Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երկուշաբթի օրն առավելագույնը 50 հոգանոց ակցիա է կազմակերպելու Երևանի քաղաքապետարանի առջև տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ: Ակցիայի մասնակիցները պահանջելու են ուսանողների համար տրանսպորտի սակագինը սահմանել 100 դրամ: Նրանք, սակայն, չեն պատրաստվում դիմել կոշտ մեթոդների, այլ համապատասխան առաջարկություններով նամակ են հանձնելու քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարարություն:
Այս նպատակով օրեր առաջ Facebook սոցիալական կայքում ստեղծված «Ուսանողներին սպասարկել 100 դրամով» խումբն արդեն հավանել է 826 մարդ:
«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Զոհրապ Հովհաննիսյանի խոսքով` բացի ուսանողներից, իրենց են միացել խնդրով շահագրգիռ այլ քաղաքացիներ:
«Թանկացումից հետո ուսանողները, իրենց սոցիալական պայմաններից ելնելով, մտադիր են անգամ կիսատ թողնել ուսումը և աշխատել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և հավելեց, որ թանկացումը ծանր կանդրադառնա հատկապես մարզերից եկող, ինչպես նաև ջավախահայ ուսանողների վրա:
Yerkir.am-ի հարցին` միայն ուսանողների համա՞ր են առաջարկելու անփոփոխ թողնել գինը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր կազմակերպությունն այսօր զբաղվում է միայն ուսանողության խնդիրներով, և մեր խնդիրն ուսանողների շահերի պաշտպանությունն է: Ես, բնականաբար, շատ ուրախ կլինեի, որ երթուղայինների թանկացման խնդիր չլիներ»:
Yerkir.am-ը ՀԿ-ի ՀՀԿ-ական փոխնախագահից հետաքրքրվեց` արդյո՞ք հնարավոր չէր նախքան ակցիա կազմակերպելն այս հարցը համաձայնեցնել կուսակցության ներսում:
«Ես ներկայացնում եմ ուսանողությանը, ես չեմ ներկայացնում Հանրապետական կուսակցությանը: Դա իմ անձնական խնդիրն է եղել երբ, որ ցանկացել եմ դառնալ հանրապետական, դա ընդհանրապես կապ չունի այսօրվա իմ նախաձեռնության հետ: Ուսանողությունը երկուշաբթի օրը դիմելու է քաղաքապետին»,- պատասխանեց Հովհաննիսյանը:
Ի դեպ, «Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ-ի նախագահը ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանն է, ով ուսանողությանն առավել հայտնի է նախագահական ընտրություններից հետո կազմակերպված դասադուլներից: