կարևոր
16312 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-02 15:00
Տարածաշրջան

Պայթյունը ցնցել է Թուրքիայի կառավարական շենքերը․ հարձակմանն ի պատասխան՝ Անկարան հարվածել է PKK-ի դիրքերին

Պայթյունը ցնցել է Թուրքիայի կառավարական շենքերը․ հարձակմանն ի պատասխան՝ Անկարան հարվածել է PKK-ի դիրքերին

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից ընդամենը ժամեր անց թուրքական բանակը հարձակվել է Իրաքի հյուսիսում գտնվող բանվորական կուսակցության (ՔԲԿ) դիրքերի վրա։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են ՔԲԿ-ի 20 դիրքեր։ Նախարարությունը ընդգծել է «ինքնապաշտպանության իրավունքը»։ 

Հոկտեմբերի 1-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) աշնանային նստաշրջանի բացման օրը, Անկարայի կենտրոնական հրապարակում՝ կառավարական շենքերի մոտ պայթյուն էր որոտացել։ «Ահաբեկիչներից» մեկը, ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայանի, պայթեցրել էր իրեն, մյուսը «վնասազերծվել» էր։ Երկու ոստիկան վիրավորում էր ստացել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածը անվանել է «ահաբեկիչների վերջին ջղաձգումներից մեկը»։ Նա հայտարարել է՝ ահաբեկիչները, որոնք փորձում են ոչնչացնել Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ 
ՔԲԿ-ն ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը։ Քրդստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած ANF լրատվական կայքը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է «Անմահների գումարտակ» կոչվող խումբը՝ վկայակոչելով ՔԲԿ-ի հայտարարությունը։ ՔԲԿ-ն հայտարարության մեջ մեղադրում է Թուրքիային քրդերի դեմ քիմիական զենք կիրառելու եւ պատերազմական այլ հանցագործությունների համար։