Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգլիացիները վատ չեն զգում այն փաստից, որ Բրիտանիայի հողում իրենք առաջինը չեն: Նրանք հրաշալի գիտեն, որ նախքան իրենց նախնիների՝ անգլերի և սաքսերի` եվրոպական մայրցամաքից ոչ այնքան խաղաղ ճանապարհով կղզիներ տեղափոխվելը և դրանք բնակեցնելը այնտեղ հազարամյակներ շարունակ ապրել են բազմաթիվ կելտական ցեղեր, իսկ նրանցից առաջ՝ պիկտերը: Անգլիացիները չեն թաքցնում, որ նախորդներ են ունեցել, ընդհակառակը` խնամքով պահպանում են նրանց մշակութային կոթողները, գրքեր են գրում նրանց մասին, չեն խոչընդոտում այլազգի գիտնականների ուսումնասիրություններին: Եվ այսօր, երբ այդ ցեղերից մեկի հետնորդները՝ շոտլանդացիները, որոշել են առանձնանալ և սեփական անկախ երկիրը ստեղծել, անգլիացիները զորք չեն մտցնում Շոտլանդիա, չեն ընկնում շովինիստական հիստերիայի մեջ, չեն ստում ամբողջ աշխարհին շոտլանդական հողում իրենց հին արմատների մասին, իրենց չեն վերագրում Սթոունհենջը և հին կելտական ասքերը, շոտլանդացիներին չեն անվանում «հայտնի չէ, թե որտեղից եկածներ»: Անգլիացիներն իրենց արժանավայել են պահում: Երևի այդ պատճառով, չնայած շատ դառը պատմական հիշողություններին, Շոտլանդիայում այդքան շատ են անգլիացիների հետ ընդհանուր պետության պահպանման կողմնակիցները:
Ֆրանսիացիները չեն ամաչում այն բանից, որ իրենց երկրի և ժողովրդի անվանումը ծագում է գերմանական ֆրանկ ցեղախմբի անունից՝ չնայած գերմանացիների հետ բարդ ու ցավագին պատմական հարաբերություններին: Հունգարացիները չեն ամաչում, որ իրենք ասիացի եկվորներ են Եվրոպայի սրտում: Բուլղարացիները չեն բարդույթավորվում իրենց մերձվոլգյան նախնիների պատճառով: Էստոնացիները և լատվիացիները ողբերգության չեն վերածում այն, որ մինչև 1918 թվականը երբեք անկախ չեն եղել:
Միայն ադրբեջանցիներն ու թուրքերն են, անդադար դեսուդեն ընկած, իրենց ինքնությունը որոնում: Քանի որ նրանց հայտնվելը Առաջավոր Ասիայի մարդկային քաղաքակրթության թատերաբեմում նշանավորված է միայն ավերված քաղաքներով ու տաճարներով, հրդեհված գադարաններով ու միլիոնավոր սպանվածներով, դա որեւէ մշակութային ժառանգությամբ հավասարակշռելու փորձերը իսկական մոլուցք է դարձել նրանց համար: Նրանք հայտարարում են, որ բոլոր մերձավորարեւելյան հնագույն ազգերը՝ շումերները, խեթերը, խուռիները, միդիացիները և աղվանները, իրենց նախնիներն են, որոնց հետ կապը, նրանց կարծիքով, կարող է «ազնվականացնել» իրենց ծագումը: Նրանց կրթված խավի մեծ մասին բնորոշ թերարժեքության բարդույթը ստիպում է ագահաբար սեփականացնել գրավյալ կամ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը. հայկական քրիստոնեական ճարտարապետությունը հայտարարվում է «աղվանական» կամ վերագրվում «սելջուկյան արվեստին» (թեեւ բարբարոսաբար ոչնչացվում է հենց նրանց կողմից, ովքեր իրենց հայտարարել են աղվանների և սելջուկների հետնորդներ), կովկասյան ազգերի նախնիների ստեղծած ճարտարապետական հուշարձանները անվանվում են ադրբեջանցիների ժառանգություն, պարսիկ մեծ բանաստեղծները աներեւակելի կերպով դառնում են ադրբեջանցիներ և այլն: Միաժամանակ իրենց հասարակությանը ատելություն են ներարկում նրանց հանդեպ, ում փորձում են թալանել, իսկ իրապես արժեքավոր պատմական ժառանգությունը, որը թյուրքերը թողել են իրենց նախահայրենիքում՝ Ալթայում և Յոթագետքում, անարդարացիորեն մոռացության է մատնվում:
Շատերը հիշում են, որ անցյալ տարվա ապրիլին Բաքվում անցկացվեց Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Հատուկ այդ առիթով Բաքվում լույս տեսավ «Ադրբեջանական հնագույն պետությունները» գունագեղ ալբոմը՝ վեհաժողովի վեց աշխատանքային լեզուներով` ադրբեջաներեն, անգլերեն, հայերեն, վրացերեն, մոլդովերեն և ուկրաիներեն (հենց այդպես` այբբենական կարգով): Ալբոմը տպագրված է թանկարժեք թղթի վրա, նկարազարդված գունավոր լուսանկարներով և բավականին լավ նկարներով: Սակայն ամենակարևորը, իհարկե, ծիծաղաշարժ, հնարովի «պատմական» քարտեզներն են և ադրբեջանցի «գիտնականների» անեկդոտանման տեքստերը, որոնց մասին չենք խոսի` դրանց գիտական զրո արժեքի պատճառով: Գրքի հիմնական գաղափարը ադրբեջանական ժողովրդավարության հայր, ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևի այն խոսքերը հիմնավորելն է, թե ադրբեջանցի ժողովուրդը հինավուրց և փառապանծ պետականության պատմություն ունի: Քանի որ դա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը, ալբոմի հեղինակները ստիպած են երկակի հնարք բանեցնել. նախ, այսպես կոչված, ադրբեջանական պետականության «փարախն են քշվում» հին երկրներ և ազգեր, որոնք Ադրբեջանի Հանրապետության և թյուրքերի հետ ոչ մի կապ չունեն՝ Մանա, Միդիա, սկյութներ, Ատրպատական: Երկրորդ՝ XVIII դարում ներքին խառնակչությունների պատճառով պառակտված Հյուսիսային Իրանը հայտարարվում է «ադրբեջանական խանությունների» տարածք, որոնց երկար ցանկում գաղտագողի խցկված են Ղարաբաղը և նոր հորինված «Իրավանը»:
Իսկ ադրբեջանցիները լիովին կարող էին նորմալ, խաղաղասեր ժողովուրդ դառնալ՝ միտված ինքնուրույն զարգացմանը, որի համար բավականին նախադրյալներ կան, եթե չլիներ անիծված ու տանջալի թերարժեքության բարդույթը, որը ստիպում է փնտրել, թե ինչ կարելի է գողանալ, և անամոթաբար կեղծել պատմությունը՝ սեփականն ու հարեւաններինը: Այսպես` անոք նորահարուստները գնում են ազնվական տիտղոսներ, հորինում պատմություններ` հերոսացնելով ոչ ներկայանալի նախնիներին: Եվ երբեմն հասնում են իրենց նպատակին. հասարակությունը մոռանում է, որ իրենց նախնիները կեղտ մաքրողներ կամ ավազակներ են եղել: Իսկ միջազգային հանրությունը աչք է փակում ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վրա:
Պատմության նկատմամբ բռնությունը բնորոշ է թույլերին: Ուժեղները պատմությունը կեղծելու կամ հերքելու կարիք չունեն: Սակայն հարստությունը երբեմն փակում է ոչ միայն ագահ շրջապատի աչքերը, այլև հենց հարուստի: Ստացվում է փակ շրջան` դուք ձեզ համար պատմություն եք հորինում և ինքներդ էլ դառնում եք դրա զոհը` ձգտելով դրան համապատասխանել: Պլեբեյական ծագումից բարդույթավորված հարուստը, որը մարկիզի տիտղոս է գնել ու իր անունով տերեւիկ նկարել հին ընտանիքի տոհմածառին, կարող է սովորել կիրթ շարժուձև և երեխաներին Քեմբրիջ ուղարկել, սակայն նրա ու նրա հետնորդների թիկունքում դեռ երկար են հեգնանքով շշուկներ փոխանակելու: Սակայն այդ հեգնական ժպիտները հետզհետե կփակվեն թղթադրամներով, իսկ հետո սուտը կծածկվի մոռացության շղարշով ու շատ նման կդառնա ճշմարտությանը:
Նման մի բան կարելի է դիտարկել ազգերի և հասարակությունների պարագայում. փողով կարելի է «գիտական» ուսումնասիրություն կամ հարգի հանրագիտարանում հոդված պատվիրել՝ ազգի կամ էթնիկ հանրության պատմությունը և համաշխարհային քաղաքակրթության մեջ ավանդը «հնացնող» ու «ազնավականացնող»: Բայց կա մի առանձնահատկություն, որը տարբերակում է մարդկային հանրությունը միջազգայինից: Առաջինի դեպքում քաղաքացիական իրավունքների համար երկարատև պայքարի արդյունքում քիչ թե շատ հաջողությամբ հաստատված է ժամանակակից օրենքների համակարգ՝ ինստիտուտների և անհատների հարաբերությունները կարգավորող և հասարակության սուբյեկտներին տարատեսակ փոխադարձ ոտնձգություններից պաշտպանող: Այս ոլորտի վերջին ձեռքբերումներից է ստեղծագործական գործունեության բոլոր բնագավառներում հեղինակային իրավունքների պաշտպանությունը: Ազգերի իրավունքները շատ ավելի վատ են պաշտպանված, քան քաղաքացիական իրավունքները: Դա ամբողջովին վերաբերում է սեփական մշակութային ժառանգության հանդեպ իրավունքներին, որոնք բավարար պաշտպանված չեն միջազգային կոնվենցիաներով: Հենց այստեղ էլ առաջ են գալիս արատավոր շրջանի վտանգավոր դրսևորումներ, որոնք հանգեցնում են ադրբեջանական հասարակությանը իր իսկ էլիտայի կողմից պարտադրված աղճատված աշխարհընկալմանը. արհեստականորեն ստեղծված, հորինված պատմական «հզորությունը» անխուսափելիորեն հանգեցնում է ներկայումս հզորության հասնելու ձգտման: Հոգեբանության տարրական դասընթացից հայտնի է, որ թերարժեքության բարդույթ ունեցող մարդիկ և հասարակությունները առավել հակված են լինում ագրեսիայի և մեծամտության: Եվ Ղարաբաղյան հակամարտության ելքը չի երևում այն պատճառով, որ պարտության հետևանքով խորացած` ադրբեջանական թերարժեքության բարդույթը նավթային զարթոնքի ազդեցության տակ սահուն վերածվել է մեծամտության մոլուցքի: Իսկ դա ծանր հիվանդություն է: Այն պետք է բուժել: Իսկ վտանգավոր հիվանդի բուժման մեջ ամենաշատ շահագրգռված են նրանք, ում համար նրա ոչ ադեկվատ աշխարհընկալումը և ագրեսիվ պահվածքը ամենամեծ վտանգն են ներկայացնում: Այսինքն` մենք: Բուժման մեթոդների ընտրությունը մեծ չէ, և ժամանակն էլ այնքան շատ չէ, քանի որ հիվանդը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի ու վտանգավոր: Արդյո՞ք ժամանակը չէ հարևաններին նրանց հասկանալի մեթոդով, այսինքն` «գլուխը մտցնելով», բացատրել, որ իրենց սերը սեփական երեխաների հանդեպ պետք է ուժեղ լինի հայերի հանդեպ ատելությունից:
Հ.Գ. Շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա առթիվ, սիրելի' հայրենակիցներ:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ