսաբանողները։
Ի դեպ, նույն այդ ցածր պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում նաև վարչապետի մամուլի խոսնակի կողմից սլաքների հապճեպ ուղղումը դեպի Հ1 և արդյունքում` երկու պետական օղակների միջև փոխադարձ մեղադրանքներն ու անվստահությունը։ Գոնե վարչապետին առնչվող հարցը չդարձնեն սեփական փիառի թեմա, այլ գլուխները կախ հասկանան սեփական թերացումներն ու սխալները։
Այս խայտառակության իրական «հերոսը» հենց իշխանությունն է` իր կիսագրագետների մեծամտությամբ, ցինիզմով, ամբարտավանությամբ ու լպիրշությամբ։ Իսկ այդ պարագայում այսպիսի ամոթալի դեպքերի պակաս չենք ունենալու։ Եվ ո՛չ միայն Հանրային ՀԸ-ում. Քաղաքացիական ավիացիան, Երևանի քաղաքապետարանը և բազմաթիվ այլ պետական հաստատությունները վկա։
Վահե Սարգսյան