կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-05 17:03
Իրավական

Գյումրիում ոստիկանները վնասազերծել են իրենց ընկերներին

Գյումրիում ոստիկանները վնասազերծել են իրենց ընկերներին

Այսօր առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թալան կատարելու հերթական ցնցող դեպքն է գրանցվել Գյումրիում: Ինչպես  Panorama.am-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը, ով համակարգում է 2001 թվականից, և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը, ով համակարգում է 1998 թվականից, առավոտյան ժամը 4.20-ին փորձել են թալանել Խաղաղության օղակ 8 հասցեում գործող ոսկերչական սրահը: 

 

«Ռուբին» ոսկերչական սրահը մշտապես վերահսկվում է ոստիկանների կողմից, այնտեղ կան տեղադրված տեսախցիկներ, ազդանշան: Թալանը, բնականաբար, կանխվել է, քանի որ ծառայություն իրականացնող խումբն արագ տեղ է հասել ազդանշանի միանալուց հետո:

 

Ըստ Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների` Գյումրու ոստիկանության աշխատակիցները շոկի մեջ են, պարզապես չեն պատկերացնում, թե 13-15 տարի շարունակ ոստիկանական համակարգում աշխատած, ոստիկանության ակադեմիան ավարտած այս երկու ոստիկանները ինչպես կարող էին նման արարք իրենց թույլ տալ: Հատկապես, որ այս երկու անձինք բնութագրվել են որպես նորմալ աշխատակիցներ: Ի դեպ, դեպքի վայր ժամանած` Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորած խումբը ոսկերչական սրահը թալանելու փորձ արածներին ձերբակալել է, երբ նրանք դեռեւս դիմակներով են եղել: Ոստիկանները զարմանքից քար են կտրել, երբ պարզել են, որ հանցագործներն իրենց գործընկերներն են:

 

Այս պահին, ըստ «Առավոտի» աղբյուրների, Գյումրիում են ՀՀ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նշանակվել է նաև ծառայողական քննություն, եւ չի բացառվում, որ մեղադրանք առաջադրեն նաև այս երկու ոստիկանների ղեկավարությանը: Ղեկավարությունը, ըստ կայքի ոստիկանական աղբյուրների, պարտավոր էր նրանց հետ աշխատանք տանել օրինակելի վարքագծի դրսևորման ուղղությամբ, խորհրդային տարիներին սա կոչվել է դաստիարակչական աշխատանք ոստիկանների հետ, հատուկ պարապմունքներ են անցկացվել:

 

Այս պահին էլ շատ մարդիկ կան հավաքված «Ռուբին» ոսկերչական սրահի առջեւ. գյումրեցիներից շատերը  ցնցված են ոչ այնքան պաշտոնյա ոստիկանների գողություն կատարելու փորձից, այլ նրանց միամիտ պլաններից: Ի դեպ, ոսկերչական սրահ թալանելու փորձ կատարած ոստիկանների աշխատավարձը կազմում է ամսական 150 հազար դրամ: 

 

Աղբյուրը` aravot.am