կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-20 18:08
Տարածաշրջան

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող երկրում մնացած միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում կբացվի Թուրքիայում առաջին հայկական թանգարանը։ Թուրքական Milliyet պարբերականի հետ զրույցում Վաքըֆլըի Հայ Առաքելական եկեղեցու ֆոնդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, որ այս թանգարանը կապացուցի, որ հայերն ու թուրքերը ապրել են միասին և կարող են ապրել միասին։ Չափարը նշել է, որ թանգարանը Մշակույթի նախարարության կողմից հատուկ կարգավիճակ է ստացել և հավելել, որ Արևելյան միջերկրածովյան զարգացման գործակալությունը կաջակցի թանգարանի բացմանը։ Թանգարանը կցուցադրի Վաքըֆլըի մշակույթի, լեզվի, պատմության, խոհանոցի, պարերի վերաբերյալ տեղեկություններ։

«Իրականում գյուղական այս թանգարանով պատրաստվում ենք պատմել և հայկականության, և քրիստոնեականության մասին։ Որովհետև համալսարան ավարտած մարդիկ գալիս և հարցնում են թե արդյոք Անատոլիայում եղած հայկականությունը ազգ է, թե կրոն, արդյոք այստեղի հայերը Հայաստանից եկած հայեր են, ինչ եղավ հայերի հետ։ Մենք կարիք ունենք պատմելու»․- նշել է Չափարը։

Վաքըֆլըի հայկական եկեղեցու վանահայր Ավեդիս Թաբաշյանը նշելով, որ մինչև 1939 թ. Հաթայը եղել է Ֆրանսիայի իշխանության տակ, հավելել է, որ Մուսա լեռան ստորոտին Վաքըֆլըի պես 6 գյուղ է եղել, սակայն Հաթայի երկրամասի՝ Թուրքիային միանալուց հետո շրջանի հայերի մի մասը գաղթել է երկրամասից, մի մասն էլ տեղափոխվել է Վաքըֆլը. «Վաքըֆլըում 35 հայ ընտանիք է ապրում, սակայն մեծամասնությունը արտասահմանում է։ Մեր գյուղում գրագիտության մակարդակը 99 տոկոս է։ Եկեղեցում պատարագները հայերեն ենք մատուցում։ Գյուղն ունի յուրահատուկ լեզու։ Այստեղ բնակվողները գիտեն և արևելահայերեն, և արևմտահայերեն, բայց արաբերեն և հայերեն խառնուրդով պարպարը ( բառբառ ) մեզ հատուկ լեզուն է։ Այստեղ բոլորը գիտեն այդ լեզուն». – նշել է Թաբաշյանը։