կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-16 14:14
Առանց Կատեգորիա

Դարձյալ "պոլի փետի" սկզբունքով

Դարձյալ "պոլի փետի" սկզբունքով

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին տեղի են ունենալու ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Ընտրատարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքները եւ 46 գյուղ: Ընտրատարածքը թափուր է այն բանից հետո, երբ կատարվեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վաղեմի երազանքը` պատգամավոր որդին դարձավ մարզպետ: Նա էլ մարզպետ դարձավ «շնորհիվ» Սուրեն Խաչատրյանի որդու «սխրանքների»:

 

Սյունիքում պատգամավորի ընտրությանը մասնակցում է երեք թեկնածու` ՀՀԿ-ից` Արմեն Կարապետյանը, «Ժառանգությունից»` Սամվել Հայրապետյանը եւ անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը: Թեկնածուները, բնականաբար, ընտրվելու համար դիմում են տարբեր մեթոդների, բայց ամենակարեւոր մեթոդը, որը անգնահատելի դեր ունի ընտրություններում եւ իշխանության մենաշնորհն է, վարչական ապարատի անխնա օգտագործումն է: Ո'չ Մաքսիմ Հակոբյանը, ո'չ Սուրեն Խաչատրյանը եւ ո'չ էլ, առավել եւս, Սերժ Սարգսյանը չեն կարող հանդուրժել, որ մարզում հաղթի ոչ հանրապետական թեկնածու:

 

Գյուղապետերին, արդեն, ըստ թեկնածու Սամվել Հայրապետյանի, կանչում են մարզպետարան եւ... Այդ «եւ»-ից սկսում է այն ամենը, որ լինում է հայաստանյան բոլոր ընտրություններում եւ մեկ բառով կոչվում` խայտառակություն:

 

Հանրապետական թեկնածուն քարոզարշավ գրեթե չի իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արմեն Կարապետյանն իր շրջապատին հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված թեկնածու է, եւ անիմաստ է անգամ մեկ դրամի ծախս անել։ Եվ իսկապես, նրա ինչի՞ն է պետք քարոզարշավը, ո՞վ  է հիմա դրան ուշադրություն դարձնում: Սերժ Սարգսյանը Սյունիքում ակտիվ քարոզարշավ էր անում, չպարտվե՞ց: Հիմա արդեն գլխի են ընկել, որ քարոզարշավը` բեմ, դահլիճ, երգիչ-երգչուհիներ եւ, վերջապես, նախընտրական ծրագիր, ավելորդ շռայլություն են, կան ախոյաններին ոչնչացնելու այլ զենքեր, որոնց իշխանական թեկնածուն լիովին տիրապետում է:

 

Կա նաեւ հակառակ երեսը. հիշո՞ւմ եք Վիկտոր Դալլաքյանին, ով Վանաձորն իր բոստանն էր սարքել, ամեն անգամ ընտրվում էր պատգամավոր ընդդիմադիրի դիապազոն ունենալու շնորհիվ: Հանկարծ մի անգամ շփոթվեց, հայտարարեց, թե կարող է քարոզարշավի իր փոխարեն կոստյումն ուղարկել, մի հատ էլ տհաճ ձայնագրություն ասպարեզ եկավ Սերժ Սարգսյանի մասին, վերջում էլ դարձավ հանրապետական... Ու ժողովուրդը պատժեց: Ժողովուրդը կարող է պատժել հանրապետական այս թեկնածուին եւս` ինքնագովության համար:

 

Խոշոր հաշվով` Սյունիքում առաջադրված երեք թեկնածուներին էլ հանրությունը չի ճանաչում: Արմեն Կարապետյանը ՀՀԿ թեկնածուն է, որին թեեւ չեն ճանաչում, բայց նա ջանք էլ չի գործադրում, որ իրեն ճանաչեն: Մենք ունեցել ենք պատգամավորներ, օրինակ` Արա Սիմոնյանը, որին այդպես էլ մարդիկ չճանաչեցին` ո'չ նախընտրական շրջանում, ո'չ էլ ԱԺ-ում: Ներկայիս 130 պատգամավորներից մեծ մասին մարդիկ չեն ճանաչում, 40 մեծամասնականի կեսից ավելիի անունները ընտրողները չգիտեն: Այնպես որ` մեկով ավելի-պակաս` եղանակ չի փոխում:

 

«Ժառանգություն»-ից առաջադրված ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի արժանիքներից է ազատամարտիկ լինելը, նաեւ այն, որ ընդդիմադիր թեկնածու է եւ ընդդիմադիր ուժերի աջակցությունն է վայելում: Անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանի անունը եւս ընտրողին հայտնի չէ: Թեկնածուներին ճանաչելու լավագույն  տարբերակ կարող էր լինել նախընտրական  քարոզարշավը, որի ընթացքում, գաղափարական բախումների ու նախընտրական ծրագրերի շնորհիվ, հանրությունը կպարզեր, թե ինչ է շահում ինքը, երբ ԱԺ է գործուղում թեկնածուներից որեւէ մեկին: Սակայն մեզանում վաղուց նախընտրական ծրագիր կամ խելք-շնորհք ունենալը բավարար չէ, անգամ' խրախուսելի չէ մեծամասնականով թեկնածու առաջադրվելու համար:

 

Այս ընտրատարածքի նախորդ պատգամավորը` Վահե Հակոբյանը, խելացի, բիզնես ունակություններով երիտասարդ է: Իսկ ի՞նչ է արել խորհրդարանում 2004 թվականից ի վեր` երկու ժամկետ ընտրվելով: Բացի «կողմ» կոճակը ակտիվորեն սեղմելուց, այլ բան չի արել, ընդ որում` սեղմել է ոչ միայն իր փոխարեն:  Օրինագծերի 86 տոկոսին կողմ է քվեարկել: 2012թ. պետբյուջեի նախագիծը ստացավ 66 կողմ ձայն, թեեւ դահլիճում 64 պատգամավոր էր: Եթե Վահե Հակոբյանը կողքին նստողի մոնիտորի վրա դաշնամուր չնվագեր, նախագիծն անհրաժեշտ ձայները չէր հավաքի: Դեմ քվեարկել է մեկ անգամ' 100 տոկոս համամասնական ընտարակարգի անցնելու վերաբերյալ` խորհրդարանական ընդդիմության առաջարկին: Ձեռնպահ չի քվեարկել, հարցեր ու ելույթներ չի ունեցել: Ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնության տակ կա անունը` 28 պատգամավորի համահեղինակած` «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխությունների, որի տակ գրեթե ոչինչ չանող պատգամավորների ստորագրություններ են:

 

ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը Վահե Հակոբյանի անունը հիշատակել էր Ազգային ժողովին հեղինակություն բերած գործիչների շարքում: Ակնհայտ է, որ այս պատգամավորը ոչինչ չի արել, բացի կոճակ սեղմելուց. փաստորեն, ԱԺ դերն ու հեղինակությունը կոլեգաները չափում են կոճակ սեղմելով: «Այսօր ԱԺ պատգամավորի աշխատանքը ինձ բավականին դուր է գալիս, եւ ես հաճույքով եմ զբաղվում դրանով»,- մի առիթով ասել էր Վահե Հակոբյանը: Բնականաբար, իսկ ո՞վ հաճույք չէր ստանա միայն կոճակ սեղմելու համար բավականին բարձր աշխատավարձ ստանալուց:

 

Այժմ իշխանությունը մտադրված է խորհրդարան անցկացնել Վահե Հակոբյանին «արժանի հետնորդի»: Միեւնույն է` իշխանությունը ԱԺ-ում մեծամասնություն է եւ իր ուզածն անում է: Այդ դեպքում հարց է առաջանում` նրա ինչի՞ն է պետք եւս մեկ կոճակ սեղմողով ավելացնել պատգամավորների իր բանակը: Կարելի է, չէ՞, դրա փոխարեն խորհրդարան թողնել մեկին, որը կարող է աշխատել, օրենք հեղինակել: Առանց այն էլ ԱԺ-ում օրենքների 80 տոկոսը ներկայացնում է կառավարությունը, իսկ խորհրդարանը միայն «դակում է» այդ օրենքները: Ուրեմն կարելի է մեկ անգամ արդար ընտրության միջոցով խորհրդարանի դերը բարձրացնել գոնե չնչին մասով ու ձեռքի հետ էլ պարզել սեփական հեղինակությունը արդար ընտրությունների միջոցով:

 

Ի վերջո, այն, որ հանրությանը հայտնի, հեղինակավոր գործիչ չի առաջադրված այս ընտրություններում, պատճառը, թերեւս, հենց այն է, որ ընտրությունները զավեշտի են վերածվել, եւ հայտնի գործիչները, վարկաբեկվելուց բացի, այլ բանի չեն հասնում` ընտրություններին մասնակցելով: Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը մի ճիշտ միտք է հայտնել. «Եթե այսօր Սյունիքում Նժդեհն էլ առաջադրվի, ապա հաստատ կպարտվի»:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ