Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Հայաստան են ժամանելու 9 երկրի 16 երիտասարդ երաժիշտներ՝ երաժշտական այս ստուգատեսում մրցելու և հաղթողի կոչումը նվաճելու։
Մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում մեծ ճանաչում վայելող թավջութակահար, մանկավարժ Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի կազմում են մեծահամբավ երաժիշտներ։ Նրանցից է հայտնի թավջութակահար, պրոֆեսոր Լին-Յի Ու Յանը, ով թավջութակ է դասավանդում Թայվանի պետական մանկավարժական համալսարանում:
Լին-Յի Ու Յանը պահանջված ուսուցիչ է, միաժամանակ համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: Yerkir.am-ի հետ զրույցում երաժիշտը նշեց, որ Խաչատրյանիանվան մրցույթը համախմբում է լավագույն երիտասարդ տաղանդներին ամբողջ աշխարհից։ Ընդ որում, Լին-Յի Ու Յանի հավաստմամբ, այն ոչ միայն մրցակցության, այլև միմյանցից սովորելու հարթակ է։ «Ներկայացնելով Խաչատրյանի ստեղծագործությունները՝ մասնակիցներն ու հանդիսատեսը ևս մեկ անգամ հաղորդակից կլինեն հայ մեծ կոմպոզիտորի արվեստին ու հայկական մշակույթին»,- ասաց թավջութակահարը։
Լին-Յի Ու Յանն ակնկալում է մրցույթի ընթացքում Խաչատրյանի գործերի միջոցով լսել երաժշտության ներշնչող մեկնաբանություններ: «Ես կցանկանայի հանդիպել երաժիշտների, որոնք իրավամբ պատկերացնում ու զգում են հայկական մշակույթը»,- ասաց նա։
Որպես ժյուրիի անդամ՝ մրցույթի մասնակիցներին գնահատելիս Լին-Յի Ու Յանը երեք հիմնական կետերի է ուշադրությունը սևեռելու՝ Խաչատրյանի գործերի ինքնատիպ մեկնաբանում, երաժշտական կատարման միջոցով ունկնդրի հետ կապ ստեղծելու կարողություն և լավ տեխնիկա։ Նա մասնակիցներին խորհուրդ է տալիս հետևել նշված երեք կետերին և բեմում հանդես գալ վստահ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանիանվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։
Հայտնի է դարձել նաև, որ լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է լինելու: