Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հարցը վերաբերում էր ապրիլի սկզբին քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող գումարային հատկացումներին:
Ասատրյանի խոսքով`հենց այդ օրերին ստեղծվեց համապատասխան աշխատանքային խումբ, որը համապատասխան աշխատանքներ էր իրականացնում այդ ուղղությամբ:
«Մեծ թիվ կազմեցին նաև մեր անհատ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից ինքնաբուխ օգնության տրամադրման աշխատանքները, որոնք ևս իր նպաստը բերեցին այս խնդիրների կարգավորմանը: Ինչ վերաբերում է պետական, ինստիտուցիոնալ խնդիրների` պետական մակարդակով լուծումներին, մենք հիմա արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ունենք, դրանց մի մասն առաջիկայում կառավարությունը կհաստատի»,- ասաց Ասատրյանը` հավելելով, որ, օրենսդրությամբ նախատեսված կարգով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են շուրջ չորս միլիոն դրամի ապահովագրական վճարներ, դրանք հուղարկավորությունը կազմակերպելու և հետագա ծախսերին են վերաբերում:
Ըստ նախարարի` կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում նախատեսվում է հատկացումներ կատարել նաև կամավորականների ընտանիքներին:
Ասատրյանն ընդգծեց նաև, որ իր ղեկավարած գերատեսչությունը և ՊՆ-ն պարբերաբար իրականացնում են համապատասխան քննարկումներ այդ թեմաների առնչությամբ: Ըստ նրա` բացի միանվագ վճարումներից, կլինեն նաև պարբերական վճարումներ:
«Միջին հաշվով երեք հոգանոց ընտանիքին կհատկացվեն կենսաթոշակ, պարգևավճարներ և այլն: Շուրջ 150-180 հազար դրամ հատկացում կլինի, բայց դա էլ փոփոխության կենթարկվի` կապված նրա հետ, թե ինչ զինծառայող է` սպայական կազմի՞ց է, թե՞ այլ տեղից»,- ասաց նախարարը: