Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է այնպես անել, որ մարդու առողջությունն ու կյանքն ապահովված լինեն. այսօր Ազատության հրապարակում` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ եթե դրա համար պետք է ընդամենը մեկ վրան, որպեսզի անձրեւից, ցրտից, կրակից կամ որեւէ այլ վատ երեւույթից մարդու առողջությունը պաշտպանվի, դա պետության մարդասիրական պարտականությունն է եւ սահմանված է օրենքով, Սահմանադրությամբ, միջազգային պարտավորություններով:
«Սրա մասին մենք հայտնել ենք մեր պաշտոնական տեսակետը դեռեւս 2011 թվականին: Հենց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հետ կապված հայտարարություն է դա եղել, եւ այդ հայտարարությունն ակտուալ է մինչ օրս: Մեր աշխատակիցները սիստեմատիկ պնդում ու բարձրաձայնում են այդ խնդիրը, ես էլ այժմ կրկնում եմ, որ խնդիրն այստեղ չպետք է դիտվի տեխնիկական հարթությունում, այլ` թե որքանով է հացադուլավորը կամ որեւէ ակցիա իրականացնողը, չխոչընդոտելով այլոց իրավունքները, կարողանում պահպանել իր առողջությունն ու կյանքը` մարդասիրության սկզբունքներին համապատասխան»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ-ն ասաց, որ եթե իսկապես մեկ վրանը խոչընդոտի հրապարակում մյուսների անցուդարձին, աղմուկ լինի, հարեւաններին խանգարի, դա արդեն կարող է իրավաչափության խնդիր առաջացնել, բայց քանի դեռ որեւէ մեկի իրավունքը չի ոտնահարվում եւ չկա այլ արժեք, օրինակ` պատմամշակութային, որը կարող է ոչնչացվել այս կամ այն ակցիայով, ուրեմն ողջամտության մեջ է:
ՄԻՊ-ը կոչ է անում, որ ոստիկանությունը հետեւի ու կատարի իր դրական պարտականությունը, անի ամեն ինչ, որպեսզի տվյալ դեպքում մեկ հացադուլավորի կյանքը ապահովագրված լինի` անկախ նրանից, թե այդ հացադուլավորը ինչ քաղաքական կշիռ ու արժեք ունի մեր հասարակության մեջ:
«Մեր նախորդ հայտարարությունից հետո ոստիկանությունը թույլ տվեց այդ մեկ վրանի տեղադրումը: Այսօր տեսնում ենք, որ կա հովանոցը, որն արեւից ու անձրեւից կարող է պաշտպանել հացադուլավորին, եւ կա նաեւ մեկ ուրիշ հանգամանք, որ եթե իսկապես առողջությանը սկսի վտանգ սպառնալ` ուղղակի ցուրտ լինի կամ այլ անհարմարություն, այդ հումանիստական մեկ վրանը պետք է թույլատրվի` դա իրավաչափ է, դա օրենքի պահանջն է, մարդասիրության պահանջն է: Մենք պարտադրող որոշումներ չենք կայացնում, մերը խորհրդատվական է, եւ մենք այսօր խորհուրդ ենք տալիս, որ հացադուլավորի` այս դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունն ու կյանքը ապահովված լինեն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Yerkir.am-ը ՄԻՊ-ին հիշեցրեց ոստիկանության դիրքորոշումը, ըստ որի` վրանը խախտում է սրճարանի հաճախորդների իրավունքները, ինչին ի պատասխան` Կարեն Անդրեասյանը նշեց, թե պետք է լինի բողոք, իսկ կոնկրետ դեպքում չկա որեւէ բողոք ու հիմնավորում, թե տվյալ դեպքում ում շահերն են ոտնահարվում:
«Մենք հետեւում ենք եւ այսօր էլ ոստիկանությանը գրություն ենք ուղարկելու` պետք է ողջամիտ պատասխան տրվի եւ ոչ միայն մեզ, այլեւ հանրությանն ու պարոն Հովհաննիսյանին, թե ում շահերն են ոտնահարվում: Եվ եթե կլինեն իրավաչափ շահեր, որոնք իսկապես ոտնահարվում են, կարելի է բանակցել. այստեղ այս սրճարանին է խանգարում, միգուցե հնարավոր է մյուս վայրում դնել` տեսնել, թե որտեղ է հնարավոր, որպեսզի մարդու համար հնարավորություն ստեղծվի ապահով եւ առողջ վիճակում իրականացնելու իր ակցիան»,- ասաց օմբուդսմենը: