կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-26 11:26
Աշխարհ

Եվրապատգամավորները հերթական անգամ դատապարտել են Ադրբեջանին

Եվրապատգամավորները հերթական անգամ դատապարտել են Ադրբեջանին

Սեպտեմբերի 24-ին` Ադրբեջանի նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, Եվրախորհրդարանում տեղի է ունեցել կլոր սեղան` նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին. տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:

 

Մեկ անգամ եւս մի շարք եվրապատգամավորներ դատապարտեցին Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը եւ ժողովրդավարական արժեքների բացակայությունը: Նրանք շեշտեցին, որ քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ են «հյուրընկալվում» երկրի բանտերում, եւ մարդու հիմնական իրավունքները, ինչպիսին են ազատ արտահայտվելու եւ ազատ հավաք կազմակերպելու իրավունքները, խախտվում են իշխանությունների կողմից:

 

«Կցանկանայինք տեսնել ազատ եւ արդար ընտրություններ: Տարածաշրջանում Ադրբեջանն ունի քաղաքական բանտարկյալների ամենաբարձր թիվը, նույնիսկ` Բելառուսից ավելի»,- ասել է Անա Կոմեսը (Ընկերվարականներ եւ ժողովրդավարներ, Պորտուգալիա):

 

Քննարկմանը ներկա ադրբեջանցի պատգամավոր Ֆուատ Մուրատովը հայտարարել է, թե Եվրոպան փաստեր չունի` Ադրբեջանի սխալ ընթացքն ապացուցելու համար: Նրա գործընկեր Ասիմ Մոլազադեն, որպես իր երկրի առաջադիմության փաստ, նշել է Ադրբեջանում ամենաարագ համացանց ունենալու իրողությունը: Երկուսի ասածներն էլ դատապարտվել են եվրապատգամավորների կողմից` որպես Ադրբեջանի իրականությունը չարտահայտող հայտարարություններ:

 

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ դարձյալ մատնանշվեց Ադրբեջանի կոմղից մարդու իրավունքների ոտնահարումը: «Որքա՞ն ժամանակ դեռ Եվրոպան պիտի պահի Ադրբեջանի հետ իր հարաբերությունը ակնկալիքների եւ մաղթանքների մակարդակի վրա: Հասել է այն պահը, երբ Եվրոպան պետք է խոսքը վերածի գործի եւ սկսի պահանջել` փոխանակ հույսեր տածելու»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի նախագահը: