կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 13:25
Հասարակություն

Ընտանեկան բռնությունների 90%-ում կա սկեսուրների միջամտությունը

Ընտանեկան բռնությունների 90%-ում կա սկեսուրների միջամտությունը

Արդեն 15 տարի է` Հայաստանում գործող «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն ստեղծել է արագ արձագանգման խումբ, որը, ըստ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի, վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտել և լուսաբանել է ընտանեկան բռնության 20 դեպք, որոնցից 7-ը` մահվան ելքով:

 

Արագ արձագանգման խմբի համակարգող Լիդա Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չկան հստակ սոցիոլոգիական տվյալներ, թե մեծացել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը մեր հասարակության մեջ, պարզապես նման դեպքերը սկսել են հաճախակի լուսաբանվել լրատվամիջոցների կողմից: Ըստ նրա` ընտանեկան բռնության դեպքերի թիվը մեծ է մարզերում:

 

ՀԿ-ի հիմնադիր Աննա Արուճյանը նշում է, որ ընտանեկան բռնությունը խթանող հիմնական գործոնները կապված են հասարակական կարծրատիպերի հետ: «Հաճախ բռնության ենթարկված կանայք երկար ժամանակ չեն դիմում համապատասխան կենտրոններ` օգնություն ստանալու համար, քանի որ ունեն անչափահաս երեխաներ, զուրկ են ֆինանսական ինքնուրույնությունից, վախենում են հասարակության արձագանքից և կարծում են, թե այլևս չեն կարողանա վերադասավորել իրենց կյանքը»,- ասում է նա և հավելում, որ դա մասնավորապես հայ ընտանիքներում առկա դաստիարակության հետեւանք է` տղաները մեծանում են չափազանց ագրեսիվ, իսկ աղջիկները` ինքնուրույնությունից զուրկ և համակերպվող:

 

Բանախոսներն անդրադարձան ընտանեկան բռնության վերջին աղմկահարույց դեպքին, երբ ամուսինը դանակի 25 հարված էր հասցրել կնոջը` ծնողների և քրոջ հետ 10 տարիների արգելքից հետո շփում հաստատելու համար: Բարեբախտաբար, կինը փրկվել է: Ըստ արագ արձագանքման խմբի փաստաբան Սեդա Սաֆարյանի` բռնության ենթարկված կնոջ` արդեն 13 տարի ձգվող մղձավանջին ականատես է եղել սկեսուրը, ով օգնության փոխարեն, մի բան էլ խրախուսել է որդու արարքները: «Ինչ պինդ երես ունես, ինձ էդքան ծեծեին ես կմեռնեի»,- ասել է նա հարսին: Ի դեպ, ըստ փաստաբանի, ընտանեկան բռնությունների 90 տոկոսը կատարվում է սկեսուրների միջամտությամբ: