կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 15:00
Իրավական

Ոստիկանության պատասխանը` ակտիվիստներին ծեծի ենթարկելու մասին լուրերին

Ոստիկանության պատասխանը` ակտիվիստներին ծեծի ենթարկելու մասին լուրերին

 

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին լուրերի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու մասին, ինչպես և  հիշյալ հանցարարքները բացահայտելու գործում անգործություն ցուցաբերելու մեղադրանք է ներկայացվում ոստիկանությանը:

 

Այդ մեղադրանքներն անհիմն են:

 

Ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:

 

Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան և անհրաժեշտ աշխատանքներ, և այդ գործընթացում ակնկալում ենք նաև ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:

 

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:

 

Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաև այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը:

 

Մեկ անգամ ևս բոլորին կոչ ենք անում օգնել այդ ոչ դյուրին աշխատանքում, իսկ եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք ոստիկանությանը, որն առաջին հերթին է շահագրգռված այս դեպքերի բացահայտմամբ, քանի որ դրանք սրում են օպերատիվ իրավիճակը, որի կայունության պահպանումը ոստիկանության գլխավոր խնդիրն է»: