Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու դատախազությունը քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ՝ քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Լոռու Սպիտակ քաղաքի բնակիչ Լեւիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ երեկ` ժամը 13-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն։ Հաշվի առնելով, որ հաղորդման մեջ առկա են հանցագործության հատկանիշներ, դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Լոռու մարզի քննչական բաժինը։
Yerkir.am-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը մանրամասներ պատմեց, իր բնորոշմամբ, թեթևակի վիճաբանության վերաբերյալ: Քաղաքապետի խոսքով` իրենք պետության միջոցներով լավ գործ են ձեռնարկել` ասֆալտապատելու են և ջրահեռացման գծեր են տեղադրելու Սպիտակից Արևաշող տանող ճանապարհին: Սակայն ծրագրի իրականացման ընթացքում հողը փակել է մի քանի բնակիչների ոռոգման ջրի առուն, և բնակիչներն իրեն խնդրել են միջամտել, որպեսզի խնդիրը լուծի և իրենց բերքը չջրելու հետևանքով չփչանա:
«Գնացել էի` տեղում նայելու: Էդ մարդը` Լևոնը (նկատի ունի տուժող Լևիկ Մարյանին), եկավ, իրան ըսկի չեմ էլ ճանաչում, ավել-պակաս խոսեց, թե սրանք ո՞վ են, սրանք ի՞նչ հարց պետք է լուծեն և այլն: Ես էլ կանչեցի, ասի` հլը արի, տեսնեմ` ի՞նչ ես ասում: Չեկավ: Նա հայհոյում էր ինձ, ես էլ մոտեցա, ընդամենը թևից բռնեցի, ասացի` նստի ավտոդ, գնա'»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ծեծե՞լ է քաղաքացուն, Սպիտակի քաղաքապետը պատասխանեց. «Եթե հակված եք հավատալու էդ ասողին, խնդիր չկա»: Նա հայտնեց նաև, որ քննչական մարմիններն այս գործով արդեն իրեն հարցաքննել են, և որ ինքը սպասում է պատասխանին:
Հարցին` ինչո՞ւ իրեն վիրավորելու համար չի դիմել իրավապահ մարմիններին, քաղաքապետը պատասխանեց. «Եթե ես չեմ տվել դատախազություն, նշանակում է` տվո՞ղն է ճիշտ: Ես ամեն մի բանի համար հո չեմ դիմի դատախազություն, գնամ, ասեմ` ինձ վիրավորե՞լ են, ամոթ չի՞: Ես ո'չ ծեծել եմ, ո'չ էլ, պարզապես մարդն անվստահություն էր հայտնում մեր կազմակերպության նկատմամբ և մի մարդու, ով 95 %-ով քաղաքապետ է ընտրվել»: