Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մեկ ամսվա ընթացքում` Երեւանում երթուղային տրանսպորտի թանկացումը կանխելուց ամիջապես հետո, սկսվեց բողոքի նոր ալիք` ընդդեմ ուսման վարձերի թանկացման: Երեւանի եւ մարզային մի շարք բուհերում ուսման վճարները թանկացել են 30-200 հազար դրամով: Թե ինչու են բուհերը նախապես հաստատված բյուջեները փոխել եւ բարձրացրել ուսման վարձը, կանդրադառնանք հետագայում: Տարբեր պատճառաբանություններ են բերվում` «Ամեն ինչ թանկացել է, կրթությունն էլ ունի իր գինը» աշոտյանական մեկնաբանությունից մինչեւ «Հո դասախոսները սոված չե՞ն մեռնելու» կոնսերվատորիայի ռեկտորի արդարացումը: Ամենազարմանահրաշ մեկնաբանությունը, սակայն, կրթության նախկին երկարամյա փոխնախարար, այժմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանինն է:
«Ազատություն TV»-ի` օրերս կայացած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ռեկտորն ասաց, թե` «Եթե Հայաստանի քաղաքացիներն արտասահման են գնում ուսման համար, հիմնականում գնում են, որովհետեւ Հայաստանում համապատասխան որակներ չկան, իսկ ուսման վարձերի բարձրացումը միտված է նրան, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն այստեղ, որպեսզի մեր քաղաքացիներից շատերը ստիպված չլինեն դրսում սովորելու համար ավելի ծախսեր անել» (մեջբերումը` tert.am-ից):
Ընդունենք, որ փոխնախարարի համար շատ զարմանալի պատասխան է. մարդը 10 տարի եղել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ ու մինչ այժմ մտածում է, որ եթե հայաստանցի երիտասարդը գնում է Հարվարդում, Քեմբրիջում, Օքսֆորդում, Սթենֆորդում, Փրինսթոնում ու այլ առաջատար բուհերում սովորելու, պատճառն այն է, որ Պոլիտեխնիկում լաբորատորիա չկա: «Կառավարական» պատասխան է, նրանք չեն սիրում բուն պատճառների մեջ խորանալ: Իսկ եթե խորանար պարոն Ավետիսյանը, կպարզեր, որ բացի կրթության որակից, զանազան այլ պատճառներ եւս կան:
«Լույս» հիմնադրամի ծրագրերով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդների միայն 54 տոկոսն է վերադառնում, հիմնադրամի ներկայացուցչի գնահատականներով: Ինչո՞ւ, գուցե Պարոն Ավետիսյանը սրա՞ն պատասխանի: Գլխավոր պատճառն այն է, որ դրսում սովորածները կարողանում են գիտելիքը վերածել փողի եւ ապրել , իսկ պոլիտեխնիկումն ավարտածների գերակշիռ մասը, ի վերջո, գնալու է խոպան: ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը գերազանցությամբ ընդամենը երեք տարի առաջ ավարտած իմ բարեկամը վառելափայտ է սղոցում, ինչի համար, վստահաբար, տնտեսագիտական ֆակուլտետի անվճար համակարգ ընդունվելը պարտադիր չէր:
Ինքս բազմաթիվ հայաստանցիների եմ ճանաչում, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն բուհերում, եւ նրանց մեջ չեմ հանդիպել մարդկանց, ովքեր գոյություն են քարշ տալիս, քանի որ նախ ուսումն ավարտած երկրներում են ապրում, իսկ այստեղ էլ բարձր վարձատրվող աշխատանք են գտել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների գրասենյակներում ու մասնավոր ընկերություններում:
ՀՀ նախագահն ու վարչապետը բավականին վերջերս հանդիպելով «Լույս» հիմնադրամի ծրագրով արտասահման մեկնող երիտասարդներին, լավ սովորելուց, կրթված ու պիտանի մարդ դառնալուց առաջ վստահություն հայտնեցին, որ նրանք կվերադառնան:
Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78,5 տոկոսը ցանկություն է հայտնել ընդմիշտ հեռանալ Հայաստանից, 64.4%-ը իր կրթությունը ուզում է ստանալ արտերկրում: Ծնողների 68 տոկոսն է ցանկություն հայտնել, որ իրենց երեխաները սովորեն եւ մնան արտերկրում: Սա միգրացիոն լուրջ խնդիր է: Հարցումը իրականացվել է 2011 թվականին եւ եթե այս ընթացքում ոչ կյրթության որակն է բարձրացել, ոչ էլ լուծվել է աշխատանքի տեղավորման խնդիրները, ինչո՞ւ է բարձրանում ուսման վարձը:
Ի՞նչ է նշանակում` վճարեք, որ հետագայում կրթության որակը բարձրանա: Սա համեմատելի է տիպիկ հայկական մեկ այլ իրողության, երբ նախապես վճարում են ինչ-որ վայորւմ էլիտար շենքում բնակարան ունենալու համար, իսկ կառուցողը փողերն առնում է ու ծլկում: Երկու դեպքում էլ վճարում են չտեսած բանի համար, երկու դեպքում էլ տուժողը նախապես վճարողն է:
Կրթության նախկին փոխնախարարն ինքը պետք է լավ գիտենար, թե ինչու ուսման վճարները ոչ միայն պետք է չբարձրանային, այլեւ անհրաժեշտ էր իջեցնել, քանի դեռ պետությունը չի կարող երաշխավորված կրթություն ապահովել երիտասարդին եւ կայուն եկամուտ:
Ահարոն Համբարձումյան