կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 22:30
Մշակույթ

Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը

Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը

Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:  

Լիտվացի հայտնի պոետ, դրամատուրգ Սիգիտաս Գեդայի թարգմանությամբ պոեմը հանրության դատին է ներկայանում Նյու Յորքի «Սուրբ Ներսես» հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանի՝ հատուկ լիտվերեն հրատարակության համար գրված նախաբանով և Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի կողմից հեղինակած վերջաբանով։

Գրքում տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատուն-թանգարանի կողմից տրամադրված Գրիգոր Նարեկացու և Պոեմի առանձին հատվածների պատկերով տասներկու մանրանկարներ՝ վերցված հայկական միջնադարյան ձեռագիր մատյաններից։

Լիտվացի ընթերցողը հնարավորություն ունի գրքի աուդիոտարբերակն ունկնդրել ինչպես գրքում ներդրված սկավառակի, այնպես էլ՝ յուրաքանյուր գլխի վերջում տեղադրված հատուկ արագ արձագանքման՝ QR կոդի միջոցով։

2018թ․ ապրիլին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը, իսկ 2021 թվականի հունվարի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը այսուհետ նշվելու է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ 

Նշենք, որ Լիտվան առաջինն է աշխարհում 30 տարի առաջ ճանաչել Հայաստանի անկախությունը և Հայաստանն առաջինը Լիտվայի հետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել։