Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, բնականաբար, դեմ է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը եւ ցանկանում է, որ նոյեմբերին Վիլնյուսում դրա նախաստորագրումը չկայանա: Նա չի ընդունում այն հիմնավորում, որ ԵՄ-ի հետ 3.5 տարի շարունակ անցկացված բանակցությունները պետք չէ ջուրը գցել:
«Ասում են` 3.5 տարի բանակցություններ են վարել Եվրոպայի հետ, բա 400 տարի է` Ռուսաստանի հետ բարեկամներ ենք եղել, սառեցումներ են եղել: Բա 400 տարին կփոխե՞ն 3.5 տարվա հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղարը եւ հավելեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համարում է, որ «մարդկության գլխին բոլոր արհավիրքները ստեղծվել են Եվրոպայից` Նապոլեոն, Հիտլեր...»:
Ռուբեն Թովմասյանի կարծիքով` այսօր ամենակարեւորը եւ ամենագլխավորը հայ ժողովրդի անվտանգությունն է, սահմանների պահպանումը: Այստեղ ընկեր Թովմասյանը հիշեց Իսահակյանի տողերը` «Սահմանի վրա կանգնած ռուսի մի սապոգը չեմ փոխի հազար վիլսոնների գլխի հետ»:
«Այլասերվածությունը Եվրոպայում հասավ նրան, որ մեկն ասաց` թոռնիկը կարող է տատիկի հետ էլ լինել... Այլասերվածությունն էլ ոնց է լինում: Ինչ կեղտոտ բան ասեք` Հիտլերից, Նապոլեոնից հետո կարող եք գտնել Եվրոպայում: Դա ի՞նչ ժողովրդավարություն է: Մենք ունենք ազգային հիանալի, դարավոր սովորույթներ, որը ոչ մի անգամ չարժի փոխել եվրոպական արժեքների հետ»,- ընդգծեց Թովմասյանը:
Նա թեեւ համաձայն է մեր այն դիտարկմանը, որ այսօրվա Ռուսաստանն էլ չի փայլում իր արժեքային համակարգով, բայց մեկ է` «ՌԴ-ն մեր դարավոր բարեկամն է»:
ՀԿԿ առաջին քարտուղարը վստահ է, որ Մաքսային միությանն անդամակցելը մեր ինքնիշխանությանը չի կարող վնասել, «եթե մենք ինքներս ներսում չվնասենք մեր ինքնիշխանությանը»: