կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 17:55
Իրավական

Նոր զինդատախազի համար կենսագրություն են գրում

Նոր  զինդատախազի համար կենսագրություն են գրում

Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Արտավազդ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

 

Հարությունյանի վերաբերյալ տեղեկություն նախ փորձեցինք ստանալ google որոնման համակարգի միջոցով, սակայն` ապարդյուն: Արտավազդ Հարությունյան անունով դատախազի անուն որևէ տեղ հիշատակված չէր: Pastinfo-ի տեղեկություններով`   մինչ նոր նշանակումը Արտավազդ Հարությունյանը, նույն ինքը` Արտակ Հարությունյանը, զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը։ Իսկ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է զինվորական դատախազության քննչական բաժնի պետի պաշտոնը եւ եղել «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբի ղեկավարը։

 

Մենք, թերևս Արտավազդ Հարությունյան անունով մի դատախազի ենք ճանաչում, ով ծնունդով գյումրեցի է, 46 տարեկան և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին զբաղեցրել է զինվորական դատախազության բաժիններից մեկի ղեկավարի պաշտոնը:

 

Նորանշանակ դատախազի վերաբերյալ մեր ունեցած կենսագրական տվյալներ ճշտելու ակնկալիքով` առավոտյան դիմեցինք դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն: Սակայն բաժնի պետ Շահեն Տոնոյանը հավաստիացրեց, որ քիչ հետո այն կտեղադրվի դատախազության կայքում, սակայն անցել է 6 ժամ, իսկ կայքում ոչ մի տեղեկություն այդ մասին չկա: Ավելին` դատախազության կայքում 13:20-ին դրված լուրը, որ նախագահը զինդատախազ է նշանակել, մոտ կես ժամ առաջ հանվեց: Դրա վերաբերյալ պարզաբանում ստանալ մեզ ևս չհաջողվեց, քանի որ պարոն Տոնոյանն անջատում է հեռախոսը: Մեզ մնում է միայն ենթադրել, որ դատախազությունում ոչ թե նորանշանակ զինդատախազի կենսագրական տվյալներն են հավաքում, որն առավելագույնը մեկ ժամվա պարզելու խնդիր էր, այլ նոր կենսագրություն են գրում: