կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-27 18:36
Քաղաքական

ՀՅԴ-ն խորհրդաժողով է անցկացրել

ՀՅԴ-ն խորհրդաժողով է անցկացրել

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, օգոստոսի 24-ից 26-ը Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցել են Հայրենիքի եւ Արտերկրի կուսակցական մարմինների եւ շրջանների ներկայացուցիչներ եւ հրավիրեալներ։

 

Միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, իրավիճակը հայաստանամերձ տարածաշրջանում, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր։

 

Խորհրդաժողովն անդրադարձել է հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած խնդիրներին եւ նոր մարտահրավերներին: Շեշտվել է, որ իր օրակարգային հիմնահարցերին համարժեքորեն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր՝ հանդես գա համակուսակցական ամբողջական ներուժով։ Խորհրդաժողովն արձանագրել է, որ կազմակերպական-կարգապահական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։

 

՛՛Նոր ժամանակներին եւ իրողություններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար հստակեցնել մարտավարական անելիքները, առավել ճկուն եւ արդյունավետ դարձնել գործելաոճը, առավել արդյունավետ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։

 

Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակը, խորհրդաժողովը մատնանշեց մի շարք բացասական երեւույթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականության համար։ Շեշտվեց մասնավորապես արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ նկատվեց, որ պետությունը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կներկայացվի հանրությանը՛՛,- նշվում է ՀՅԴ մամլո ծառայության տարծած հաղորդագրության մեջ:

 

Քննելով Հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, խորհրդաժողովը հաստատել է.

 

- Տարածաշրջանում տեղի են ունենում բախտորոշ գործընթացներ, որոնք հանգեցնելու են գլոբալ փոփոխութիւնների։ Այս փոփոխութիւններին ենթակա է նաեւ հարավկովկասյան շրջանը՝ նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելով մեր երկիրը։

 

- Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայումս ենթակա է փորձության։ Մեր պետականությունը գտնվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նոր հավասարակշռության կայացման շեմին։


- Առկա մարտահրավերները դիմագրավելու համար, Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի եւ վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։

- Խորհրդաժողովը արձանագրեց, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ ոտնձգություն ԼՂՀ պետականության եւ բնակչության անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից կարեւոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ տալը։

 

- Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ պետք է ծառայի ուժեղացնելու Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բանաձեւելու նոր հանգրվանի շեմին հայության պահանջատիրական թիրախները եւ ընդլայնելու Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների բովանդակությունն ու աշխարհագրությունը։

 

- Կարեւորելով քաղաքական փոխհարաբերությունների առաջնահերթությունները, Հայաստանը պետք է ձգտի բազմակողմ տնտեսական-քաղաքական կապերի՝ ապահովելով իր համար անկախ քաղաքականության երաշխիքներ։

 

Խորհրդաժողովը քննարկել է նաեւ Միջին Արեւելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայությանը եւ մասնավորաբար՝ սիրիահայությանը վերաբերող հարցեր։ ՛՛Սիրիահայության խնդիրը, պետական, ազգային եւ կուսակցական առումով մեզ համար մնում է հիմնական առաջնահերթություն։ Սիրիահայության նյութական ու տնտեսական ծանր կացությունը թելադրում է օժանդակության ապահովման խնդիրը դիտել որպես ամենօրյա եւ տեւական աշխատանք։ Միաժամանակ հայության վտանգված հատվածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին։

 

Հայաստանի ու Սփյուռքի ամբողջական համարկումը տեւական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել կենտրոնանալով դրական ձեռքբերումների եւ երկուստեք հստակեցված թիրախների վրա՛՛,- նշված է հայտարարության մեջ։

 

Խորհրդաժողովը հաստատել է նաեւ, որ Հայությանը եւ Հայաստանին ծառայության համար կուսակցության հզորացումը Հարենիքում եւ Սփիւռքում մնում է առաջնահերթություն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։