կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 16:40
Առանց Կատեգորիա

Հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ. Յաշար Քեմալ

Հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ. Յաշար Քեմալ

Ազգությամբ քուրդ գրող Յաշար Քեմալը պարգեւատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Հուշամեդալը ստանալիս նշել է, որ ինքը ծնունդով Վանից է եւ հպարտ է, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն է։ yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:

 

-Տիկի'ն Գեղամյան, ի՞նչ առիթով է գրողը նման պատվի արժանացել:

-Քեմալն արժանացավ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած իր հոգատարության, ընդհանրապես` հայ մշակույթի հանդեպ հետաքրքրության, քաղաքացիական խիզախումի, ազգերի հանդեպ իր հավասար վերաբերմունքի եւ գրական վաստակի համար: Նա շատ լուրջ գրող է, կարելի է ասել, որ Թուրքիայի առաջատար գրողներից է եւ տարիներ առաջ Օրհան Փամուկի հետ ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Քեմալին պարգեւատրելու առաջարկությունը ստացել ենք «Արեւմտահայոց ազգային համագումարի» ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանից, եւ մենք էլ, տեղյակ լինելով գրողի գործունեությանը, նպատակահարմար գտանք ընդառաջել այդ առաջարկին եւ պարգեւատրել նրան «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, որը հիմնվել է 2012-ին' Հայ գրատպության 500-ամյակի առիթով: Հուշամեդալը տրվում է հատկապես հայ գրականության եւ մշակույթի ասպարեզին հետաքրքրություն ցուցաբերած գրողներին եւ արվեստագետներին: 

 

-Գրողի արձագանքն ինչպիսի՞ն էր:

-Աննախադեպ էր նրա վերաբերմունքը: Նա ասաց, որ Թուրքիայում տարբեր քաղաքակրթություններ կան, սակայն ամենավառ արտահայտված քաղաքակրթություններից մեկը հայ մշակույթն է: Քեմալը բավականաչափ ծանոթ է Նարեկացուն, գիտեր նրա սկիզբը, աստվածային տառապանքները եւ ասաց, որ հենց Նարեկացու ազնվագույն ձայնով այսօր մենք պետք է բարյացակամ վերաբերմունք ունենանք բոլոր ժողովուրդների եւ մշակույթների հանդեպ: Գրողը նշեց, որ հպարտ է, որ հայկական քաղաքում է ծնվել /Վանում/ ու Գրիգոր Նարեկացու հայրենակիցն է։ Քեմալն իր խոսքն ավարտեց հետեւյալ կերպ. «Այո, մենք պետք է հիշենք անցյալը, պատասխան տանք դրա համար, սակայն անցյալի հիշողությունները մեզ չպետք է խանգարեն` ավելի լավ ապագա կառուցելու համար»:


-Գրողը քանիցս հալածանքների է ենթարկվել Թուրքիայում, դադարե՞լ են արդյոք հետապնդել նրան իր հայացքների համար:

-Այո, նա 3-4 անգամ բանտ է նստել: Գիտեք' հայկական մշակութային ժառանգության հանդեպ ունեցած հետաքրքրությունը նրա մոտ հատկապես դրսեւորվել է 1951-ին, երբ նա «Ջումուրյեթ» թերթի թղթակիցն էր եւ բավական անվանի հրապարակախոս: Այդ ժամանակ քրդերը ուզեցել են պայթեցնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, եւ մի գեներալ, ով ներքին կարգով իմացել է այդ մասին, լուրը հասցրել է Քեմալին: Վերջինիս հաջողվել է /ի պատիվ «Ջումուրյեթի» խմբագրի, ով չի վախեցել այդ նյութը տպագրել/ մի հոդված գրել եւ ջրի երես հանել այդ մտադրությունը, որի շնորհիվ էլ փրկվել է եկեղեցին, թեպետ երկուսն էլ հետո հալածվել են: Քեմալին պարգեւատրել ենք հատկապես Սուրբ Խաչը փրկելու համար: Այսօր նրա վիճակը բավական լավ է, իրեն բացառիկ հարգանքով են վերաբերվում: Թուրքիայում ժողովրդավարական մեծ շարժումներ են ընթանում, եւ այդ ֆոնի վրա նա, բնականաբար, նահապետի վաստակով է ապրում: Նրան մեր պարգեւը հանձնելու օրն այնպիսի բում եղավ, որ բոլոր թերթերից` անկախ դրանց քաղաքական կողմնորոշումից, եկել եւ լուսաբանում էին:

 

-Առիթ եղա՞վ շփվելու տեղի հայկական համայնքի հետ:

-Ես երկար տարիներ աշխատել եմ սփյուռքահայության հետ եւ բավականաչափ լավ գիտեմ Սփյուռքը, ու նախքան Թուրքիա մեկնելը ես արդեն որոշակի տեղեր ունեի իմ մտապատկերում, որ պետք է այցելեի: Ես գնացի «Մարմարա» թերթի խմբագրություն, որն ամենաերկարակյաց հայ թերթերից մեկն է, եւ որի խմբագիրը Ռոբեր Հատեճյանն է, ով, որպես գրող եւ հրապարակախոս, մեր հայ եւ սփյուռքահայ գրականության մեջ զգալի ավանդ ունի: Այցելեցի հայկական վարժարաններ, սակայն քանի որ դրսում դասերը չեն սկսվում ինչպես մեզ մոտ` սեպտեմբերի 1-ին, այլ սեպտեմբերի կեսերից, շատ դպրոցներ ուղղակի փակ էին: Այցելեցի մի դպրոց, որտեղ սովորում են այն հայ երեխաները, որոնց հայրերը գնացել են Թուրքիա` արտագնա աշխատանքի: Դպրոցն ուներ 110 աշակերտ եւ, անկեղծ ասած, այնքան էլ լավ վիճակում չէր գտնվում: Այնտեղ երեխաները սովորում էին մեր հանրակրթական դպրոցների ծրագրով, եւ ամեն առավոտ հայկական հիմնով սկսում իրենց դասը: Երեխաները մինչեւ 7-րդ դասարան են սովորում դպրոցում, որից հետո պարզ չէ' ինչ են անում, քանի որ դպրոցն օրինական կարգավիճակ չունի: Ուշագրավ է այն, որ հայերից շատերը, թեեւ հայերեն չգիտեն, սակայն իրենց երեխաներին հայկական դպրոց են տանում եւ ստիպում հայերեն սովորել:

 

-Հավանաբար, ինչ-ինչ առաջարկներ եղան' մշակութային համագործակցության, այնպես չէ՞:

-Քեմալին մրցանակը տալուց հետո ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ընթրիք մատուցվեց, որին ներկա էին ոչ միայն մտավորականներ' հայ, թուրք, քուրդ, այլեւ քաղաքապետեր, օրինակ' Վանի, Սուրի:  Գիտեք' ի՞նչն էր հետաքրքիր, որ, եթե մենք պահի պատշաճությունը պահպանելու համար զերծ էինք մնում Ցեղասպանության մասին խոսելուց, քաղաքապետերն իրենց ելույթներում քանիցս շեշտեցին Ցեղասպանություն բառը' ասելով, որ իրենք եղածի մեղքը պատրաստ են քավել եւ անել ամեն ինչ, որ այսօր այնտեղ ապրող հայությունը կարողանա վերադառնալ իր ինքնությանը: Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ կան բազմաթիվ ծպտյալ հայեր, որոնք այսօր մեծ պահանջ են զգում վերադառնալ ազգային ինքնությանը: Այս օրերին Դիարբեքիրում բացվում է պատմության թանգարան, որտեղ մի մեծ բաժին կհատկացվի հայկական մշակույթին: Սուրի քաղաքապետն անգամ ասաց, որ իրենք ցանկությւոն ունեն Դիարբեքիրն անվանել իր իրական' հայկական անվամբ /Տիգրանակերտ/: Մարդիկ կային, որ պետք ունեին ինձ պատմել, թե իրենք ինչպես են իմացել, որ իրենք հայ են, այդ պատմություններից յուրաքանչյուրը մի առանձին նովել էր: Այնտեղ հանդիպեցինք Հասան Սալտիկին, ով ծագումով հայ էր: Նա ձայնագրման ընկերության տնօրեն էր: Նա ինձ ասաց, որ այժմ նա Կոմիտասի անհայտ երգերի ձայնագրությամբ է զբաղված եւ առաջիկայում կավարտի ձայնագրությունը: Ըստ Սալտիկի` այդ երգերը նվիրված են Կոմիտասի մորաքրոջը' որպես հայ կնոջ տիպիկ կերպար: Նա շատ է ուզում, որ այդ ձայներիզի շնորհանդեսը Երեւանում լինի: Ես, իհարկե, չէի կարող անտարբեր մնալ նման հայտնագործության հանդեպ եւ արդեն իսկ նախարարին տեղեկացրել եմ այդ մասին: Այնտեղ էր նաեւ հրատարակիչ Օսման Քյոքերը, ով մի չտեսնված ալբոմ է հրատարակել, որում 19-րդ դարում Թուրքիայում հրատարակված փոստային քարտերն են ներկայացված: Յուրաքանչյուր քարտ ունի իր պատմությունը, որը նույնպես ներկայացված է: Քյոքերը նույնպես ցանկանում էր, որ Հայաստանում այդ ալբոմի շնորհանդեսը լինի, եւ ասաց, որ դա կլինի իր ներդրումը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մենք պետք է համագործակցենք եւ ընդառաջ գնանք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են հայկական մթնոլորտում դրսեւորվել' լինի հայ, թուրք կամ քուրդ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ