կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 13:33
Քաղաքական

Տարոն Մարգարյանի աներորդին դատի կտա

Տարոն Մարգարյանի աներորդին դատի կտա

Ilur.am կայքը, օգտվելով էլեկտրոնային ռեգիստրից եւ ԿԸՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվությունից, փաստաթղթերով ապացուցել է, որ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սարգսյան Ռոբերտի կողմից եւ մի քանի տարի անց այն փոխանցվել է Տարոն Մարգարյանին:

 

Նշենք, որ մինչ այս հրապարակումը Ռոբերտ Սարգսյանը news.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկատվությունը, թե Երեւանում հանրային տրանսպորտի 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն կապ ունի իր եւ Տարոն Մարգարյանի հետ: Տարածված լուրերը որակելով ապատեղեկատվություն` Ռոբերտ Սարգսյանը վստահեցրել էր, որ միայն զուգադիպությամբ են ՍՊԸ-ի անվանման մեջ առկա անունները համընկնում իր եւ Տարոն Մարգարյանի անունների հետ:

 

Ilur.am-ի հրապարակումից հետո Yerkir.am-ը Ռոբերտ Սարգսյանից փորձեց պարզել, թե հիմա է՞լ է շարունակում պնդել, որ ՍՊԸ-ն իրենցը չէ: Ռոբերտ Սարգսյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՍՊԸ-ն իրենցը չէ: «Կայքը ստում է, որ ՍՊԸ-ն մերն է: Մենք «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հետ ընդհանրապես կապ չունենք: Եթե կայքն ապացուցի, որ դա մերն ա, ես դատի կտամ նրան, ով որ տրամադրել ա փաստաթղթեր ու ասել ա, որ դա մերն ա»,- հայտարարեց նա:

 

Դիտարկմանը` ուզում եք ասել` հրապարակված փաստաղթերը կե՞ղծ են, Ռոբերտ Սարգսյանը պատասխանեց. «Ես դա չեմ ասում, ես ասում եմ, որ այդ ՍՊԸ-ն մերը չի: Թե ի՞նչ փաստաթուղթ է ինքը հանել, ես չգիտեմ»: