կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-29 20:16
Քաղաքական

Որեւէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել. ՀՀ նախագահը՝ Իշխան Զաքարյանին

Որեւէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել. ՀՀ նախագահը՝ Իշխան Զաքարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում դիմելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, Սերժ Սարգսյանը հայտարարել է.

 

«Պարոն Զաքարյան, մենք պիտի կարողանանք պահպանել, պահել այն ընկալումը, որ յուրաքանչյուր ծրագիր աչալուրջ վերահսկողության տակ է, իսկ առկա թերացումներն անխուսափելիորեն բացահայտվելու են ու հետո ստանալու են իրենց գնահատականները: Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող:

 

Բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, Վերահսկիչ պալատի ձեռքը, բայց դա, իհարկե, չպետք է լինի օրենքով նախատեսված ժամկետների խախտման արդյունքում կամ ոչ օրինական գործողությունների արդյունքում:

 

Բայց ես ունեմ նաև մի քանի դիտարկումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: Նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել անկախ որևէ քննարկումներից: Եվ, ինչպես ասացի, բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել և դա շատ ավելի արդյունավետ կլինի:

 

Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին:

 

Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը:

 

Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից:

 

Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով:

 

Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին:

 

Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար: Եթե պաշտոնատար անձը մի տեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա, այդ հարցազրույցի վրա:

 

Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուղղակի փողոցով գնալուց, կարող են շրջվել, մեկ էլ սկսեն մեր տնտեսության խնդիրների մասին խոսել կամ ընդհանրապես մեր հասարակության խնդիրների մասին խոսել առանց նախապատրաստվելու, այդ մարդիկ չեն կարող օգուտ տալ մեր պետական շինարարությանը: Եթե ես այսպիսի խորհրդակցություն եմ հրավիրում և հիմնականում ընթերցում եմ, դա նրանից չի, որ ես չեմ կարող ամենը բանավոր ասել: Բոլորս այս հարցերում պետք է շատ զգույշ լինենք:

 

Մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ»: