Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկ տարի առաջ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրեց երեք ավանդական մանկական պարբերականների` «Աղբյուրի», «Կանչի» և «Ծիծեռնակի» պետական աջակցությունը: Այդ պարբերականներն այսօր չեն տպագրվում:
Yerkir.am-ն այս թեմայով զրուցել է «Աղբյուրի» երկարամյա խմբագիր Թադևոս Տոնոյանի հետ.
-Պարոն Տոնոյան, արդեն մեկ տարի է, ինչ Ձեր կողմից երկար տարիներ խմբագրված «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսը պետական ֆինանսավորում չի ստանում, ինչի պատճառով էլ այն լույս չի տեսնում: Դադարեցվել է նաև «Ծիծեռնակի» և «Կանչի» ֆինանսավորումը: Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին մենք մանկական պատշաճ մամուլ չունենք:
-Եթե նկատի ունենանք, որ այս գործով այսօր զբաղվում են նրանք, ովքեր կարող են նույն հաջողությամբ (կամ նույն անհաջողությամբ) այլ գործով էլ զբաղվել, իհարկե, այս պահին մենք մանկական պատշաճ մամուլ չունենք: Ինչ այս տարի տպագրվում է որպես մանկական մամուլ, իր պարունակությամբ ուղղակի մատնում է, որ տենդեր «կրածները» չունեն նվիրում ու ջերմություն այն գործի նկատմամբ, որ իրենց վիճակվել է անել: Դե, փող է՝ աշխատում են: Սովետական պլան կատարելու պես բաներ են տպագրվում: Իսկ ինձ միշտ թվացել է, որ մանկապատանեկան մամուլ պետք է ստեղծեն նրանք, ովքեր չեն կարող դա չանել: Կան այդպիսի մարդիկ...
-Դուք բազմիցս դիմել եք տարբեր ատյանների, որպեսզի ամսագիրը շարունակի տպագրվել, բայց, կարծես, ոչ ոք չի արձագանքում, այո՞:
-Երկու անգամ նամակ ենք հղել վարչապետին, բայց, վստահ ենք, այդ նամակները նրան չեն հասել, փոխարենը մեխանիկորեն վերահասցեագրվել են այն գերատեսչություններին, որոնք իրենք են հենց պատճառ եղել դժգոհության: Զարմանում ես. նույն սովետական գործելաոճը. քեզ պատասխանում է նա, ումից դու դժգոհում ես: Սա ձեռառնոցի է...: Դիմել էինք նաև Աժ նախագահին. մեզ ամիսներ անց ուղարկեցին պատասխան՝ արդարադատության նախարարությունից. անհասկանալի, խառնիճաղանջ, մարդկային միտքը բժժեցնող մի թուղթ`ոչ ԱԺ նախագահի ստորագրությամբ, որի մեջ արդարադատները փորձել էին ապացուցել, որ ՀՀ Գերագույն խորհրդում ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթը կապ չունի ՀՀ Գերագույն խորհրդի հետ, ուստի ներկայիս Ազգային ժողովը նույնպես կապ չունի այդ որոշման հետ (մանկապատանեկան մամուլը պետական հովանավորության տակ առնելու վերաբերյալ 1990 թ. դեկտ. 27-ի որոշումը): Աճպարարություն: Անօրինականություն: Անպատժելիություն: Աներեսություն: Հիշու՞մ եք «Հառաչանքի» ծերունուն.«Իրանցն ասում են ու քեզ չեն լսում»: Դիմեցինք ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանին, Հայկ Կոնջորյանին, Նաիրա Զոհրաբյանին: Լուսինե Բադալյանն ու Հայկ Կոնջորյանը արհամարհեցին, մինչև օրս չեն պատասխանել մեր պաշտոնական նամակներին: Իրենց իրավուք վերապահեցին չպատասխանել երեք գլխավոր խմբագիրների համատեղ նամակին: Իրավունք ունեի՞ն: Միայն Նաիրա Զոհրաբյանը եղավ սկզբունքային: Դիմեցինք ՀՀ նախագահին. պաշտոնական պատասխանը չուշացավ. տառացիորեն մի քանի օրից ստացված պատասխանից զգացվեց սրտացավությունը խնդրի վերաբերյալ: Լավ մարդիկ խորհուրդ տվեցին դիմել Աննա Հակոբյանին`«Իմ քայլը» հիմնադրամին: «Հայկական ժամանակի» խմբագրությունում ես և «Կանչ» թերթի խմբագիրը հանդիպեցինք նրա հետ: Ամսագրի ու թերթի համարներ էինք տարել, նա խոստացավ նայել ու մեկ շաբաթից պատասխանել: Դա ամռանն էր, արդեն չեմ հիշում`որ ամսին... Նույնիսկ դիմատետրի էջերում հետո փորձեցի հիշեցնել, որ մենք դեռ պատասխանի ենք սպասում... Մի ժամանակ սպասում էինք: Հիմա այլևս չենք սպասում... Որոշեցինք հանդիպել ԿԳՄՍ փոխնախարարին` Նարինե Թուխիկյանին. հիշեցինք, որ Թումանյանի թանգարանի տնօրենն էր, համարձակ մտավորական: Զրուցեցինք: Ներկայացրեցինք մեր ակնկալիքը, նախարարի տեսակետները… Ասաց, որ իրեն շատ դժվարին խնդրի առաջ ենք կանգնեցնում, բայց կփորձի ինչ-որ բան անել: Քար լռություն: Մեր մի քանի համառ զանգերից հետո պատախանեցին ԿԳՄՍ նախարարից պատճենած նախադասությամբ: Ապշեցուցիչ էր, իրոք, պատճենած:
-Մոտ մեկ ամիս առաջ Դուք աչքի էիք անցկացրել «Աղբյուրի» փոխարեն պետական ֆինանսավորում ստացող «Խատուտիկ» ամսագիրն ու բազմաթիվ վրիպակներ, բացթողումներ ու քերականական սխալներ, նույնիսկ տգիտություններ արձանագրել: Այդ մասին մամուլը գրեց. որևէ պատկան մարմին արձագանքե՞լ է:
-Ոչ:
-Տարեսկզբից Դուք փորձում էիք բարեգործներ գտնել` «Աղբյուրի» տպագրությունը շարունակելու համար, ի՞նչ փուլում են այդ որոնումները:
-Անհույս: Բայց դեռ կփորձեմ:
-Երևի արդեն գիտեք, որ ԿԳՄՍ-ն դադարեցրել է նաև «Ազգ» շաբաթաթերթի «Ազգ-մշակույթ» ներդիրի ֆինանսավորումը, այս մասին ի՞նչ կասեք:
-Արդեն ասացի. ի՞նչ տարբերություն՝ «Աղբյու՞րը» թե՞ «Ազգի» մշակութային հավելվածը: Ես միայն մի բան եմ նկատում. ֆինանսավորում են իրենց ընկերներին, սերնդակիցներին, նրանց, ովքեր չեն ընդդիմախոսում իրենց, շրջահայացորեն լռում են, մեզ պես կռիվ չեն անում, հանգիստ իրենց գործերն են դզում նրանց աշխատասենյակ-կաբինետներում, հանձնախմբերում ու ժյուրիներում: Մեկը կար, որ ժամանակ առ ժամանակ կարմրատակում էր մանկական մամուլին հատկացվող գումարներից, լրագրողական նյութեր էր գրում, իբրև թե այդ գումարները վատնվում են: Հիմա նրա կայքին, այո, կայքին ավելի մեծ գումարներ են տրամադրվում, քան տպագրվող պարբերականներին:
-Վերջիվերջո ո՞րն է ելքը, ի՞նչ եք պատրաստվում անել, շարունակելու՞ եք ելքեր փնտրել` «Աղբյուրն» ապրեցնելու համար:
-Դեռ շարունակելու եմ: ԿԳՄՍ նախարարությունը նոր մրցույթ է հայտարարելու: Երևի մասնակցենք: Ուղղակի այն, ինչ արվում է այս ասպարեզում, սկզբունքային սխալ է: Օրինակ՝ չի կարելի ամեն տարի ինչ-որ մի նոր պարբերական դպրոց ուղարկել՝ պատճառաբանելով, թե մրցույթում հաղթել է: Չի կարելի համացանցում աղբի պես լցված նյութերը լցնել թղթե էջերի մեջ ու տալ երեխաներին՝ որպես մանկապատանեկան մամուլ, ինչպես դա հենց հիմա է արվում ԿԳՄՍ նախարարության այս տարվա տենդերը շահած պարբերականներում: Մինչդեռ պայմանագիրը պահանջում էր սեփական նյութերի բացարձակ գերակշռություն: Այս էլ ո՞րերորդ անգամ բարձրաձայնում եմ այս խախտման մասին: ԿԳՄՍ նախարարությունում խուլ են ձևանում: Ես համոզված եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը իր՝ մշտական մանկապատանեկան պարբերականները պետք է ունենա: Անցյալ տարի նախարարի հետ հանդիպման ժամանակ ես առաջադրեցի այս գաղափարը՝ միաժամանկ պատրաստակամություն հայտնելով օգնել, հրաժարվել ՍՊԸ կարգավիճակից՝ հօգուտ պետության: Այս տարվա սկզբներին հայկական ժամանակում գրեցի, որ մենք մեր պաշտոնների համար չենք պայքարում, որ ինքս պատրաստ եմ զիջել իմ տեղը նախարարության նախընտրած թեկնածուին, միայն թե 96-ամյա «Աղբյուրը» չմեռնի: Ոչ մի արձագանք: Անտարբերություն:
-Ստեղծված իրավիճակի մեջ Դուք պաշտոնական դիրքի չարաշահումներ տեսնու՞մ եք:
-Եթե նախարարության պաշտոնյան ընդգրկվում է մրցույթի մասնակից պարբերականի խմբագրական խորհրդում, եթե պատգամավորները չեն պատասխանում իրենց ուղղված պաշտոնական նամակներին, եթե նախարարությունում խուլ են ձևանում, և այլն, և այլն, իհարկե, տեսնում եմ, մենք էլ հո կույր չե՞նք ձևանալու:
Գևորգ Գյուլումյան