Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` հունիսի 27-ին, լրանում է 222 տարի այն օրից, երբ Ուկրաինայում սկսեցին նշել Հայկական Աստվածամոր սրբապատկերի տոնը: Կամենեց-Պոդոլսկի հայկական եկեղեցու Աստվածածնի սրբապատկերը, որը ներկայումս պահվում է Կիեւի Բոգդան եւ Վառվառա Խանենկոների անվան արվեստների թանգարանում, Ուկրաինայի հայ համայնքի ամենապատվելի սրբություններից է:
Հայտնի է, որ Հայկական Աստվածամոր սրբապատկերը հավասարապես երկրպագվել է հայերի, լեհերի եւ ռուսների կողմից: Պատմաբան Յու. Ռոլեն գրում է, որ այն Կամենեցում է հայտնվել Խերսոնեսից (Ստավրոպոլ) դեռեւս 14-րդ դարում: Իսկ լեհ գիտնական Յացեկ Խժոնչեւսկին, հենվելով հայկական աղբյուրների վրա, գրում է, որ սրբապատկերը Ղրիմ է բերվել 10-րդ դարում Հայաստանի մայրաքաղաք Անիից:
Ըստ պատմական աղբյուրների` սրբապատկերը Կամենեց-Պոդոլսկի Սբ Նիկողայոս հայկական եկեղեցում է եղել մինչեւ 1672 թվականը: Թուրքական արշավանքների ժամանակ թուրքերն այն տարել են Մակեդոնիա, որտեղ էլ այն պատահաբար տեսել են հայ առեւտրականներն ու գնել այն: 1700-ին թուրքերից Կամենեցն ազատագրելուց հետո սրբապատկերը հանդիսավորությամբ բերել են քաղաք, իսկ 1791 թվականին արքեպիսկպոս Թումանովիչի հրամանով հունիսի 27-ը հռչակվել է Հայկական Աստվածամոր սրբապատկերի օր: