Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1992 թվականի սեպտեմբերի 7-ին ավարտվեց Հայաստանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման ձեւավորումը: Մեկ տարի անց` նույն օրը, սակրավորները անցան մեծ փորձության միջով. 1993 թվականի սեպտեմբերի 7-ին Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման, պայթյունային հանգույցների եւ ականապատումների շնորհիվ կանխվեց հակառակորդի առաջխաղացումը եւ նրան հասցվեց կենդանի ուժի ու տեխնիկայի մեծ կորուստ: Հենց այդ օրը նշվում է որպես ինժեներական զորքերի կազմավորման օր:
1993 թվականին Հայաստանում ստեղծվեցին առաջին ինժեներասակրավորային զորամասերը` Գյումրիում, Ստեփանավանում, Էջմիածնում: Ապա զորամասերում ստեղծվեցին ինժեներասակրավորային գումարտակներ: Սեպտեմբերի 7-ը նշվում է` 2000 թվականից ի վեր: Ինժեներական զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ այսօր միջոցառում էր կազմակերպվել Էջմիածնում տեղակայված ինժեներասակրավորների զորամասում:
Միջոցառմանը մասնակցում էր ԶՈՒ ղեկավար կազմը' նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ներկաները նախ ծաղկեպսակ դրեցին զորամասի բակում կանգնեցված' Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարին: Այնուհետեւ մասնագետ սակրավորները ներկաներին ծանոթացրին զորամասին ռազմական տեխնիկային' փորձարկելով դրանք:
Լրագրողների հետ զրույցում նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր սակրավորները 1 միլիոն 123 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր: «Ինժեներական զորքերը տեղում չեն դոփում, նրանք աշխատում են մշտապես, կատարելագործում իրենց: Կատարելագործումը սահմաններ չունի: Նրանք կարողանում են պայմաններ ստեղծել, որպեսզի սահմանամերձ շրջաններում մեր գյուղացին կարողանա հող մշակել, բարիք ստեղծել»:
Նախարարի խոսքերով` այն, ինչ այսօր ինքը տեսավ, բավարարում է ԶՈՒ ղեկավարությանը: Իհարկե, կան բացթողումներ, որոնք, նախարարի համոզմամբ, հաղթահարելի են:
Մեր այն հարցին, թե' կա՞ արդյոք հաշվարկ, թե որքան տարածք ունենք ականապատված եւ գյուղատնտեսական ու այլ նշանակության որքան հող չի մշակվում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ստեղծվել է հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն, որտեղ աշխատանք են տանում, հետազոտում են, թե ինչ ունենք: Կարեւոր է մեզ համար, որ վստահ լինենք մեր տարածքների մաքուր լինելու մեջ: Այս կենտրոնի ստեղծումը ավելի համակարգված է դարձնում մեր աշխատանքը»: