կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 12:51
Քաղաքական

Նրանք էլ են առանձնատուն կառուցում. Փաշինյանը` Իշխան Զաքարյանին

Նրանք էլ են առանձնատուն կառուցում. Փաշինյանը` Իշխան Զաքարյանին

ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՎՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ իր ելույթում մեջբերեց ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլեւի արտահայտությունը. «Եթե դու տասն անգամ ստուգում ես եւ տասն անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ուրեմն նախեւառաջ պետք է զբաղվել քեզանով»: Այս սկզբունքը, ըստ Փաշինյանի, կիրառելի է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով վերջին 9 ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի մլն դոլարանոց առանձնատան շինարարությունը:

 

«Ինը ամիս առաջ Իշխան Զաքարյանը ԱԺ-ին զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին, այսօր էլ զեկուցում է էլի ուրիշների չարաշահումների մասին»,- հայտարարեց պատգամավորը եւ ընդգծեց, որ ՎՊ նախագահի կեսնագրությունն ուսումնասիրելիս չես տեսնի որեւէ դրվագ, որ հնարավորություն կտա հանգիստ վերաբերվել մի քանի մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունենալու փաստին, ինչ էլ ստիպում է մտածել կոռուպցիայի մասին:

 

Փաշինյանը զարմանում է, թե ինչպես է ՎՊ նախագահը ԱԺ ամբիոնից խրոխտ, հերոսաբար զեկուցում ուրիշների չարաշահումների մասին: «Պարոն Զաքարյանին թվում է, թե այդ մարդիկ, ովքեր չարաշահումներ են անում, շպիոնաժ են անում Ադրբեջանի օգտին, ո'չ, նրանք էլ են առանձնատուն կառուցում»,- ընդգծեց նա:

 

Փաշինյանին նաեւ զարացրել է, որ ԱԺ նախագահը փնտրում-փնտրում եւ այդպես էլ չի գտնում, թե ովքեր են ավազակները, ովքեր անխնա կերպով թալանում են մեր երկիրը: Նա անդրադարձավ նաեւ Վարդան Այվազյանին, ում անունը, ըստ ՀԱԿ պատգամավորի, կապվում է ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ:

 

Իշխանությունը, ըստ պատգամավորի, երկվության մեջ է` ե'ւ կոռումպացված է, ե'ւ պայքարում է կոռուպցիայի դեմ, թե' ապօրինի է, թե' պայքարում է ապօրինության դեմ, ե'ւ արտագաղթն է աճեցնում, ե'ւ պայքարում է արտագաղթի դեմ: Նա հայտարարեց, որ չի մերժում ՀՀԿ-ականների այն դիտարկումը, որ 90-ականներից է սկսվել երկրի թալանը, եւ հավելեց, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային կառույցներից մեկը` նախ ԱԱԾ-ն, հետո ՆԳՆ-ն, նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանն էլ այդ տարիներին սովորական մարդուց վերածվեց մեծահարուստի, ոմանց գնահատմամբ` անգամ մուլտիմիլիարդատիրոջ: Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի փեսային` Միքայել Մինասյանին, ով, ըստ նրա, փեսա դառնալուց հետո հարստացավ: