կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 12:50
Քաղաքական

Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում բարձրացնում են ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը

Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում բարձրացնում են ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը

Այսօր ԱԺ-ն սկսեց հերթական քառօրյայի իր աշխատանքները:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Դոխոլյանին պատգամավորական գործունեությունը սկսելու կապակցությամբ:

 

Քվեարկությամբ ԱԺ օրակարգ մտցվեց կուտակային կենսաթոշակային օրենքը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հարցը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ Հովիկ Աբրահամյանին այսօր բերման ենթարկված ակտիվիստների վերաբերյալ: Նա նշեց, որ դատապարտում է ոստիկանության գործողությունները: «Արդյոք չարժե՞, որ ԱԺ-ն անդրադառնա այս հարցին: Ակտիվիստներին բերման են ենթարկվում ոչ թե իրենց կատարած գործողությունների տրամաբանությամբ, այլ այդ ակտիվությունը ճնշելու և այլոց վախեցնելու համար»,- ասաց Փաշինյանը:

 

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես բարձրացրեց ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը` հորդորելով ԱԺ նախագահին անհապաղ կասեցնել ոստիկանների գործողությունները և ազատ արձակել ակտիվիստներին, քանի որ նման երևույթները պատիվ չեն բերում երկրին:

 

ԱԺ նախագահը նշեց, որ ինքը դատապարտում է յուրաքանչյուր ապօրինություն` անկախ այն բանից, թե ով է կատարել այն: Նա ասաց, որ եթե կլինի դիմում-բողոք` ակտիվիստներին բերման ենթարկելու հետ կապված, ապա անպայման կքննարկեն այդ հարցը ու կճշտեն` արդյո՞ք խախտվել են մարդու իրավունքները:

 

Զարուհի Փոստանջյանը, միանալով բողոքներին, նշեց, որ պարտադրանքով մարդկանց ստիպում են դրոշակներով դուրս գալ ու դիմավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այնինչ մարդիկ չեն ուզում դուրս գալ: «Խնդրում եմ անդրադարձեք այս երևույթին, որովհետև կա մեր երկրում այդ արատավոր երևույթը, երբ մարդկանց ստիպողաբար տանում են հրապարակ»,- ասաց նա:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը կոնկրետ որևէ բողոք չի ստացել, որ մարդկանց ստիպողաբար տարել են Պուտինին դիմավորելու, սակայն նշեց, որ համամիտ չէ նման երևույթների հետ: «Եթե կլինեն նման գրավոր դիմում-բողոքներ, մենք կանդրադառնանք դրանց»,- խոստացավ նա:

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նույնպես բարձրացրեց ակտիվիստների հարցը: Ըստ նրա` այսօր վաղ առավոտվանից Սահմանադրությունը կոպտորեն խախտվում է: «Քաղաքացիների սահմանադրական իրավունքն է` արտահայտվել այս կամ այն կերպ: Կան մարդիկ, որ դրոշներով դիմավորում են Պուտինին, կան մարդիկ, որ այլ կերպ են ուզում արտահայտվել: Արդեն չորս ժամ է, որ ակտիվիստներին պահում են ոստիկանական բաժանմունքներում: Պետք է դատական որոշում լինի, որ մտնեն մարդու տուն. թող ոստիկանությունը գործի օրենքի շրջանակներում` անկախ այն բանից` Ղազախստանի արտգործնախարարն է գալիս, թե` ՌԴ նախագահը»,- ասաց պատգամավորը:

 

«Մենք պետք է պատճառները հասկանանք: Անպայման կհետաքրքրվեմ այդ հարցով»,- հավաստիացրեց Հովիկ Աբրահամյանը: