Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարմանքով ընթերցեցինք մամուլի տարբեր աղբյուրներում զետեղված՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ելույթը այն մասին, թե «գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում» (մեջբերումը՝ «Առավոտ»֊ից), եւ կամ՝ «ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային։ Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք» (Սինանյանի ուղիղ խոսքի մեջբերումը՝ դարձյալ «Առավոտ»-ից)։ Մենք սպասեցինք այս լուրի հերքմանը, կամ որևէ այլ պարզաբանման, որը սակայն տեղի չունեցավ։ Հետևաբար, որպես Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ, պարտավորված ենք արձագանքել այս ելույթին։
Առաջին հերթին ցանկանում ենք ընդգծել, որ հայրենադարձությունը երբեք չի կարող սպասել երկրի «պատրաստ» լինելուն. եթե պրն. Սինանյանի պատկերացմամբ հայրենիքում հաստատվելու տրամադրություն ունեցող մեր հայրենակիցները սպասում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի ամենազարգացած և ամենաապահով երկիրը և իրենք այդ ժամանակ հաստատվեն այստեղ, ապա չարաչար սխալվում է։ Իսկ եթե պրն. Սինանյանն ի՛նքը հայրենիք էր վերադարձել, մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր նոր իշխանությամբ արդեն դարձել է դրախտավայր, դարձյա՛լ չարաչար սխալվել էր։ Ավելի՛ն. եթե նա հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր պատրաստ չէ «մասշտաբային ռեպատրիացիային», դա առաջին հերթին նշանակում է, որ ինքն ընդունում է իր ձախողությունը ստանձնած առաքելության մեջ, ապա նաև իր մաս կազմած իշխանության ձախողությունը թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայության առաջ։ Նա ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ընկալել հայրենադարձության գաղափարական էությունը։
Մասսայական հայրենադարձության համար անհրաժեշտ է մեկ բան՝ հստակ, ընկալելի, համապարփակ և կարճ օրինական փաթեթ, որը կկարգավորի հայրենադարձության գործընթացը։ Նմանօրինակ օրենքի մշակումից խուսափել են Հայաստանի ղեկավարությունն ստանձնած բոլոր իշխանությունները՝ անխտիր եւ դիմել են միմիայն ձևական քայլերի, մինչդեռ հայրենադարձությունը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող խնդիր է։ Եթե պրն. Սինանյանը կարողանա ապահովել վերոնշյալ օրենքի ընդունումը, ապա հայ ժողովրդի տարբեր շերտեր իրե՛նք կբարձրացնեն հայրենադարձության ալիքն ու գալով Հայաստան՝ իրենց աշխատանքով ու քրտինքով մասնակից կդառնան Հայաստան երկրի և Հայաստան պետության կառուցման և զարգացման գործընթացներին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ
Մայիսի 1, 2020, Երևան