Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բացարձակ ապօրինի է համարում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործում գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելը: Նշենք, որ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել քննիչին իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Այս գործի նախաքննության վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունները պարոն Ալումյանը որակում է միակողմանի:
«Պաշտոնական բոլոր հայտարարություններում առկա է միակողմանի մոտեցում հօգուտ Խաչատրյանների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բուդաղյանի փաստաբանը` հավելելով, որ նախաքննությունն ընթանում է Կոստանյանի կողմից նախանշված եղանակով:
Ըստ նրա` զինդատախազի հայտարարություններն արհեստականորեն ծանրացնում են մյուս կողմի մեղադրանքը: «Ես վախենում եմ հայտարարել, որ նախաքննությունը միակողմանի է, քանի որ ինձ կմեղադրեն նախաքննական գաղտնիքը հրապարակելու մեջ»,-կատակեց պաշտպանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Սուրիկ Խաչատրյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տարաբնույթ տեղեկություններին` փաստաբանը նշեց, որ այդ կապակցությամբ ինքը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` ճշտելու արդյո՞ք քրեական գործ հարուցվել է մամուլի հրապարակումներ փաստով: «Ես համարում եմ, որ այդ ենթադրյալ հանցագործություների մասին տեղեկությունները կարող են լույս սփռել այս գործի վրա, իսկ եթե անգամ կապ չունենան այս գործի հետ, լավ լինի, որ բացահայտվեն»,- ասաց նա` նշելով, որ դեռևս պատասխան չի ստացել:
Yerkir.am-ի հարցին` ի վերջո, նախաքննական մարմնի տրամադրության տակ առկա՞ է, արդյոք, նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրության բնօրինակը, փաստաբանը պատասխանեց. «Տեսագրության բնօրինակի առնվազն երկու օրինակ կա. մեկը գտնվում է քննչական մարմնում, մյուսը` տեսանյութը մոնտաժողի մոտ»: