կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 16:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն ավերածությունները, որը ես տեսա տարբեր պալատներում՝ դռների, պատուհանների, պատերի հետ, անթույլատրելի է․ Արսեն Թորոսյան

Այն, ինչ որ տեղի է ունեցել ու այն, ինչ որ ես տեսա, պարզապես անթույլատրելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գավառի բժշկական կենտրոնում, ուր՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է տեղում հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել, և բժշկական կենտրոնին ինչ վնասներ են հասցրել, և ինչ արագությամբ է հնարավոր այն վերականգնել:

«Որևէ երկրում, որևէ հանգամանքներում այն ավերածությունները, որը ես տեսա տարբեր պալատներում, դռների, պատուհանների, պատերի հետ, կարելի է ասել մի ամբողջ անձնակազմի կողմից հարձակում է բժշկական կենտրոնի վրա, հուսով եմ իրապահ մարմինները կբացահայտեն ու կպարզեն: Իսկ մեր խնդիրը Գավառի ԲԿ-ի աշխատանքը 100 տոկոսով վերականգնելն է հնարավորինս կարճ ժամկետում»,- նշեց Թորոսյանը:

Նա նշեց, որ կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են բժշկական հսկողության տակ տարբեր ԲԿ-ներում. «Իրավապահներն էլ պարզում են դեպքի հանգամանքները: Մենք մեր գործառույթները լիարժեք իրականացնում ենք, մեր միակ մտահոգությունը այս դեպքից հետո Գավառի ԲԿ-ի բնականոն աշխատանքը վերականգնելն է, որի համար այցելել եմ այստեղ»:

Նա ընդգծեց, որ փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, ում հետեւից հարյուրավոր մարդիկ եկել են հաշիվներ պարզելու, այլև այստեղ բուժում ստացող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց կյանքն իրական վտանգի տակ է դրվել։

«Բոլորս գիտենք՝ հիմա ինչ վիճակում է գտնվում առողջապահական համակարգը, և ցանկացած ռեսուրսի կորուստ թե՛ ֆիզիկական, շենքային պայմանների, թե՛ անձնակազմի մասով առավել քան կարևոր են։ Նաև շատ կարևոր է ԲԿ-ների անձնակազմի պաշտպանվածության մակարդակը»,-ասաց նա:

Խաթարելով բժշկական կենտրոնի աշխատանքը, նշեց նախարարը, վտանգի տակ են դրել նաև մնացած բոլոր պացիենտներին, ովքեր բուժօգնություն են ստանում:

«Ես խիստ դատապարտում եմ այս գործողությունները և կոչ եմ անում ազգովի անհանդուրժողականություն ցուցաբերել բռնության նկատմամբ: Բռնությունը տեղ չպետք է ունենա մեր երկրում՝ առավել ևս բժշկական համակարգի հանդեպ, որն իրականացնում է կյանք փրկելու գործառույթ»,- նշեց նախարարը:

Այսօր վնասի չափը կգնահատվի, իսկ վաղվանից կսկսեն վերականգնողական աշխատանքները: Բուժանձնակազմից տուժածներ չկան, նաև սարքավորումները չեն տուժել, գույքին է հասցվել վնասը՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել Գավառում։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ քաղաքում կրակոցներ են հնչել և երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Դեպքից հետո վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնց վրա հարձակում են գործել քաղաքացիներ՝ ինքնադատաստան տեսնելու նպատակով։ Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանի խոսքով՝ նրանք հիվանդասենյակում գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածներին, ընթացքում նաև՝ սալջարդ վերքեր։ Վիրավորվել է նաև հիվանդասենյակում վիրավորի հետ գտնվող խնամողը: «Առաջին օգնություն մեզ մոտ է ցուցաբերվել, վիրահատվել է մեզ մոտ, նոր տեղափոխվել է Երեւան: Վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր», - նշել է վիրաբուժական բաժնի վարիչը:

Ինչպես կրակոցների, այնպես էլ հաջորդած դեպքերի գործերով կան բերման ենթարկվածներ։

Մանրամասն՝ տեսանյութում․