Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երեւան քաղաքի կանաչ զանգվածներից կարելի է առանձնացնել «Հաղթանակ» զբոսայգին, որը շատ, թե քիչ այսօր կանաչին է տալիս եւ տարվա գրեթե 9 ամիսներին իր գիրկը հրավիրում երեւանաբնակներին ու մայրաքաղաքի հյուրերին:
Ժամանակին (խորհրդային տարիներ), երբ Երեւանը կառուցապատվում էր, քաղաքի համար ստեղծվեցին երեք կանաչ «թոքեր»՝ Նորքի այգիները, Դալմայի այգիները եւ Սարալանջի բարձունքում գոյություն ունեցող կանաչ զանգվածը, որտեղ էլ հիմնվեց նախկին եւ մեր ժամանակների ամենասիրելի զբոսավայրը՝ «Հաղթանակ» այգին:
Ցավոք, այսօր Երեւանի «կանաչ թոքերից» մնացել է միայն այդ զբոսայգին, իսկ մնացած երկուսը «վիրահատվեցին» մարդկային գործունեության արդյունքում:
Թե ի՞նչ իրավիճակ է տիրում այսօր զբոսայգում էկոլոգիական առումով, yerkir.am-ը զրուցել է «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանի հետ:
Ըստ զբոսայգու տնօրենի` կանաչ տարածքների վիճակը զբոսայգում այնքան էլ բավարար չէ. «Կանաչի վիճակը վատ է, որովհետեւ բացակայում է ոռոգման համակարգը: Ավելի քան 15 տարի քննարկվում է այս հարցը, եւ փորձում են, մի քանի խողովակ փոխելով, ունենալ ոռոգման համակարգ, սակայն դեռ չի լուծվել այս հարցը: Յուրաքանչյուր տարի ծառատունկ է կատարվում, գնում են թանկ ծառեր, տնկում են, բայց ոռոգման համակարգի ոչ բարվոք լինելու արդյունքում այդ ծառերը չեն ապահովում կպչողականություն»:
Մեր զրուցակիցը նշում է, որ արդեն երրորդ տարին է` փոխում են ոռոգման համակարգը, այս տարի էլ որոշել էին, որ որոշ հատվածներ փոխեն: «Եթե ուշադիր նայեք` այս տարի փոխել ենք «Մայր Հայաստան» հուշահամալիրի շրջակայքի խողովակները, եւ արդեն իսկ նկատելի են ծաղկանոցները, որ այս տարի ենք կարողացել ստանալ: Մինչ օրս զբոսայգում ծաղկանոցներ չէինք կարողանում ստեղծել, իսկ այս տարի ստացվեց: Անցյալ տարի լանջի մասը փորձեցին կանաչապատել, բայց, միեւնույն է, ոչինչ չստացվեց, քանի որ մինչեւ զբոսայգի մտնելը ջուրը գալիս է բաց վիճակում՝ առուներով, հետո նոր մտնում ոռոգման համակարգ: Ասեմ, որ ջուրն էլ է պակաս, քանի որ ամբողջ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է այս տարածքով, եւ առաջին հերթին ջրով ապահովում են Կենտրոնի հատվածները: Այնպես որ` այստեղ պետք է նորմալ համակարգ ստեղծվի»:
Ումրիկյանը հայտնեց նաեւ, որ այս տարի Երեւանի քաղաքապետարանը զբոսայգուն ոռոգման ջրով ապահովելու համար որոշել է նաեւ օգտագործելւ զբոսայգու «Արեւիկ» ջրակառույցում կուտակվող ջուրը:
Թեեւ ժամանակին զբոսայգին ստեղծվեց 110 հա տարածքի վրա, սակայն այսօր զբոսայգու տարածքը 23 հա է: Ի դեպ, այգու տարածքը սկսեց կրճատվել 1976-77թթ., երբ տեղի ունեցան շրջանների (Արաբկիր եւ Խորհրդային) սահմանների փոփոխություններ, իսկ 1997 թվականին զբոսայգու տարածքը դարձավ 23 հա, ինչը, ըստ տնօրենի, ամենացավալի հարցերից մեկն է:
«Այդ տարածքի ընդամենը 4 հեկտարն են ծառուղիները, իսկ մնացածն էլ կանաչ զանգվածն է»,- ասում է Թ. Ումրիկյանը` հավելելով, որ զբոսայգու կենտրոնական հատվածում բոլոր հին ծառերը պահպանվել են:
Տնօրենը հայտնեց, որ զբոսայգին տարեկան ունենում է 3 մլն այցելու, եւ այսօր կարելի է փաստել, որ նրանք իրենց ստեղծած աղբը կուտակում են նախատեսված աղբամաններում. «Բացառությամբ մեծ տոնական օրերի, երբ լինում է անկառավարելի, սակայն դրան անմիջապես լուծում է տրվում»:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսնակարները՝ հեղինակի